Կոչ` լոլիկի գործածման դեմ

06/06/2008

Թարմ կարմիր լոլիկը եւ դրա օգտագործմամբ եփված կերակուրներն ԱՄՆ-ում սալմոնելոզի բռնկման պատճառ են դարձել, ինչի հետեւանքով արդեն 17 մարդ է հոսպիտալացվել: Այդ մասին ասված է ԱՄՆ Պարենի եւ բուժպատրաստուկների վերահսկողության վարչության հաղորդագրության մեջ: Համաճարակաբաններն առայժմ չեն կարողանում բացատրել, թե ինչու հենց լոլիկն է դարձել սալմոնելայի ոչ տիպական մանրէի կրողը, որն անվանում են «Սեյնտփոլ»: Հետաքննությունը շարունակվում է: Համաճարակը սկսվել է Մեքսիկայի սահմանակից Տեխասի եւ Նյու Մեքսիկոյի հարավային նահանգներում, որտեղ, ըստ վերջին տվյալների, գրանցվել է 57 մարդ՝ սալմոնելոզ ախտորոշմամբ: Ավելի ուշ բժիշկները եւս ավելի քան 30 դեպքերում համանման ախտորոշում են դրել Արիզոնայի, Կոլորադոյի, Այդահոյի, Իլինոյսի, Կանզասի եւ Յուտայի նահանգներում:

Վարչության կարծիքով, բացառված չէ, որ այս բոլոր դեպքերը փոխկապակցված լինեն: Իշխանությունները Նյու Մեքսիկոյի եւ Տեխասի նահանգների բնակչությանը կոչ են արել ժամանակավորապես հրաժարվել լոլիկի գործածումից: