Կոալիցիոն կուսակցությունները ներկայացնող մի քանի պատգամավորներ ԱԺ-ում շրջանառության մեջ են դրել մի օրինագիծ, որով նախատեսվում է կրկնապատկել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավարների աշխատավարձերը: Փոփոխությունների ընդունվելու դեպքում ՀՀ նախագահն ամսական ներկայիս 400.000 դրամի փոխարեն կստանա 800.000 դրամ աշխատավարձ, ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետը, ՍԴ նախագահը` 340.000-ի փոխարեն՝ 720.000 դրամ, ԱԺ նախագահի տեղակալները` 310.000-ի փոխարեն` 620.000 դրամ, իսկ ԱԺ պատգամավորների, նախարարների ու Երեւանի քաղաքապետի արդեն կրկնապատկված աշխատավարձը կկազմի 600.000 դրամ: Մարզպետների աշխատավարձերն այդ օրինագծով նախատեսված է դարձնել 460.000 դրամ: Կառավարությունն այս օրինագծի վերաբերյալ դեռեւս եզրակացություն չի ներկայացրել: Բացառված չէ, որ այս նախագիծը շրջանառության մեջ է մտել պոպուլիստական շոու կազմակերպելու համար: Այսինքն` կառավարությունը կարող է մերժել ակնհայտորեն հասարակության դժգոհությունն առաջացնող այս օրինագիծը` հընթացս ինչ-որ հաշվարկներ ներկայացնելով, թե այս ծանր «գնաճային ճնշումների» պայմաններում պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման գումարով որքան կենսաթոշակառուների նպաստներ կարելի է բարձրացնել: Մյուս, ավելի քիչ հավանական տարբերակն այն է, որ կառավարությունը դրական եզրակացություն կտա օրինագծին` դա որակելով որպես կոռումպացվելու «հանապազօրյա գայթակղության մեջ գտնվող» պաշտոնյաների կենսապայմանները բարելավելու եւ այդ ճանապարհով կոռուպցիայի դեմ պայքարելու քայլ: Երկու դեպքում էլ հասարակության օգուտը կլինի «ժողովրդի համար մտահոգված դեմքերով լի» տեսարանների վրա լիաթոք ծիծաղելու հնարավորությունը: Իսկ ծիծաղը, ինչպես հայտնի է, երկարացնում է մարդու կյանքը: Այդ թվում` պետական պաշտոնյաների: