Հրաժարվելու են մանդատներից

06/06/2008

Վրաստանի Միավորված ընդդիմության ազգային խորհուրդը որոշել է հունիսի 10-ին՝ խորհրդարանի նիստի առաջին օրը, բողոքի խաղաղ ակցիա անցկացնել օրենսդիր մարմնի շենքի առջեւ: «Ակցիայի նպատակը խորհրդարանի աշխատանքը թույլ չտալն է, եւ որպեսզի բնակչությունը տեսնի պատգամավորներին, որոնք անցնելու են խայտառակության միջանցքով»,- ասել է ընդդիմության ղեկավարներից մեկը՝ Էկա Բեսելիան: Ազգային խորհրդի մեկ այլ առաջնորդ՝ Իրակլի Մելաշվիլին էլ հայտարարել է, թե խորհրդարանի առաջին նիստին պետք է մասնակցեն նաեւ ընդդիմությունից ընտրված պատգամավորները: «Նրանք պետք է ներկայանան նիստին, ստանան մանդատները եւ հետո հրաժարվեն դրանցից»,- ասել է նա: Մինչդեռ ընդդիմության առավել արմատական ղեկավարները չեն բացառում իրադարձությունների այլ զարգացում: «Մենք մտադիր ենք խաղաղ ակցիա անցկացնել, բայց ամեն ինչ կախված Է ժողովրդից, որը հավաքվելու է խորհրդարանի շենքի մոտ»,- հայտարարել է Ժողովրդի կուսակցության ղեկավար Կոբա Դավիթաշվիլին: