Թաիլանդի Ռեգենտների դպրոցն արդեն երրորդ տարին կրթաթոշակ է հատկացնում հայաստանցի աշակերտներին: Դպրոցում այժմ սովորում է 16 հայազգի աշակերտ, որոնց տրվում է կրթաթոշակի 90 տոկոսը:
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանի հավաստմամբ` դպրոցում սովորում են բարձր առաջադիմությամբ երեխաներ, ովքեր հետագայում հնարավորություն են ունենում շարունակել ուսումը շատ հեղինակավոր համալսարաններում` Օքսֆորդի, Քեմբրիջի, Սթենֆորդի եւ այլ բուհերում: «Մեր նպատակն է, որ Հայաստանում եւս ստեղծվի միջազգային դպրոցների ցանցին մասնակից դպրոց, որտեղ սովորելու հնարավորություն կունենան հայազգի շատ աշակերտներ: Դա կնպաստի նաեւ հանրապետությունում հանրակրթության մակարդակի բարձրացմանը»,- երեկվա ասուլիսում ասաց փոխնախարարը:
Միջազգային դպրոցի հիմնադիր-նախագահ Վիրաչայ Թեչավիջիթի համոզմամբ, ցանկացած երկիր իր համար առաջնորդներ է փնտրում, ովքեր պետք է լավ պատրաստված լինեն ոչ միայն մասնագիտական առումով, այլեւ` հոգեբանորեն ու բարոյապես: «Մեր դպրոցում ծրագիրն այնպիսին է, որ պատրաստում ենք ոչ միայն մասնագիտական կրթությամբ արդեն մեծ ներուժ ունեցող դիմորդների, այլեւ սոցիալական, քաղաքական ու դիվանագիտական հմտություններ ենք սովորեցնում»,- ասաց նա: Վ.Թեչավիջիթի խոսքով, դպրոցում սովորում են շատ հայտնի քաղաքական գործիչների, դիվանագետների երեխաներ, այժմ ուսանում է նաեւ Մեծ Բրիտանիայի արքայազններից մեկը, իսկ ուսանելու տարիները լավագույն միջոցն են աշխարհում լավ ընկերներ ունենալու համար: «Դպրոցում սովորած հայաստանցի բիզնեսմենն իր գործունեության ծավալման համար կարող է համագործակցել նաեւ նույն դպրոցի իր այլազգի ընկերոջ հետ, եւ հավատացած եմ, որ արդյունքները դրական կլինեն»,- ասաց նա:
Հայաստանում դպրոցի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ Երեւանում մրցույթը բաղկացած էր երկու փուլից. առաջինում դիմողները քննություն են հանձնում անգլերենից եւ մաթեմատիկայից, որոնց արդյունքները ստուգվում են Թաիլանդում: Երկրորդ փուլը հարցազրույցն է, որն անցկացնում է հենց հիմնադիր-նախագահը: Այս տարի մրցույթի մասնակիցներից 24-ը հաղթահարել է առաջին փուլը: Առջեւում նախագահի հետ հարցազրույցն է: Ուսումնառությունը միջազգային դպրոցում 16 տարեկանների համար՝ երկու տարի է` բակալավրի համակարգով, իսկ 14 տարեկանների համար՝ 4 տարի: Կրթաթոշակի 10 տոկոսը, որը վճարում է դիմորդը, կազմում է տարեկան 2000 ԱՄՆ դոլար, որը հիմնականում ուղղված է կեցության ծախսերին:
Թաիլանդի միջազգային դպրոցի ցանցը բաղկացած է 60 առաջադեմ դպրոցներից: Ուսուցումը կատարվում է Մեծ Բրիտանիայի կրթական ծրագրով, եւ շնորհվում են IGCSE, IB եւ A աստիճանի որակավորումներ: Ռեգենտի դպրոցի 2 ուսանողական քաղաք-ավաններում սովորում են մոտ 40 ազգության երեխաներ, որոնց 85 տոկոսը եվրոպացիներ են: