Երեկ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում մի շարք հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել են հանրապետությունում գազասպառման համակարգերի ներտնային սպասարկման պարագայում ծագող խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին առնչվող հարցերը: «ՀայՌուսգազարդի» գլխավոր ինժեներ Աշոտ Հովսեփյանի տեղեկացմամբ` գազասպառման ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկումը 2007թ. առաջին կիսամյակում իրականացվել է «ՀայՌուսգազարդի» տարածքային մասնաճյուղերի կողմից, իսկ 2007թ. հուլիսից նշված ծառայությունները «ՀայՌուսգազարդի» հետ համապատասխան պայմանագրով իրականացնում է «Էյ-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ն: «Էյ-Ջի-Սերվիսի» տնօրեն Սամվել Մհերյանի խոսքով` ՀՀ տարածքում ներկայումս գործում է ընկերության` գազասպառման տեխնիկական համակարգերի սպասարկման 17 ծառայություն եւ 44 տեղամաս: Ընկերությունն իրականացնում է շուրջ 530.000 բաժանորդների ներտնային գազասպառման համակարգերի սպասարկում: Այս տարվա մայիսի 1-ի դրությամբ, ըստ Ս. Մհերյանի, ընկերությունն իրականացրել է 361.59 ստուգայց: Սպասարկվել է 313.946 բաժանորդ, 47.113 բաժանորդ չի սպասարկվել փակ դռների պատճառով: Կատարված ստուգայցերի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել է տեխնիկական անվտանգության գծով առկա թերությունների արձանագրման 65.364 ակտ: 2008թ. մայիսի 1-ի դրությամբ սպասարկվել է կենցաղային գազասպառման՝ 1293 եւ ոչ կենցաղային նպատակներով գազասպառման 876 օբյեկտ: Անդրադառնալով ներտնային սպասարկման վերաբերյալ բնակիչ-բաժանորդներից ստացվող բողոքներին` Ս. Մհերյանը նշեց, որ դժգոհությունները հիմնականում կապված են լինում սպասարկման համար կատարվող վճարումների հետ: Բնակիչները հաճախ դժգոհում են, որ եթե տեսուչները մի քանի րոպեում պարզապես զննում են տեխնիկական անվտանգության հարցերը, ապա իրենք պարտավոր չեն վճարել սպասարկման համար: Սակայն, ըստ մասնագետների, այդ վճարումները հաշվարկված են միջին գներով եւ պարտադիր են, քանի որ ընկերությունը ներտնային սպասարկման ժամանակ բավականին մեծ ծախսեր է անում, բացի այդ` երբեմն նույն բնակարանում մի քանի արտապլանային այցերի իրականացման անհրաժեշտություն է ծագում: Ի դեպ, ըստ Ս. Մհերյանի, օրական շուրջ 1000 արտապլանային կանչ է գրանցվում: Ընկերության տնօրենի հավաստմամբ` առաջիկայում հեռուստատեսությամբ տեսահոլովակներ կցուցադրվեն, որոնցում կներկայացվի, թե տեսուչները ներտնային ստուգայցերի ընթացքում ինչ աշխատանքներ են պարտավոր իրականացնել եւ սպասարկման ժամանակ ինչ իրավասություններ ունեն: Նրա խոսքով` գազասպառման համակարգերի անվտանգ օգտագործման համար «Էյ-Ջի-Սերվիսի» կողմից կիրականացվեն այդ համակարգերի անվճար տեղադրման եւ ապամոնտաժման աշխատանքներ: