Ինչո՞ւ է սեթեւեթում ՀՅԴ-ն

04/06/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ նախարարների պաշտոններում նշանակված դաշնակցականների թեկնածությունը ՀՅԴ Գերագույն մարմինը (ԳՄ) Սերժ Սարգսյանին էր ներկայացրել դեռեւս նախորդ շաբաթվա վերջին: Իսկ մինչ այդ հասարակության շրջանում եւ քաղաքական դաշտում քննարկվում էր (թերեւս կշարունակվի քննարկվել նաեւ առաջիկայում) ՀՅԴ-ի` հին նախարարներին նորերով փոխարինելու քայլը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն նախարարների փոփոխությունը հիմնավորել է նրանով, որ երկու շաբաթ առաջ ՀՅԴ` Ծաղկաձորում տեղի ունեցած 30-րդ Ընդհանուր ժողովում նախկին երեք նախարարներն ընտրվել են Բյուրոյի անդամներ: Եվ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նախկին նախարարների` իրենց պաշտոններից հրաժարվելը համարեց «անձնական որոշում», թեեւ դա «կանոնադրային պահանջ չէ»: «Բյուրոյի անդամ լինելու հանգամանքը նրանք շատ ավելի բարձր են համարել, քան նախարարի պաշտոնը: եվ որպեսզի կարողանան այս հանգամանքը արդարացնել ու իրենց առաջ դրված ակնկալիքները բավարարել, նախընտրել են դադարեցնել իրենց նախարարական աշխատանքները»,- անցած շաբաթ արդեն Երեւանում հայտարարել էր Հ. Մարգարյանը: Սակայն ՀՅԴ-ի ներկայացուցիչների մեկնաբանություններից բացի, հասարակության շրջանում եւ քաղաքական դաշտում տարբեր գնահատականներ հնչեցին այս քայլի, առավել եւս` նախարարների` պաշտոններից հրաժարվելու ոչ այնքան արժանահավատ դրդապատճառների վերաբերյալ: Շրջանառվող երկու հիմնական կարծիքներից մեկի համաձայն, ՀՅԴ-ն այդ քայլով իշխանություններին ապացուցեց, որ ցանկացած պահի կարող է չենթարկվել ընդհանուր որոշումներին ու խառնել իշխանական խաղաքարտերը: (Ի դեպ, կա մեկ նրբերանգ եւս. թեեւ ՀՀ Սահմանադրության համաձայն, վարչապետն է նախագահին ներկայացնում նախարարների թեկնածությունը, այս դեպքում ՀՅԴ ԳՄ-ն է Ս.Սարգսյանին ներկայացրել նոր նախարարների անունները): ՀՅԴ-ի քայլի վերաբերյալ երկրորդ` ավելի տարածված տեսակետի համաձայն, այս փոփոխությունները կատարվել են Ս.Սարգսյանի գիտությամբ ու համաձայնությամբ: Այսինքն` գործող նախագահն ուզում է ձերբազատվել նախկին նախագահ Ռ.Քոչարյանի օրոք պաշտոնավարած նախարարներից: Բոլոր դեպքերում Հայաստանի քաղաքական դաշտի համար անակնկալ ու անհասկանալի մնաց Դաշնակցության այս քայլը: Հատկապես, երբ ընդամենը մեկուկես ամիս առաջ էին այդ նախարարները վերանշանակվել իրենց պաշտոններում: Եթե Ս.Սարգսյանը նրանց հետ չէր ուզում աշխատել, կարող էր այդ հարցը բարձրացնել մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: Առավել եւս, որ միանգամից երեք շատ ընդգրկուն ոլորտների նախարարների հրաժարականը կարող է վատ անդրադառնալ ՀՀ կառավարության ընդհանուր գործունեության վրա: Հատկապես Կրթության եւ գիտության նախարարության դեպքում, քանի որ արդեն մեկնարկել են ավարտական եւ ընդունելության քննությունները: Բոլոր դեպքերում, երեկ եւս մեկ անգամ փորձեցինք տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից ճշտել ՀՅԴ-ի մատուցած անակնկալի վերաբերյալ իրենց գնահատականը:

«Այդ նշանակումները կոալիցիոն համաձայնագրի շրջանակում են, եւ կուսակցություններն իրենք են նշանակում իրենց նախարարներին: ՀՅԴ-ն արդեն մեկնաբանել է, որ իրենց նախարարներն ընտրվել են Բյուրոյի անդամ, եւ չեն կարող համատեղել այդ երկու գործերը»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Հարցին, թե միանգամից երեք նախարարների փոփոխությունը արդյո՞ք բացասաբար չի անդրադառնա կառավարության գործունեության վրա, Գ. Սահակյանն այսպես պատասխանեց. «Նախարար չեն ծնվում, եւ այդ փոփոխությունից քաղաքական կուրս չի փոխվում, որովհետեւ այդ նախարարությունների աշխատակազմը մինչ այդ էր ձեւավորված եղել, նրանք իրենց աշխատանքային պլաններն ունեն: Դրանք քաղաքական պաշտոններ են, եւ ոչ միայն կառավարության աշխատանքի կուրսը չի փոխի, այլ, նաեւ քաղաքական դաշտում փոփոխություն չի լինի: Արդյունավետ աշխատանքը ոչ միայն կոալիցիայի մի անդամն է ապահովում, այլ ամբողջ թիմը»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ընդհանրապես չցանկացավ մեկնաբանել ՀՅԴ-ի որոշումները. ասաց միայն, թե նոր նշանակվող նախարարներից Սպարտակ Սեյրանյանին լավ է ճանաչում եւ կարծում է, որ նա իր մարդկային բարձր հատկանիշներով կարող է իրեն արդարացնել: «Իսկ հասարակությունը հետո կորոշի, թե նոր նշանակվող նախարարներից ո՞վ է կոմպետենտ, ով` ոչ»,- նշեց պարոն Սաֆարյանը:

Խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը նույնպես հրաժարվեց գնահատել դաշնակցականների այդ քայլը` նշելով միայն այդ հարցի հետ կապված իր մտահոգության մասին: «Ընդունելության քննությունները սկսվել են, եւ մտահոգ եմ, որ կարող է՝ նոր նախարարը ուշ մտնի աշխատանքային հունի մեջ»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Իսկ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները բազմաթիվ կասկածներ ու տարբեր մեկնաբանություններ ունեն ՀՅԴ-ի նոր նշանակումների վերաբերյալ: «Իմ կարծիքով՝ պատճառը եղել են ներքին խնդիրները: Իրենք պատճառաբանում են, թե չեն կարող համատեղել Բյուրոյի ու նախարարության աշխատանքները: Բա ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն ինչպե՞ս էր համատեղում: Ես չեմ կարծում, թե ԱԺ փոխնախագահը նախարարից պակաս կարեւոր աշխատանք էր: Բացի այդ, ՀՅԴ ներկայացուցիչներն ասացին, թե Բյուրոն շատ աշխատանք ունի 32 երկրների սփյուռքում: Երեւի «Կուսակցության մասին» օրենքը չի գործում, Հայաստանի քաղաքացին ինչպե՞ս կարող է միջամտել այլ երկրների գործերին, կամ էլ՝ հակառակը, երբ Դաշնակցության անդամ այլ երկրների քաղաքացիները միջամտեցին Հայաստանի կառավարության ձեւավորմանը»,- ասում է ՀԺԿ անդամ Գրիգոր Հարությունյանը: Իսկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը երեք ենթադրություն ունի Դաշնակցության` նախարարներին փոխելու վերաբերյալ: «ՀՅԴ-ն հերթական անգամ ապացուցեց, որ հարգալից վերաբերմունք չունի հանրապետության հանդեպ: Ասվածի լավագույն վկայությունն այն է, որ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող դաշնակցականները, ըստ էության, լուծեցին ՀՀ կառավարությանն առնչվող կադրային հարցերը: Երկրորդը` հավանաբար գործող երեք նախարարները շատ էին մերվել պետական համակարգին եւ այլեւս վստահելի չէին ՀՅԴ ղեկավարության համար: Ուստի ՀՅԴ-ն նոր մարդիկ գործուղեց կառավարություն` կազմակերպչական եւ ֆինանսական վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով: Եվ երրորդ ենթադրությունը` չեմ բացառում, որ սա լինի Սերժ Սարգսյան-ՀՅԴ պայմանավորվածության արդյունք: Ասել է թե` նոր նախագահը չի ցանկանում աշխատել դաշնակցական այն նախարարների հետ, ովքեր պաշտոնավարել են Ռ.Քոչարյանի օրոք»,- ասում է Ս.Սուրենյանցը: Վերջինս նշեց, թե հատկապես լավ է ճանաչում Արսեն Համբարձումյանին: «Ուսանողական տարիներին եղել է սկզբունքային մարդ, հիմա ինչպե՞ս կդրսեւորի իրեն` չգիտեմ: Բացի այդ, նրանք այնպիսի արատավոր համակարգում են աշխատելու, որ, անկախ իրենց հատկություններից, մեծ հաջողություններ չեն ունենա»,- ասում է Ս. Սուրենյանցը:

Բնականաբար, հազիվ թե ՀՅԴ-ն համաձայն լինի նշված մեկնաբանություններից որեւէ մեկի հետ: Ավելին` ՀՅԴ-ի ներսում այս քայլը դիտարկվում է ոչ միայն եւ ոչ այնքան ներկայիս քաղաքական զարգացումների համատեքստում, որքան կուսակցության հեռահար նպատակների «ծիրին» մեջ: Մասնավորապես` ՀՅԴ-ում գտնում են, որ իր երեք նախարարներին Բյուրո տեղափոխելով ամրանում են կուսակցության հիմքերը: ՀՅԴ Բյուրոն, ի դեմս երեք նախկին նախարարների, հատկապես ՀՀ քաղաքացիներով համալրելու քայլով էլ Դաշնակցությունը ցանկանում է ցույց տալ, որ կուսակցության քաղաքական «կորիզը» Հայաստանում է: Բացի այդ, հասարակության շրջանում ոչ բացասական ընկալում ունեցող երեք նախկին նախարարներին Բյուրո տեղափոխելը` ՀՅԴ-ում ներկայացվում է այն տեսանկյունից, որ նրանք ավելի անհրաժեշտ են որպես կուսակցության քաղաքական կուրսը իրականացնող գործիչներ, քան որպես նախարարներ: Եվ վերջապես ՀՅԴ վերնախավն իր այս քայլը համարում է՝ որպես «ներկուսակցական մեսիջ». ՀՅԴ ցանկացած նոր անդամ կարող է ի թիվս «հին կուսակցականների»` կուսակցության կողմից ներկայացվել որպես նախարար: Սա ՀՅԴ-ում համարում են կուսակցության շարքերը պրոֆեսիոնալներով համալրելու հնարավորություն: