«Շնորհակալ եմ, որ անցել եմ բոլոր ճանապարհներով»

06/06/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Դերասան, թատերական ռեժիսոր եւ երաժիշտ Նարեկ Դուրյանը զարմանալի ճակատագրի տեր մարդ է։ Նա իր կյանքում երեք՝ իրարից խիստ տարբեր քաղաքական իրավիճակներում է ապրել՝ հայտնվելով երեք տարբեր երկրների խաչմերուկում։ Եվ կարծես թե միշտ ամեն բան սկսել է զրոյից։ Լեզուն, մարդկային փոխհարաբերություններն ու արվեստի ընկալումները Փարիզում ապրող Նարեկ Դուրյանի համար շրջադարձային նշանակություն են ունեցել։ Խորհրդային Հայաստանը Նարեկ Դուրյանը լքել է երիտասարդ տարիքում։ Ինչպես ինքն է ասում, գնացել է՝ չիմանալով՝ թե ուր է գնում՝ իր հետ վերցնելով փոքրիկ ճամպրուկ, որտեղ ատամի խոզանակ, երկու շապիկ ու Շեքսպիրի սոնետների գիրքն էր։ Հանրահռչակ ու հանճարեղ դիրիժոր Օհան Դուրյանի զավակը լինելը շատ պարտավորեցնող եւ միաժամանակ հետեւանքներով լի կարող էր լինել Թատերական ինստիտուտի ուսանող Նարեկ Դուրյանի համար, քանի որ սովետական՝ մսաղացի նման աշխատող համակարգում Օհան Դուրյանի վառ անհատականությունը, մեղմ ասած՝ անցանկալի էր։

18 տարեկանում հայտնվելով Եվրոպայում՝ Նարեկ Դուրյանը փորձել է հաստատվել որպես դերասան, եւ այժմ նա իր սեփական՝ «Բոհեմ» անվանումն ունեցող թատրոնի հիմնադիրն է։ Կարծես թե կյանքը դասավորվել է։ Բայց նա կրկին որոշել է շեղել իր ուղին։ Եվ եկել է Արցախ։ Մեկ տարուց ավելի է, ինչ նա փորձում է «ոտքի կանգնեցնել» Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնը եւ ուզում է թատերախմբի անդամներին պահանջված մարդկանց սանդղակում տեսնել։ Իր համար ամենամեծ պարգեւը նա համարում է արցախցի դերասանների հյուրախաղերը Փարիզում։ Նա չի կարողանում մոռանալ այն ոգեւորությունը, որը վերապրեցին պատերազմ, կորուստ ու ցավ տեսած արցախցի դերասանները՝ ելույթ ունենալով փարիզյան բեմում ու շփվելով իրենց ֆրանսիացի կոլեգաների հետ։

Հայրենիքի գաղափարը Նարեկ Դուրյանի համար շատ հստակ ուրվագիծ ունի։ Հայրենիքը պոետիկ ու վերացական մի վայր չէ, այլ՝ ընդհակառակը, շատ կոնկրետ ու ամենօրյա աշխատանք պահանջող հասկացություն է։ Նա դա իր մաշկի վրա է զգացել, ու թեեւ իր կյանքի մեծ մասն արտասահմանում է անցկացրել, չի դարձել «սփյուռքահայ», այլ՝ մնացել է ռուսախոս եւ ֆրանսախոս երեւանցի։ Հայրենիքի մասին մտքերը կան առաջին հայացքից շատ մակերեսային ու թեթեւ «Մորաքույրը Փարիզից» բեմադրության մեջ, որը Նարեկ Դուրյանը բեմադրել եւ ինքն էլ գլխավոր դերում հանդես է եկել Ստեփանակերտի թատրոնի բեմում։ Երեւան-Փարիզ-Ստեփանակերտ շղթայում Նարեկ Դուրյանի համար այս պահին կարեւորը Ստեփանակերտն է։ Ընդ որում՝ ինքն էլ է դժվարանում ասել, թե որն է լինելու իր հաջորդ կանգառը, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ նա անընդհատ շարժման մեջ է, եւ նրա ներուժը կարող է միաժամանակ մի քանի թատրոն աշխատեցնել։ Նա իր էությամբ մարդ-կամուրջ է։ Եվ իրեն բավարարված է զգում միայն այն ժամանակ, երբ կամրջելու բան է գտնում։ Նա ժամանակին շատ երեւանցի դերասանների է օգնել Փարիզում, հիմա էլ երբեք օգնության կարիք ունեցող մարդուն չի մերժում։ Բոլորին հրավիրում էր Փարիզ, հիմա էլ հրավիրում է Ղարաբաղ։ Արագ ոգեւորվող մարդ լինելով՝ Նարեկ Դուրյանն անպայման ցանկանում է իր ոգեւորությունը դիմացինին փոխանցել։ Իսկ նրա պատմածն ու վերհիշածը կարող են մի ամբողջ գրքի նյութ դառնալ, քանի որ նրա կյանքը տարբեր վառ էջերից ու վառ մարդկանց հետ հանդիպումներից է կազմված։

– Աշխարհագրական վայրը փոխելով՝ դու ինքդ է՞լ ես փոխվում։

– Կարծում եմ` ոչ։ Ինչո՞ւ պիտի փոխվեմ, ես նույն երեւանցին եմ, խոսում եմ այնպես, ինչպես բոլոր երեւանցիներն են խոսում։ Պարզապես տարբեր ազգությունների ընկերներ ունեմ ու հաճախ եմ ինքնաթիռում լինում։

– Սովետական ժամանակ ճնշում զգացե՞լ ես։

– Մեր հարազատ՝ հայկական մոտեցումն ինձ փրկեց։ Եթե ես հանկարծ, բախտի բերմամբ, ոչ թե Հայաստանում, այլ՝ Ռուսաստանում հայտնվեի, հաստատ կկորեի։ Ռուսական անվտանգության համակարգը շատ դաժան էր, եւ հաստատ թույլ չէր տա, որ ես հանգիստ ապրեի՝ իմանալով, որ իմ հայրն արտասահմանում է։ Բայց Հայաստանում ինձ միշտ «հասնում» էին, նույն ԿԳԲ-ի աշխատողը, որը պիտի ինձ ու իմ մայրիկի առջեւ խոչընդոտներ դներ, կարող էր իր տան բակում խորոված անել ու բերել մեզ հյուրասիրել։ Չեմ կարող ասել, որ շատ էին ճնշում։ Հիշում եմ, որ 1978 թվականին Լենինգրադում մասնակցեցի դերասանների ու ասմունքողների շատ հեղինակավոր Յախոնտովի անվան մրցույթին ու երկրորդ տեղը զբաղեցրեցի (իսկ համամիութենական մրցույթի դափնեկիր լինելը շատ մեծ բան էր այն ժամանակ)։ Ես ձայնագրություններ պիտի անեի ռադիոյի համար, ինձ միանգամից առաջարկեցին Մոսկվայում սովորել, բայց ԿԳԲ-ի աշխատողներն ինձ հասկացրին, որ եթե Մոսկվա գնամ, ինձ կոչնչացնեն։ Սովետական Միությունն արդեն զորքեր էր մտցրել Աֆղանստան, ու ես գիտեի, որ ինձ ուղարկելու են ծառայելու այդտեղ, եւ ես էլ դժվար վերադառնամ այնտեղից։ Եվ այդպես շատ շտապ զանգահարեցի հայրիկիս, ասացի՝ ինչ ուզում ես՝ արա, բայց ինձ այստեղից դուրս հանիր։ Իսկ այդ ժամանակ մեծ արձագանք ստացավ դիսիդենտ շախմատիստ Կորչնոյի որդու հետ կապված պատմությունը։ Կորչնոյն աղմուկ էր բարձրացրել աշխարհով մեկ՝ ասելով, որ իր տղային երկրից դուրս չեն թողնում ու ոտնահարում են իրավունքները։ Եվ Սովետը որոշեց նրա տղային բաց թողնել, բայց հենց օդակայանում նրան ձերբակալեց՝ ասելով, որ նա չի ծառայել Խորհրդային բանակում ու այդ պատճառով պիտի բանտարկվի։ Իսկ իմ հայրիկն այդ ժամանակ աշխատում էր Ավստրիայի օպերայում ու շատ լավ հարաբերություններ ուներ այդ երկրի կանցլերի հետ։ Երեւի այդ կապի շնորհիվ էլ ինձ 1980 թվականին երկրից բաց թողեցին։ Սովետն ավելի լուրջ հարցեր էր լուծում, օլիպիական խաղեր էր անցկացնում Մոսկվայում, փորձում էր Լեհաստանի բողոքը ճնշել ու ինչ-որ Նարեկ Դուրյանի պատմությանը կարեւորություն չտվեց։ Եվ այդպես երկու օրվա ընթացքում ես երկրից դուրս եկա, նույնիսկ ինստիտուտը չհասցրի ավարտել։

– Խորհրդային «փակ» Հայաստանից դու միանգամից հայտնվեցիր կապիտալիստական Ֆրանսիայում, իսկ հիմա անկախ, բայց չճանաչված Արցախ ես եկել։ Երեւի ինքնակենսագրական ներկայացում պիտի բեմադրես կամ մեմուարների գիրք գրես։

– Իմ վերջին ներկայացումը, որը Փարիզում արեցի, ամբողջովին կառուցված է իմ հիշողությունների ու մտքերի վրա։ Շատ նուրբ համեմատելով դիկտատուրան ու դեմոկրատիան՝ ես ակնարկում էի, որ, վերջիվերջո, դրանք նույն բանն են։ Ներկայացումն ավարտվում է հետեւյալ բառերով. «Պարզվում է, ազատությունը չափվում է մեր վանդակի մեծությամբ»։ Դա իրոք այդպես է, վանդակի չափն է մեր ազատության չափանիշը։ Դիկտատուրան թույլ չէր տալիս ազատ խոսել, բայց եկավ դեմոկրատիան, ու մենք հասկացանք՝ որքան ուզում ես՝ «հաչա», միեւնույն է` քեզ լսող չկա։ Քաղաքական տոտալիտարիզմը պարզապես փոխվեց ֆինանսական տոտալիտարիզմով։ Եթե տոտալիտար համակարգում գործարարին անվանում էին գող, ապա հիմա գողին են անվանում բիզնեսմեն։ Համակարգի ու անհատի փոխհարաբերությունները շատ հետաքրքիր են։ Կարծում եմ, հիմա անհատի վրա նույն ճնշումն է գործադրվում, ինչը կար նախկինում։ Ոչինչ էլ չի փոխվում, միայն ճնշման ձեւերն են փոխվում։ Այդ իմ վերջին ֆրանսիական ներկայացումը, որը անվանել էի «Աստված իմ, շնորհակալություն», վեց ամիս ցուցադրվեց թատրոնում, ու մարդիկ գալիս էին այն դիտելու։ Ես իսկապես շնորհակալ եմ, որ անցել եմ այդ բոլոր ճանապարհներով ու ամեն ինչը տեսել եմ։ Մեր տանը՝ Երեւանում, ես այնքան հանճարեղ մարդկանց եմ հանդիպել, այնքան հետաքրքիր պատմություններ եմ լսել, որ հաստատ այդ բոլորը մի օր պետք է գրի առնեմ։

– Իսկ Փարիզում արված ներկայացումը Երեւանում ցուցադրելու ցանկություն չկա՞։

– Այստեղ այն չի ընդունվի։ Սովետական անցյալը հիմա ոչ մեկին բացարձակապես չի հետաքրքրում, քանի որ բոլորս էլ դրա միջով անցել ենք։ Հետո այնտեղ աջից-ձախից հավաքած տեղեկություններ կան այն մասին, թե ինչպես եկա Փարիզ ու դարձա «բոմժ»։

– Իրականում հենց «բո՞մժ» դարձար։

– Դե, Ավստրիայում ես չէի կարող ապրել, քանի որ դա իմ խառնվածքի երկիր չէր։ Բայց այն ժամանակ իմ ապագան շատ մշուշոտ էր, քանի որ դերասան լինելը դժվար էր, լեզվի խնդիրներ կային։ Փառք Աստծո, որ կար ջազը, որն էլ ինձ փրկեց։ Երեւանում սովորած ջազն ինձ պետք եկավ, ու ես սկսեցի նվագել Եվրոպայի ակումբներում։ Հետո հայրս գնաց աշխատելու Մարսել, ես էլ գնացի նրա հետ։ Հայրս ասում էր, որ Մարսելում ինձ համար լավ կլինի, քանի որ այնտեղ տաքարյուն կորսիկացիներ, հայեր են ապրում։ Հետո արդեն տեղափոխվեցի Փարիզ։

– Ստեփանակերտում արդեն երկու ներկայացում ես բեմադրել, իսկ շարունակություն լինելո՞ւ է, թե՞ Փարիզ ես վերադառնալու։

– Ես շատ կուզեի աշխատել Արցախում։ Ճիշտն ասած, սարսափելի կապվել եմ այստեղի մարդկանց հետ, իմ դերասանների հետ, բայց դեռ չգիտեմ՝ ինչ է լինելու։ Ինձ դեռ աշխատելու պաշտոնական առաջարկ չի եղել։ Շատ ծրագրեր ունեմ, ուզում եմ թատերական ստուդիա բացել, կարող եմ դասախոսներ հրավիրել Փարիզից, Երեւանից։ Պատրաստվում էինք ամռանը հյուրախաղերի մեկնել Պարսկաստան, բայց այստեղ տարօրինակ վերաբերմունք կա։ Ինձանից «նեղացել» էին, երբ իմ հարցազրույցներից մեկում ասել էի, որ թատրոնն այնպիսի վիճակում է, որ նույնիսկ մարդու միզելը չի գալիս։ Այո, բայց իրոք այդպես է։ Թատրոնի շենքը սարսափելի վիճակում է։ Երբ մենք խաղում էինք «Մենք ենք, մեր սարերը» ներկայացումը, ես ստիպված ոտքերս յոթ ծածկոցով էի փաթաթում, քանի որ ոտքերս ցրտից քարանում էին։ Իսկ բեմի վրա կանգնած իմ դերասանների բերանից գոլորշի էր դուրս գալիս։ Այո, պայմաններ չկան, բայց նույնիսկ այդ վիճակում իմ դերասանները խաղում էին։ Իսկ Ղարաբաղի Մշակույթի նախարարը նույնիսկ չբարեհաճեց նրանց մոտենալ, ձեռքը սեղմել ու ասել՝ ապրե՛ք։ Նույնիսկ, եթե նա համարում էր, որ ներկայացումը վատն էր, նա, միեւնույն է` պիտի շնորհակալություն հայտներ դերասաններին, որոնք աշխատում էին ճիշտ այնպես, ինչպես մարդիկ կռվում են ճակատամարտում։ Սխա՞լ եմ ասում։

– Ոչ։ Իսկ եթե շարունակեիր բեմադրել, ի՞նչ պիես բեմ կհանեիր Արցախում։

– Այնքան բան կա, որ կարելի է բեմադրել։ Կարծում եմ, ավելի շատ կատակերգություններ են պետք։ Մեր «Մորաքույրը Փարիզից» ներկայացումն, օրինակ, մենք շատ երկար խաղացինք ու միշտ դահլիճը լիքն էր լինում։ Այս թատրոնում չի կարելի մեծ խաղացանկ ունենալ, քանի որ հանդիսատեսը շատ չի։ Պետք է մի ներկայացում խաղալ այնքան, որքան հանդիսատես է գալիս։ Հետո այդ ներկայացումը մի կողմ դնել ու հաջորդն անել։ Թատրոնի դերասանական կազմն է պետք թարմացնել։ Եթե յոթ-ութ հոգանոց թատերախումբ լինի, այն ավելի մոբիլ ու լավ կաշխատի։ Պարզապես այդ բոլորը ծրագրեր են, որոնք պիտի Ղարաբաղի կառավարությունը ցանկանա անել։ Նա պիտի հասկանա, թե ինչպիսի՞ թատրոն է ուզում ունենալ։ Այս թատրոնում ամեն ինչ պետք է զրոյից սկսել, եւ՛ լույսեր է հարկավոր բերել, եւ՛ դերասաններ պատրաստել։ Եթե ես իմանայի, որ երկար եմ այստեղ աշխատելու, հենց վաղը կարող էի հանգանակություններ հավաքել Փարիզի իմ ընկերներից։ Բայց ես չունեմ երաշխիքներ, որ ես այստեղ պետք եմ։ Կարծես թե ամեն ինչ արվում է, որպեսզի ես «թքեմ» ու Փարիզ վերադառնամ։ Մեկ-մեկ մտածում եմ՝ ի՞նչ եմ այստեղ անում, ընտանիքս ինձանից հեռու է, կինս բողոքում է, որ հազվադեպ ենք հանդիպում, երեխաներիս չեմ տեսնում։ Ես շատ պլաններ ունեմ Փարիզում, որոնք հետաձգել եմ ու Ղարաբաղ եմ եկել։

– Իսկ երեւանյան թատրոններն ի՞նչ տպավորություն են թողնում։

– Ես քիչ եմ լինում Երեւանում ու լավ չգիտեմ բոլոր նորությունները, բայց տեսնում եմ, որ թատրոնները մենապետություններ են դարձել։ Տարիներ շարունակ նույն մարդիկ են ղեկավարում, եւ հիմա էլ ամեն թատրոնի գլխավոր ռեժիսոր իր երեխաներին է ուզում «հանձնել» թատրոնը։ Այդպիսի տպավորություն է, երբ տեսնում եմ, թե ինչ է կատարվում Կամերային թատրոնում, Սունդուկյանի անվան թատրոնում։ Մոտեցումն է սխալ, թատրոնը պիտի ավելի թեթեւ ապրի։ Եթե ներկայացումը հանդիսատես չունի, այն չի կարող ցուցադրվել։ Ես գիտեմ, որ Երեւանում շատ լավ դերասաններ կան, նրանք պիտի հավաքվեն ու անտրեպրիզային ներկայացումներ անեն։ Եթե Երեւանում կոնկրետ ամպլուաներով աշխատող փոքր թատրոնները շատանան, շատ լավ կլինի ու թարմություն կզգացվի։ Մեծ թատրոնները դժվար է աշխատեցնել։ Հիմա փոքր թատրոնների ժամանակն է։ Ֆրանսիայի նման պետությունն, օրինակ, իրեն չի կարող թույլ տալ բոլոր թատրոնները ֆինանսավորել, նա միայն երկու թատրոնի է օգնում։ Թատրոններն իրենք պիտի կարողանան ապրել։ Իսկ դա այդքան էլ բարդ չէ, պարզապես մեզ սովետական մոտեցումն է խանգարում։