Պլեսի Ռոբինսոնից՝ Արաբկիր

04/06/2008 Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երեւանի Արաբկիր համայնքի եւ Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաքի միջեւ համագործակցության շրջանակներում 2007թ. ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել:

2007թ. Արաբկիրի թաղապետարանի ջանքերով ամբողջովին վերանորոգվել է Արաբկիրի թիվ 5 մանկական պոլիկլինիկայի քարտադարանը, իսկ Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետարանի միջոցներով մանկական ատամնաբուժական կաբինետ է ստեղծվել, որն այսուհետ կարող է սպասարկել համայնքի բոլոր երեխաներին: Համագործակցության շրջանակներում նաեւ Արաբկիրի թիվ 10 մանկապարտեզի համար, որն անվանակոչվել է Պլեսի Ռոբինսոնի անվան նախակրթարան, անհրաժեշտ գույք եւ գրականություն է ձեռք բերվել: 2007թ. Պլեսի Ռոբինսոնի հրապարակներից մեկն անվանակոչվեց՝ «Հայաստան», որի բացման արարողությանը մասնակցում էին նաեւ Հայաստանից մեկնած երգիչ-երգչուհիները:

2008թ. մայիսի 22-29-ը Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանը Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկի հրավերով պատվիրակությամբ այցելել էր Ֆրանսիա` քննարկելու 2008թ. համագործակցության առաջիկա ծրագրերը: Այս տարվա ընթացքում Արաբկիրի թաղապետարանի ծրագրերի շրջանակում կսկսվի Արաբկիր համայնքի Ալբերտ Գրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մարզադպրոցի շենքի վերանորոգումը, իսկ Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետարանը կաջակցի մարզական համապատասխան գույք եւ հագուստ ձեռք բերելու հարցում: Մայիսի 24-ին Պլեսի Ռոբինսոնում հայկական մշակութային մեծ միջոցառում էր կազմակերպվել, որին մասնակցում էին Ֆրանսիայի տարբեր քաղաքների հայ համայնքի պարային խմբերը: Միջոցառման տոմսերը վաճառվում էին, եւ վաճառքից ստացված գումարները եւս ուղղվելու են Սուսերամարտի մարզադպրոցին: Միջոցառման մասնակիցները տոմսերով նաեւ մասնակցում էին կազմակերպված խաղարկությանը: Խաղարկվում էին տարբեր նվերներ, այդ թվում` Հայաստան եւ այլ երկրներ ճամփորդության ուղեգրեր: Հայկական պատվիրակության հրավերով միջոցառմանը իր կատարումներով մասնակցում էր նաեւ երգչուհի Նաիրա Տեր-Կարապետյանը: Այդ օրը Հովհ. Շահինյանը եւ Ֆ. Պեմեզեկը տեղի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներին եւ Պլեսի Ռոբինսոնի բնակիչներին ներկայացրեցին համագործակցության շրջանակներում մինչ օրս կատարված աշխատանքները, ինչպես նաեւ՝ հետագա ծրագրերը, որոնք ներառում են կրթության, առողջապահության եւ սպորտի, համայնքի կանաչապատման բնագավառները: Արաբկիր համայնքի եւ Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետարանի ղեկավարության համատեղ ծրագրերի շրջանակում այս տարի նախատեսվում է նաեւ Արաբկիրի թիվ 5 մանկական պոլիկլինիկայի մանկական լողավազանի հիմնովին վերանորոգումը: Այս տարվա հուլիսի կեսին սպասվում է նաեւ ֆրանսիական կողմի` Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետի եւ պատվիրակության այցը Հայաստան: Մայիսի 30-ին Պլեսի Ռոբինսոն էր այցելել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին` Ժան Սարկոզին, ով այսօր ակտիվ քաղաքականության մեջ է: Վերջինս 2008թ. փետրվարին իշխող` «Միություն հանուն ժողովրդավարական շարժման»

(UNP) կուսակցության կողմից Փարիզի Նեյի-սյուր-Սեն քաղաքում իր թեկնածությունն էր առաջադրել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որի գաղափարից որոշ ժամանակ անց հրաժարվեց: Ի դեպ, իր քաղաքական կարիերան այդ քաղաքի քաղաքապետի պաշտոնից էր սկսել նաեւ Նիկոլա Սարկոզին: Ժան Սարկոզին այսօր Ֆրանսիայի Օ-դը-Սեն տարածաշրջանի կառավարման խորհրդի անդամ է, եւ Տրանսպորտային հարցերով հանձնաժողովի նախագահը: Հիշեցնենք, որ Օ-դը-Սեն տարածաշրջանի կառավարման խորհրդի նախագահն է պատգամավոր, UNP (Միություն հանուն ժողովրդավարական շարժման) կուսակցության գլխավոր քարտուղար Պատրիկ Դեւեջյանը:

Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկը Ժան Սարկոզիին եւ Հովհաննես Շահինյանին ներկայացրեց քաղաքաշինական իր ամենամեծ նախագիծը` կառուցապատված նոր թաղամասը, որն այսօր աչքի է ընկնում ճարտարապետական դասական լուծումներով եւ նոր միջավայրով: Նրանք միասին այցելեցին նաեւ քաղաքի մթերային շուկան, որի վերակառուցման աշխատանքներն ավարտվել են 2007թ. վերջին: Նրանք քննարկեցին նաեւ հայ-ֆրանսիական համագործակցության հնարավոր ծրագրերը, ինչպես նաեւ՝ Պլեսի Ռոբինսոնի եւ Արաբկիրի 2008թ. անելիքները: Ժ. Սարկոզին տեղեկացրեց, որ Պ. Դեւեջյանի նախաձեռնությամբ Օ-դը-Սեն տարածաշրջանում հիմնադրամ է ստեղծվում, որի հիմնական նպատակն է լինելու Հայաստանին աջակցությունը, համատեղ ծրագրերի իրագործումը: Հովհ. Շահինյանը Ժ. Սարկոզիին հրավիրեց Հայաստան` հուլիսին, Ֆ. Պեմեզեկի գլխավորած պատվիրակության հետ: Ժ. Սարկոզին ընդունեց Հայաստան այցելելու հրավերը:

Ի դեպ, Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանն այս այցի ընթացքում նաեւ աղբահանության եւ սանիտարական մաքրման համար եվրոպական արտադրության թվով 10 մեքենաների ձեռքբերման պայմանագրեր է կնքել: