Անցած շաբաթ Կենտրոնական բանկի ղեկավարության ու տարբեր միջազգային
ֆինանսական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ Երեւանում տեղի
ունեցավ համաժողով «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ
պայքարի գործուն համակարգի ներդրումն ու կայացումը Հայաստանի
Հանրապետությունում» թեմայով: Այս ոլորտում Հայաստանի կատարած վերջին
քայլն անցած տարվա դեկտեմբերին Ազգային ժողովի ընդունած «Հանցավոր
ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության
ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքն էր: Իհարկե, նման օրենքի
ընդունումը շատ փորձագետների կողմից գնահատվեց որպես իշխանությունների
կողմից ընդդիմության հնարավոր ֆինանսավորումը վերահսկելու եւ կանխելու
փորձ, փոխարենը իշխանությունները միջազգային հանրության առաջ եւս մեկ
«պտիչկա» ստացան, թե Հայաստանն էլ է մասնակցում ահաբեկչության դեմ
պայքարին: Հայաստանում փողերի լվացման կոնկրետ դեպքերի ու փաստերի
վերաբերյալ տեղեկատվություն չկա: Եթե հավատանք իշխանությունների
հայտարարություններին, Հայաստանում փողերի լվացման դեպքերը շատ քիչ են:
Մյուս կողմից, տարբեր գնահատականներով հենց դոլարի փոխարժեքի վերջին
շրջանի տատանումների ժամանակ ստվերային գործարքների միջոցով փողերի
լվացման դեպքեր եղել են: Իսկ այդ համաժողովի ժամանակ Կենտրոնական բանկի
նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե այսօրվա դրությամբ Հայաստանում
փողերի լվացման ընդամենը երկու դեպք է արձանագրվել, որոնց առիթով քրեական
գործեր են հարուցվել: Դրանցից մեկը վերաբերում է ԱՄՆ-ից շուրջ 1,2 մլն
դոլարի ապօրինի միջոցների փոխանցման փորձին, որը կատարվել է Հայաստանի
քաղաքացու եւ օտարերկրացիների համագործակցությամբ: Այս փորձը ԱՄՆ
համապատասխան մարմինների աջակցությամբ կանխվել է: Փողերի լվացման մյուս
դեպքը, ըստ Կենտրոնական բանկի նախագահի, կապված է «Կրեդիտ-Երեւան» բանկի
կողմից 250 մլն դոլարի ապօրինի մուրհակներ թողարկելու պատմության հետ:
Տիգրան Սարգսյանի ասելով, «Կրեդիտ-Երեւանն» այդ մուրհակները փորձել է
դրամայնացնել մի շարք երկրներում, սակայն այդ փորձը կանխվել է Ինտերպոլի
կողմից: Սրանք, իհարկե, լավ օրինակներ են, որոնցով մեր իշխանությունները
ցույց են տալիս, թե գործնականում պայքարում են փողերի լվացման դեմ: Պետք է
նշել սակայն, որ «Կրեդիտ-Երեւան» բանկի հետ կապված ամբողջ պատմությունն,
ըստ էության, փողերի լվացման օրինակ է: Այն տարբերությամբ, որ ըստ չար
լեզուների, այդ գործընթացում լուրջ դերակատարություն է ունեցել հենց
Կենտրոնական բանկը՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Խոսքը վերաբերում է
ռուսաստանցի գործարար Լեւոն Մարկոսին այդ բանկի բաժնետոմսերը վաճառելու
պատմությանը, երբ վաճառքից հետո պարզվել էր, որ բանկը գտնվում է
սնանկացման վիճակում: Այս պատմությունն ուղեկցվել է զանազան դատական
գործընթացներով, որոնց արդյունքում Մարկոսը շուրջ երկու տասնյակ մլն դոլար
է կորցրել: Մինչեւ օրս էլ այս բանկի վաճառքի եւ դրան հաջորդած
իրադարձությունների հետ կապված շատ մանրամասներ անհայտ են: Իրականում մի
քանի անգամ Լեւոն Մարկոսը խոշոր չափերի ներդրումներ էր կատարել բանկի
կանոնադրական կապիտալում, հետագայում բանկի վարկառու մի շարք
ընկերություններ կարողացել էին «չոր դուրս» գալ, ինչի արդյունքում՝ Լեւոն
Մարկոսն, ըստ էության, կորցրել էր իր ներդրած գումարները:
Այնպես որ, ուղղակի ծիծաղելի է, երբ Տիգրան Սարգսյանն այս բանկի անունը
հիշատակում է որպես փողերի լվացման դեմ պայքարի օրինակ: Քանի որ, եթե
բացահայտվեին այս պատմության մանրամասները, բացառված չէ, որ Տիգրան
Սարգսյանը հանդես գար որպես պատասխանող: Դատարանում: