Պայքար գնաճի՞, թե՞ գին աճեցնողների դեմ

04/06/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երբ Տիգրան Սարգսյանը նոր էր նշանակվել վարչապետի պաշտոնում, հարցազրույցներում հաճախ էր իր ապագա կաբինետի աշխատանքը նմանեցնում Կենտրոնական բանկի աշխատանքին։ Այսինքն՝ կառավարությունում պետք է ձեւավորվեր պրոֆեսիոնալների այնպիսի թիմ, ինչպիսին կա Կենտրոնական բանկում։

Սակայն ուշադրության ոչ պակաս արժանի է այն հանգամանքը, որ ոչ միայն անձինք են նմանվում (ավելի ճիշտ՝ պետք է նմանվեն) ԿԲ աշխատակիցներին, այլեւ կառավարության գործելաոճը՝ կոնցեպտուալ իմաստով, սկսում է նմանվել ԿԲ-ին։ Պարզ ասած՝ կառավարության հիմնախնդիրը նույնացել է ԿԲ-ի հիմնախնդրի հետ։ Հինգշաբթի օրը տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետը մտահոգություն է հայտնել գնաճի բարձր մակարդակի կապակցությամբ։ «Բոլոր հարցումները, որ կատարվում են մեր կողմից՝ եւ՛ բարոյա-հոգեբանական մթնոլորտը ՀՀ-ում, եւ՛ սոցիալական ու տնտեսական խնդիրներն ուսումնասիրելու նպատակով, ցույց են տալիս, որ համար մեկ մտահոգող խնդիրը գների աճն է, եւ մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք զսպել գնաճը, քանի որ մեր գործողությունները դեռեւս ունեն դրական նշանակություն այս ոլորտում»,- ասել է նա:

Մինչդեռ, ինչպես հայտնի է, գնաճը ոչ թե կառավարության, այլ ԿԲ-ի խնդիրն է։ Օրենքով: ՀՀ Կենտրոնական բանկի մասին օրենքի 4-րդ հոդվածն ասում է. «Հայաuտանի Հանրապետության Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաuտանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է»:

Խնդիրների այս կարծեցյալ շփոթությանը դեռ կանդրադառնանք։ Մինչ այդ, սակայն, մեջբերենք Տ. Սարգսյանի խոսքերը. «Մենք ունենք ապրիլը դեկտեմբերի նկատմամբ 6 տոկոսանոց աճ, ինչը չափազանց բարձր ցուցանիշ է, մանավանդ, հաշվի առնելով, որ վերջին 7 տարիների ընթացքում միջին գնաճի ցուցանիշը չի գերազանցել 3 տոկոսը՝ տարեկան կտրվածքով»: Այստեղ ավելացնենք, որ Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն հրապարակել է նաեւ մայիսի ցուցանիշները. 2008թ. մայիսի դրությամբ 2007թ. դեկտեմբերի նկատմամբ գներն աճել են 7.4%-ով։ Սա ամենաբարձր գնաճն է, որն արձանագրվել է նախորդ 10 տարիների ընթացքում։ Մինչ այդ 5-ամսյա՝ հունվար-մայիս ժամանակահատվածում ամենաբարձր գնաճն արձանագրվել էր 2006-ին՝ 5.6%։ Ընդ որում, պարենային ապրանքները, որոնք մեծ տեսակարար կշիռ են կազմում ընտանիքների ընդհանուր բյուջեում, թանկացել են ավելի մեծ չափով՝ դեկտեմբերի համեմատ՝ 8.9, իսկ մայիսի համեմատ՝ 12.1 տոկոսով։

Ու հիմա կառավարությունը պետք է զբաղվի գնաճի խնդրով։ Պատճառը ոչ թե այն է, որ Տ. Սարգսյանը՝ որպես ԿԲ նախկին ղեկավար, ցանկանում է «պադդերժկա» անել նախկին գործընկերներին, այլ՝ որովհետեւ գիտակցում են՝ գների նման աճի պարագայում հասարակության դժգոհությունն ավելի է մեծանալու։ ԿԲ-ին օգնում են նաեւ, որովհետեւ ակնհայտ է, որ առկա գնաճ կանխելը ԿԲ-ի «խելքի բանը չէ», որքան էլ այնտեղ պրոֆեսիոնալ լինեն։ ԿԲ-ն՝ իր օրինական միջոցներով, դրամավարկային քաղաքականությամբ եւ այլն, ի վիճակի չէ խնդիրը լուծել։ Իսկ այդպես լինում է այն դեպքերում, երբ գնաճն արհեստական է, պայմանավորված չէ շուկայական պատճառներով։ Օրինակ, երբ Կենտրոնական բանկը բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը (որը շուկայական տնտեսություն ունեցող երկրներում կիրառվում է գնաճը զսպելու համար), միեւնույն է՝ բենզին ներմուծողը եթե հարմար գտավ, բարձրացնելու է գինը։ Խիստ կասկածում ենք, որ խոշոր ներմուծողները՝ գին թելադրողները, գիտեն, թե Հայաստանում որքան է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Ինչների՞ն է պետք ուղեղները ծանրաբեռնել ավելորդ ինֆորմացիայով։

«Գները բարձրանում են բավականին կտրուկ, հետագայում գների նվազումը տեղի է ունենում դանդաղ, եւ, ցավոք, առանց պետության միջամտության, մեզ չի հաջողվում զսպել գնաճը: Պետք է նշեմ, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությունը տալիս է դրական արդյունքներ, եւ աշխատանքներն այս ուղղությամբ ուժեղացնելու ենք, այդ գործընթացներին մասնակից ենք դարձնելու նաեւ հարկային ծառայություններին»,- Տ. Սարգսյանի խոսքը, փաստորեն, անուղղակի խոստովանություն է, որ Հայաստանում պետք է պայքարել ոչ թե շուկայական երեւույթի՝ գնաճի, այլ կոնկրետ մարդկանց՝ գին աճեցնողների դեմ։ Վերջիններս, գաղտնիք չէ, որ պատահական մարդիկ չեն եւ ամեն ինչ անում են ոչ առանց «դաբրոյի»։ Ի՞նչ կարող է այստեղ անել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կամ Հարկային պետական ծառայությունը։ Ոչինչ։ Եթե, իհարկե, «նեղ կրուգում» չորոշվի, որ ոմանց գերշահույթները պետք է սահմանափակել։ Իսկ «նեղ կրուգում» այդ որոշումը, կարծես, ընդունվել է։ «Վերջին ժամանակահատվածում միջազգային շուկաներում արձանագրվում է հացի, հացամթերքի եւ բրնձի գների կտրուկ նվազում՝ մասնավորապես, 42 տոկոսով նվազել է ցորենի գինը, համեմատած նախորդ ամսվա հետ, 22 տոկոսով՝ բրնձի գինը, վերջին 4 շաբաթների ընթացքում: Ակնհայտ է, որ դա բարենպաստ պայմաններ է ստեղծելու, որպեսզի այդ ապրանքատեսակների գները ՀՀ-ում եւս ունենան նվազման միտում»,- Տ. Սարգսյանի այս խոսքերը ցորեն ներմուծողը (անձը կարեւոր չէ) պետք է ընկալի որպես ամենավերեւներից եկող մեսիջ, որպես՝ «տես հա, սպասում ենք, որ գներն իջեցնես, հակառակ դեպքում կարող ես սպասել շատ լուրջ տրամադրված հարկային տեսուչներին»:

Իսկ ինչու է այս ամենն արվում մեսիջի տեսքո՞վ։ Որովհետեւ՝ առաջին. ենթադրվում է, որ Հայաստանը շուկայական տնտեսություն ունեցող երկիր է, իսկ նման դեպքում պետությունն իրավունք չունի մասնավոր տնտեսվարողին թելադրել, թե ինչ գին սահմանի իր ապրանքների համար։ Եվ երկրորդ, այդ զգուշացումը կարող է արվել «աչքից հեռու» մի տեղ՝ ասենք, որեւէ օբյեկտում, սեղանի շուրջ նստած (երեւի հենց այդպես էլ արվել է), սակայն PR-ի տեսակետից շատ կարեւոր է, որ վարչապետի հենց այս խոսքերը հնչեն հեռուստաեթերով։ Այսինքն՝ տեսեք, մենք մեր խոսքի տերն ենք, պայքարում ենք վատ երեւույթների դեմ։ Իհարկե, շատերը հասկանում են, որ իրական պայքար դժվար թե լինի, որովհետեւ ոչ ոք ինքն իր դեմ պայքարում դեռեւս հաջողության չի հասել։ «Խարակիրին» հայ մշակույթի մեջ ընդունված բան չէ, ավելին՝ դեմ է քրիստոնեությանը։ Բայց այդ շատերը, միեւնույն ժամանակ, ասում են՝ ոչինչ, թող խոսեն, ուռճացնեն, բայց գոնե մի քիչ մեր կաշին քերթեն։ Պետք է նշենք, որ այդ հույսն արդարացված է, որոշ քայլեր, հավանաբար, կլինեն, ոմանց գերշահույթները կնվազեն, ոմանք միգուցե եւ տույժերի ու տուգանքների կենթարկվեն։

Միգուցե մարդիկ հարցնեն՝ իսկ ինչո՞ւ ամենավերեւները պետք է գերշահույթների դեմն առնեն, եթե այդ ամենից իրենք անմասն չեն։ Պատասխանը պարզ է՝ դա այն գինն է, որը պետք է վճարել իշխանությունը պահելու համար։ Ու կարծես պատրաստ են վճարել: Դատելով թե՛ Տ. Սարգսյանի խոսքերից, եւ թե՛ առավելեւս ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի՝ երեկ հայտնած մտքից, որ աշնանը գները 30-40%-ով կարող են նվազել (այն դեպքում, երբ Գ. Սահակյանը բանասեր է եւ տնտեսական վերլուծություններ անելը նրա պարտականությունների մեջ չի մտնում)։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր ճամբարից եկող շշուկներում բավական հաճախ աշունը հիշատակվում է այլ ենթատեքստում՝ բողոքի նոր ալիք եւ իշխանափոխություն։ Պարզապես, իշխանությունն այս հարցում մի քիչ թերագնահատում է բողոքի հնարավոր ալիքի խորքային պատճառները՝ կարծելով, թե մարդկանց կարող է փողոց դուրս բերել միայն գների աճը։ Մինչդեռ մարդկանց փողոց դուրս է բերում անհամաձայնությունը, որ կան մարդիկ, ովքեր կարող են իրենց հաշվին հարստանալ եւ, միեւնույն ժամանակ, խոսել պետության շահից։ Իսկ քանի դեռ այդպիսի մարդիկ կան ու որոշիչ դեր ունեն մեր երկրում, ժողովրդի՝ փողոց դուրս գալու վտանգը միշտ լինելու է, անգամ այն դեպքում, երբ ունենանք 99 տոկոսանոց գնանկում։