Տարեկան 11 տոկոս միջին ա՞ճ

06/06/2008

«Հինգ տարվա ընթացքում Թուրքիայի Petkim նավթաքիմիական մայր ընկերության զարգացման բնագավառում նախատեսվում է ներդնել շուրջ 20 միլիարդ դոլար»,- ասել է Թուրքիայի PAGEV ընկերության ղեկավար Սելջուկ Աքսոյը: PAGEV-ը Թուրքիայում պլաստիկե արտադրանքի հետազոտությունների, զարգացման եւ արտադրողների ուսուցման մարմին է: Աքսոյը նշել է, որ տեխնոլոգիական եւ առեւտրական տեսակետից Petkim-ը նեցուկ է դարձել Թուրքիայի պլաստիկային հատվածի համար: «Բայց այն պատճառով, որ մենք չենք կարող լիովին բավարարել այսօրվա պահանջմունքները, այս հատվածում պայմաններ են անհրաժեշտ լուրջ մրցակցության համար: Նավթաքիմիական մայր ընկերության սեփականաշնորհումը կարագացնի աշխատանքը թե՛ Petkim-ում եւ թե՛ պլաստիկե արտադրանքի արտադրության հատվածում»,- ասել է Աքսոյը:

Թուրքիայի Սեփականաշնորհման վարչության ղեկավար Մեթին Քիլչին ասել է, որ երկրի նավթաքիմիական հատվածը, որը ներկայումս կազմում է 7 միլիարդ դոլար, մինչեւ 2015 թվականը կաճի մինչեւ 15 միլիարդ դոլար՝ տարեկան 11 տոկոս միջին աճով: Քիլչին, որը նշել է, թե Petkim-ը կարող է բավարարել պահանջարկի միայն 28 տոկոսը, ընդգծել է, որ եթե մինչեւ 2010 թվականը բավականաչափ ներդրումներ չկատարվեն, շուկայում Petkim-ի բաժինը կարող է նվազել մինչեւ 14 տոկոս: «Այսպես թե այնպես, մեր երկիրը ստիպված կլինի մինչեւ 2015 թվականը տարեկան ներմուծել 10 միլիարդ դոլարի նավթաքիմիական արտադրանք»,- ասել է Քիլչին: Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Թուրքիայում կայացել է երկրի Petkim նավթաքիմիական մայր ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսի հանձնման արարողությունը, որը ձեռք է բերել SOCAR (Ադրբեջանի պետնավթընկերություն) /Turcas Petrol/ Injaz Projects ընկերությունների դաշինքը: Դաշինքը մայր ընկերության բաժնետոմսերի 51-տոկոսանոց փաթեթը ձեռք է բերել 2,04 միլիարդ դոլարով: Ձեռնարկության բազայի վրա կկառուցվի ածխով եւ գազով աշխատող երկու էլեկտրակայան: SOCAR /Turcas/ Injaz-ի ներդրումները Petkim-ի արտադրական կարողությունների արդիականացման բնագավառում այս ձեռնարկության բաժինը Թուրքիայի շուկայում ներկայիս 27 տոկոսից կավելացնեն մինչեւ 40 տոկոս: Այժմ Թուրքիան ներմուծում է անհրաժեշտ քիմիական արտադրանքի մինչեւ 75 տոկոսը, իսկ Petkim-ի զարգացման բնագավառում SOCAR /Turcas/ Injaz-ի ներդրումները թույլ կտան արտադրանքի ներմուծումը նվազեցնել մինչեւ 30 տոկոս: Թուրքիայի շուկայում քիմիական արտադրանքի պահանջարկի աճը տարեկան կազմում է մինչեւ 12 տոկոս: