ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ Բաքվում ելույթ ունենալով «Կասպից ծովի նավթը, գազը, նավթավերամշակումն ու նավթաքիմիան» միջազգային խորհրդաժողովում, նշել է, որ այս տարին Ադրբեջանի համար կարեւոր է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակման տեսանկյունից: Ըստ նրա` Սանկտ Պետերբուրգում Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ նախատեսված հանդիպման նպատակն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ծանոթանալուն եւ նրանց միջեւ վստահության մթնոլորտ ստեղծելուն աջակցելն է: «Ինչ վերաբերում է ԼՂՀ-ին, ապա այդ ուղղությամբ շատ բանավեճեր են ընթանում այն բանի շուրջ, թե ԱՄՆ-ը եւ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրներն ինչպես են վերաբերվում այդ հարցին՝ ճանաչո՞ւմ են նրանք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թե՞ ոչ: Որպես իրավական սկզբունք՝ մենք ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը: Բայց այնտեղ կան մի քանի քաղաքական ասպեկտներ, որոնք իրավական չեն հանդիսանում»,- ասել է Բրայզան: Ըստ նրա՝ «այդ սկզբունքներն իրենց լուծումը պետք է գտնեն այս տարի»: «Խոսքը փոխզիջման գնալու մասին չէ, այլ այն մասին, որ առաջարկվի լուծման սեփական ուղին եւ շփման կետեր գտնվեն հաղորդակցվելու համար»,- ընդգծել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: