Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում կայացել է հայտնի մաթեմատիկոս, գիտության ականավոր գործիչ եւ կազմակերպիչ Սերգեյ Մերգելյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը շնորհավորելով մաթեմատիկոսի 80-ամյակը` ասել է, որ Սերգեյ Մերգելյանի դերը եւ ներդրած ավանդն անգնահատելի է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում:
Ս. Մերգելյանը բնակվում է ԱՄՆ-ում եւ առողջական վատ վիճակի պատճառով չի կարողացել ժամանել Հայաստան եւ մասնակցել իր ծննդյանը նվիրված արարողությանը: ԳԱԱ թղթակից անդամ Վալերի Մարտիրոսյանը ներկայացնելով Սերգեյ Մերգելյանի կենսագրությունը` նշել է, որ Ս. Մերգելյանը Երեւանում հիմնադրել է համամիութենական կարեւորություն ունեցող Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը եւ այն տնօրինել է 1956-60թթ.: Իսկ 1961-71թթ. նա ստեղծել եւ ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Մաթեմատիկական ինստիտուտի Կոմպլեքս անալիզի բաժինը`միաժամանակ հանդիսանալով ԽՍՀՄ ԳԱ Մաթեմատիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալը: Սերգեյ Մերգելյանը ԵՊՀ-ն ավարտել է 19 տարեկան հասակում, իսկ հետագա ուսումը շարունակել է Մոսկվայում` ԽՍՀՄ ԳԱ Մաթեմատիկական ինստիտուտում, որտեղ աշխատել է ականավոր գիտնական Մստիսլավ Կելդիշի հետ: «Մերգելյանի թեորեմ» եւ «Մերգելյանի բազմություններ» արտահայտությունները ստացել են համընդհանուր ճանաչում եւ մտել են մաթեմատիկական գիտության գանձարան»,- ասել է ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը: Իսկ այս տարի Հանրապետության տոնի կապակցությամբ նախագահի հրամանագրով ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: Մերգելյանն արժանացել է նաեւ ԽՍՀՄ պետական մրցանակի: