Մելիքյանին չի դիմել

04/06/2008

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը երեկ հայտարարություն է տարածել` նշելով, որ մայիսի 30-ին ՀՀ Նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունը, թե ինքն անձամբ դիմել է մի շարք քաղաքական ուժերի եւ գործիչների, այդ թվում` նախագահի նախկին բոլոր թեկնածուներին՝ Հանրային պալատի աշխատանքներին մասնակցելու առաջարկով, իրականությանը չի համապատասխանում: «Այս տեղեկատվությունը որոշակի հարցեր է առաջացրել իմ ընտրողների եւ համախոհների շրջանում, ուստի ստիպված եմ հայտարարել, որ այն` իմ մասով չի համապատասխանում իրականությանը. ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր տեսքով ես պարոն Իսագուլյանից որեւէ առաջարկ չեմ ստացել: Կատարվածը համարում եմ անփութության արդյունք, որը, սակայն, դժվար թե նպաստի Հանրային պալատ ստեղծելու նախաձեռնության հաջողությանը»,- ասել է Ա. Մելիքյանը: