Քաղաքաշինական խնդիրներ

06/06/2008

«ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը կարեւորում է անօթեւան ընտանիքներին բնակարաններով ապահովման ծրագիրը, կրթական եւ մշակութային օբյեկտների կառուցումն ու հիմնանորոգումը, լիցենզավորման դաշտի հստակեցումը եւ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցումը»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը; Ըստ նրա` լուրջ խնդիրներ կան հատկապես բնակարանային շինարարության բնագավառում, ուստի ՀՀ նախագահի հանձնարարականով` մշակվել է հայեցակարգ, որն անդրադառնում է հիմնականում աղետի գոտու ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը: «Հայեցակարգը լուրջ փաստաթուղթ է: Դրանով նախատեսվում է մինչեւ 2013թ. աղետի գոտու բոլոր անօթեւան ընտանիքներին ապահովել բնակարաններով»,- նշել է նախարարը` հավելելով, թե արդեն իսկ այդ ուղղությամբ իրականացվել են մանրակրկիտ ուսումնասիրություններ: Ըստ ուսումնասիրությունների` ՀՀ-ում հաշվառված է 6985 անօթեւան ընտանիք, որից 4406-ը` քաղաքային բնակավայրերում, այդ թվում` 4002-ը` Գյումրիում: Վ. Վարդանյանը կարեւորել է նաեւ բնակարանների գնման վկայագրերի հատկացումը` ընդգծելով, որ ծրագրին այս տարվա ՀՀ պետբյուջեից 1 մլրդ 630 մլն դրամ է հատկացվել: Եվս 500 մլն դրամ տրամադրվել է լրացուցիչ` հաշվի առնելով որոշ համայնքներում բնակարանների գների բարձրացումը: Պետական հատկացումներով ներկայումս շինաշխատանքներ են ընթանում հանրապետության 284 օբյեկտներում: Դրանցից 232-ը կրթական հիմնարկներ են, որոնցից ընդամենը 44-ն են գտնվում Երեւանում:

Ըստ Վ. Վարդանյանի` Քաղաքաշինության նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանն առաջիկա ամիսներին ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացնեն նախագիծ, որով կառաջարկվի լուծել Երեւանի բակերում կառուցված ապօրինի շինությունների եւ ավտոտնակների հարցը, ստեղծել նոր կանաչ տարածքներ եւ վերակառուցել բակերը:

«Քաղաքաշինության նախարարությունը կարեւորում է նաեւ շինաշխատանքների համար անցկացվող մրցույթների թափանցիկությունը եւ այդ գործում համապատասխան կադրերով հագեցած ընկերությունների ընդգրկումը»,- ասել է նախարարը` հավելելով, թե Գնումների պետական գործակալությունն այսօր ի վիճակ չէ տեղում ստուգել` մրցույթներին մասնակցող կազմակերպություններն ունե՞ն համապատասխան կադրեր, թե՞ ոչ: Ըստ նրա` դա բացահայտվում է մրցույթների անցկացումից հետո միայն: «Օրինակ` մրցույթներում հաղթող ճանաչված 2 կազմակերպություն նախորդ շաբաթ զրկվել է լիցենզիայից»,- ասել է Քաղաքաշինության նախարարը: Վերջինիս փոխանցմամբ` նախարարության պետական տեսչության կողմից 2007թ. եւ այս տարի իրականացված 4803 ստուգումների արդյունքում պարզվել է, որ շինհրապարակների 54 տոկոսում շինարարության վերահսկողության գործընթացը համապատասխան կադրերի կողմից չի վերահսկվում: Իսկ թե շինաշխատանքների ընթացքում խախտվո՞ւմ են սեյմակայունության նորմերը, թե՞ ոչ, ըստ Վ. Վարդանյանի` նախարարությունում հստակ տվյալներ չկան:

Վ. Վարդանյանի տեղեկացմամբ` ՀՀ նախագահի հանձնարարականով շահագրգիռ գերատեսչություններն այժմ քննարկումներ են իրականացնում` օգնելու հատկապես պետբյուջեի հատկացումներով աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպություններին, որպեսզի շինանյութերի գների կտրուկ բարձրացումը բացասաբար չանդրադառնա աշխատանքների որակի վրա: Նա վստահեցրել է, որ առաջիկա 15 օրերին այդ հարցին լուծում կտրվի: Ի դեպ, Վ. Վարդանյանի տեղեկացմամբ` առաջիկայում ՀՀ կառավարությունը Գյումրիում անօթեւանների բնակարանների խնդիրների լուծմանն ուղղված նիստ կգումարի: