Ատամների ու բերանի խոռոչի հիվանդություններ (պարոդոնտա)

06/06/2008 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Պարոդոնտա հիվանդությունները դասվում են ստոմատոլոգիական ամենատարածված հիվանդությունների շարքին եւ հանդիպում են երեխաների 80 տոկոսի ու գրեթե բոլոր մեծերի մոտ: Եվ այս հիվանդությունների մասին ավելին իմանալու համար զրուցեցինք «Լիդեր» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ Ժանետա Գրիգորյանի հետ: Նա մանրամասն խոսեց այդ հիվանդությունների հնարավոր բարդությունների մասին:

Պարոդոնտա հիվանդությունների առաջացմանը նպաստում են վնասվածքները, ատամնափառը, ատամնաքարերը, անհաջող պլոմբներն ու պրոտեզները, բերանի խոռոչի հիգիենիկ վիճակը, վիտամինների պակասը, նյարդային համակարգը, ալերգիկ ռեակցիաներն ու ցածր դիմադրողականությունը: Այս հիվանդություններից, թերեւս, ամենատարածվածն ու գրեթե բոլորի մոտ հանդիպողը կարիեսն է: Կարիեսի առաջացման պատճառն օրգանական եւ անօրգանական թթուների ազդեցությունից էմալի քայքայումն է, որից հետո սկսում է քայքայվել դենտինը: Եթե ժամանակին չսկսենք կարիեսի բուժումը, ապա կսկսի քայքայվել նաեւ պուլպան, որն էլ կառաջացնի սարսափելի ցավ: Բերանում թթվային միջավայր ստեղծվում է քաղցր եւ օսլա պարունակող սնունդն ուտելու ընթացքում առաջացած բակտերիաների պատճառով: Որպեսզի խուսափենք կարիեսից, պետք է բերանում պահպանել հիմնային միջավայր, յուրաքանչյուր սնունդ ընդունելուց հետո մաքրել ատամները կամ գոնե ժամանակին դիմել բժշկի: Կարիեսը ժամանակին չվերացնելու հետեւանքով առաջանում է պուլպիտ: Կարելի է ասել` այն ամբողջապես ատամը քայքայելու էտապն է: Այս էտապում կարիեսային խոռոչներից միկրոօրգանիզմներն ու դրանց թույները ներխուժում են ատամի խոռոչը` պուլպան, որտեղ էլ գտնվում են անոթներն ու ներվերը, իսկ դրա բորբոքումից առաջանում է պուլպիտ: Պուլպիտը բուժելու համար հաճախ հեռացնում են ներվը, պլոմբում ատամը: Պուլպիտին հատուկ են սուր նոպայանման գիշերային ցավերը: Այն չբուժելու դեպքում ժամանակի ընթացքում պուլպայի հյուսվածքները մահանում են ու ցավը նահանջում է, բայց այս անգամ արդեն ինֆեկցիան տարածվում է դեպի արմատները: Փաստորեն, կարիեսին ու պուլպիտին հաջորդում է պերիոդոնտիտը: Պերիոդոնտիտի արդյունքում ատամն ու լինդը, կարելի է ասել, հեռանում են միմյանցից: Չբուժվելու դեպքում, մի քանի տարի հետո ատամն անպայման ենթակա կլինի հեռացման: Իսկ նման դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է հետեւել ատամների առողջությանը:

– Իսկ ինչո՞ւ են ատամները փառակալում:

– Այն, որ առողջ ատամները պետք է սպիտակ լինեն, այնքան էլ այդպես չէ: Առողջ ատամները կարող են լինել սպիտակի տարբեր երանգներով: Շատերի մոտ ատամները կարող են լինել համեմատաբար մուգ գույնի եւ տարիքի հետ է՛լ ավելի մգանալ: Գոյություն ունի ատամների 2 տիպի մգացում` ներսից եւ արտաքին շերտից: Ներքին մգացումը կարող է, օրինակ, օրգանիզմում ֆտորի քանակի ավելցուկի հետեւանքով լինել: Իսկ արտաքինից ատամի գույնը կարող է մգանալ մի քանի մթերքի տեսակների չարաշահումից, օրինակ՝ սուրճից, ու նաեւ ծխելու հետեւանքով: Եթե այս տեսակի փառ է առաջանում, ապա այն միայն կարող է մաքրել մասնագետը: Նման արդյունք երեխաների մոտ հնարավոր է մարսողության համակարգի խնդիրների դեպքում:

– Ո՞ր տարիքում կարելի է սկսել մաքրել ատամներն ու ե՞րբ առաջին անգամ դիմել ատամնաբույժի:

– Ատամները պետք է մաքրել առաջին իսկ կտրիչների ի հայտ գալուց հետո` յոթ-ութ ամսականում, բայց շատ զգույշ, իհարկե, ոչ խոզանակով, որպեսզի հանկարծ չվնասվեն երեխայի նուրբ լնդերը:

– Մաստակն օգտակա՞ր է, թե՞ վնասակար ատամների համար:

– Դեռեւս 20 տարի առաջ կարծիք կար, որ մաստակից կարող է պոկվել պլոմբը: Իրականում որակով պլոմբը չի պոկվի ոչ մի մաստակ ծամելու արդյունքում: Ավելին` մաստակը կարող է մաքրել բերանի խոռոչը կերակրի մնացորդներից, ինչն օգնում է խուսափել կարիեսից, բայց այն ոչ փրկում է, ոչ էլ` բուժում, ինչպես գովազդներում է ներկայացվում: Այնպես որ` մաստակ պետք է օգտագործել, բայց չափավոր եւ ոչ թե օր ու գիշեր:

– Իսկ ինչպե՞ս պետք է ընտրել ատամի խոզանակն ու մածուկը:

– Ատամի խոզանակ ընտրելիս պետք է հաշվի առնել, որ խոզանակի մազմզուկները լինեն արհեստական եւ ոչ` բնական, որովհետեւ ցանկացած բնական մազ իր վրա հավաքում է շատ բակտերիաներ, իսկ արհեստական մազը հարթ է, եւ նրա վրայից մաքրվում է ցանկացած աղտ: Խոզանակի մազմզուկները պետք է լինեն տարբեր երկարության. այդ դեպքում խոզանակի համար բերանում անհասանելի տեղեր քիչ են մնում: Եվ անպայման ատամները լվանալուց հետո խոզանակը պետք է լվանալ տաք ջրով ու օճառով, ոչ ոք այս մասին չգիտի, կամ գիտի, բայց երբեք չի անում: Այսօր շուկան առաջարկում է ատամի մածուկի բազմաքանակ տեսակներ, բայց անպայման պետք է գնել այն մածուկը, որի մեջ ֆտորի պարունակություն կա, որովհետեւ ատամների համար, կարելի է ասել, այն ամենակարեւոր բաղադրիչն է: Առհասարակ լինում են հիգիենիկ եւ բուժիչ-պրոֆիլակտիկ մածուկների տեսակներ: Հիգիենիկ մածուկները կարող են օգտագործվել ըստ ճաշակի ու ցանկության, իսկ բուժիչ մածուկները, որոնք պատրաստված են յուղային հիմքի վրա կամ ունեն ֆտորի, ֆոսֆատի եւ այլ էլեմենտների լրացումներ, նշանակվում են միայն բժշկի կողմից` կախված ախտահարման վիճակից: Իհարկե, այս մածուկները հիմնականում այնքան էլ համի ու հոտի տեսակետից լավը չեն, որքան սովորական մածուկները:

– Ինչպե՞ս ճիշտ մաքրել ատամները:

– Ատամները պետք է մաքրել ամենաքիչը օրվա մեջ 2 անգամ: Չարժե շատ ժամանակ տրամադրել ատամի մածուկի ընտրության համար: Իսկ ահա խոզանակը պետք է ճիշտ ընտրել: Ատամները պետք է սկսել մաքրել խոզանակի ուղղահայաց շարժումներով` ատամի արմատից դեպի ծայրը, գոնե 10 շարժում ներսի կողմից, նույնքան էլ՝ դրսից: Մաքրելուց հետո չարժե շատ ողողել բերանը, որովհետեւ մեծ քանակությամբ ջուրն ամբողջությամբ մաքրում է ֆտորը, որը շատ օգտակար է ատամներին: