Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրաժարականը քննական այս թեժ շրջանում դիմորդների եւ նրանց ծնողների համար մտահոգությունների տեղիք է տվել: Ո՞վ է պատասխանատու լինելու քննությունների շրջանում նկատված թերությունների, բացթողումների եւ հնարավոր այլ խնդիրների համար: Ոլորտի գլխավոր պատասխանատուն, ով այս ընթացքում հետեւել ու համապատասխան հրահանգներ է տվել դրանց վերաբերյալ, այժմ չկա, նորը նշանակված է, բայց հնի հնարավոր սխալների համար պատասխանատվություն կվերցնի՞ իր վրա: Այս կապակցությամբ «Panorama»-ի թղթակցին պարզաբանումներ է տվել ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Գալստյանը: «Թե որքանով էր ճիշտ կամ սխալ նախարարի հրաժարականը, ես չեմ կարող պատասխանել, դա քաղաքական քայլ է՝ կապված նախկին նախարարների` ՀՅԴ Բյուրոյին անդամագրվելու հետ, այդ հարցին արդեն նախկին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը մի քանի անգամ պատասխանել է նաեւ ծնողների հետ հանդիպման ժամանակ»,- ասել է Լ. Գալստյանը: Ըստ նրա, անձի փոփոխությունը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ տվյալ համակարգի առանձին մեխանիզմների վրա, ընդունելության քննությունների կազմակերպմամբ եւ անցկացմամբ զբաղվում է Գիտելիքի գնահատման եւ թեստավորման կենտրոնը, որն առանձին կառույց է, եւ Լ. Գալստյանի խոսքով` «նախարարը որեւէ ազդեցություն չունի այդ կենտրոնի գործունեության վրա»:
«Ճիշտն ասած, ծնողների շրջանում մենք էլ ենք անհանգստության նոտա նկատել, բայց անհանգստանալու կարիք չկա, կարեւորը ոչ թե նախարարի անձն է, այլ համակարգի գործունեության ապահովումը, ինչը դրական է՝ անկախ քաղաքական կուրսի փոփոխությունից»,- նշել է ԿԳ նախարարի մամուլի քարտուղարը: Նա վստահեցրել է, որ ընդունելության քննությունների ընթացքում ոչ մի փոփոխություն չի լինի, «եւ՛ ծնողները, եւ՛ դիմորդները աստիճանաբար կհասկանան, որ մտահոգվելու կարիք չկա»: Ի դեպ, երեկ այս թեմային անդրադարձել է նաեւ ՀՅԴ-ական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը: Վերջինս երեկվա ասուլիսում նշել է, թե «ճահճացում էր տեղի ունենում» եւ Դաշնակցությունը, համահայկական եւ հայակենտրոն կառույց լինելով, շատ լուրջ փորձառու, պետական-քաղաքական գործիչների անդամագրեց Բյուրոյի կազմի մեջ: Նա նաեւ ավելացրել է, որ պետք է ասպարեզը զիջել երիտասարդ կադրերին, եւ նախկին նախարարների փորձառությունը կօգնի նորանշանակ նախարարներին՝ ոլորտը շատ ավելի շուտ յուրացնելու եւ ավելի թարմ ու նոր բաներ բերելու։ «Միայն լավ բան եմ տեսնում, եւ լավ ապացույց, որ Դաշնակցությունն ինտելեկտուալ քաղց չի զգում»,- ասել է Ա. Պետրոսյանը` նկատելով, որ նորանշանակ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը «սարսափելի մշակութասեր եւ բացառիկ ինտելեկտի տեր մարդ է»: