Ներկայումս չեն սպառնում

06/06/2008

Արագածոտնի մարզի անասնապահությանը ներկայումս վարակիչ հիվանդությունները չեն սպառնում: Դա արդյունք է այն միջոցառումների, որ իրականացվում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության եւ Մարզային անասնաբուժական տեսչության հետ համատեղ: Հակահամաճարակային ծրագրի շրջանակներում պետպատվերով պրոֆիլակտիկ պատվաստումներ են կատարվում: Գործընթացին կարեւորություն տրվեց հատկապես այն բանից հետո, երբ անցյալ տարի մարզում արձանագրվեցին ժանտախտ եւ դաբաղ հիվանդությունների դեպքեր: Միայն Սասունիկում այդ պատճառով հարկադիր մորթի ենթարկվեց եւ ոչնչացվեց 40 գլուխ խոզ: Մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրի Ազատյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ բուժպրոֆիլակտիկ աշխատանքները մարզում ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, համաձայն որի՝ սիբիրախտի, ժանտախտի, դաբաղի եւ այլ հիվանդությունների դեմ կենդանիների վերջին պատվաստումները կատարվել են մայիսին: Անասնապահությունն, ընդհանրապես, մարզի տնտեսության մեջ կարեւոր նշանակություն ունի: Ավելի քան 30 համայնքում 73 ֆերմերային խոշոր տնտեսություններ են գործում: Դրանք զբաղվում են 3518 գլուխ խոշոր եղջերավոր, 5200 գլուխ մանր եղջերավոր, եւ 200 գլուխ խոզերի բուծմամբ: Իսկ անասնագլխաքանակի ամբողջական ծավալը թույլ է տալիս, որպեսզի մսամթերքի եւ կաթնամթերքի արտադրանքի պահանջարկը մարզում բավարարվի սեփական հնարավորություններով: Վերջին մեկ տարվա տվյալներով՝ մարզում արտադրվել է շուրջ 64 հազար տոննա կաթ, 4400 տոննա տավարի, 625 տոննա ոչխարի, 160 տոննա խոզի, 118 տոննա թռչնի միս: