Վերջին շրջանում հատկապես իշխանության ներկայացուցիչները շատ են խոսում նախագահին կից Հանրային խորհուրդ ստեղծելու մասին: Որքանո՞վ այդ կառույցն արդյունավետ կլինի, արդյոք իմաստ ունի՞ դրա ստեղծումը, դա ձեւական քա՞յլ է իշխանությունների կողմից, թե՞ վերջիններս իսկապես կարեւորում են հանրության կարծիքը:
Երեկ այս թեմայով բանավիճում էին Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը եւ Գերագույն խորհրդի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը: Ըստ Խ.Հարությունյանի, Հանրային խորհրդի գաղափարը ողջունելի է, եթե այն դառնա խորհրդատվական կառույց ու քաղաքական-հասարակական կարծիք ձեւավորելու նպատակ հետապնդի: «Բայց այդ կառույցը չի կարող փոխարինել Ազգային ժողովին, տվյալ դեպքում դա կլիներ անհեռանկարային: Սա առիթ է կոնկրետ հարցի շուրջ բանակցություններ եւ քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու համար»,- ասաց նա:
Կարապետ Ռուբինյանը, սակայն, չի կիսում Խ. Հարությունյանի կարծիքը: Նրա խոսքերով` իշխանությունը Հայաստանում հերթական անգամ բռնազավթված է, ու հիմա իշխանությունների կողմից կատարվող սակավաթիվ քայլերը միայն մեկ նպատակ ունեն։ «Ինչպե՞ս անել, որպեսզի մինիմալ զիջումներով մաքսիմալ պահպանել ապօրինի զավթած իշխանությունը: Այս կոնտեքստում միայն կարելի է դիտել Հասարակական պալատի ստեղծման գաղափարը, որը ոչ այլ ինչ է, որքան փորձ՝ ներգրավելու միամիտ ընդդիմադիրներին մի խորհրդի մեջ` դրանով իսկ փորձելով որոշ չափով լեգիտիմացնել նախագահի ինստիտուտը»,- ասաց Կ. Ռուբինյանը` ավելացնելով, որ վերջին նախագահական ընտրություններին «խայտառակ» որակումներ են տվել ոչ միայն համաժողովրդական շարժման մասնակիցները, այլեւ Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակը, ԱՄՆ Պետքարտուղարությունը, բացի այդ, ԵԽ ԽՎ-ի կողմից բավականին խիստ պահանջներ են ներկայացվել ՀՀ իշխանություններին: «Անցել է բավական երկար ժամանակ, եւ կամ ոչ մի քայլ չի արվում` այդ պահանջները կատարելու համար, կամ արվում են իմիտացիոն քայլեր: Այդ իմիտացիոն քայլերից մեկն էլ Հանրային խորհուրդն է»,- ասաց նա: Ի պատասխան Խ. Հարությունյանի այն պնդմանը, որ Հանրային խորհուրդը չպետք է փոխարինի ԱԺ-ին, Կ. Ռուբինյանը նշեց, որ դրա վտանգն իսկապես կա, քանի որ մենք ունենք չգործող խորհրդարան: «Ազգային ժողովի գործողությունը կոճակներ սեղմելն ու կառավարության բերած ամեն օրենքը դակելը չէ»,- հայտարարեց ԱԺ նախկին փոխխոսնակը: Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի ֆունկցիաներին, ապա, Կ. Ռուբինյանի խոսքերով, եթե դրա ստեղծողները ցանկանում են ավելի լավ ծանոթ լինել հասարակական կարծիքին, ապա թող բացեն «Ա1+» հեռուստաընկերությունը, որ չի զբաղվելու իրենց գովերգելով: «Իսկ եթե խորհուրդներ են ուզում, թող թույլատրեն զանգվածային միջոցառումները` միտինգները, ցույցերը: Այնտեղ անպայման կհնչի ամբողջ ճշմարտությունը, թե հասարակության ընդդիմադիր մասն ինչ է մտածում իրենց մասին: Բայց այդ բոլորը մի կողմ թողած` իրենք փորձում են մի արհեստական կառույց ստեղծել եւ դրանով երկու խնդիր լուծել` ինչ-որ չափով լեգիտիմություն բարձրացնել ներսում եւ զեկուցել Եվրոպայում, որ իրենք մի խորհուրդ են ստեղծել, որը նպաստում է երկխոսությանը»,- ասաց նա:
Խոսրով Հարությունյանն էլ համաձայն չէր Կ. Ռուբինյանի այն կարծիքին, որ իշխանությունները բռնազավթված են: Ըստ նրա` իշխանություն ասելով` չպետք է հասկանալ միայն նախագահին, դա նաեւ Ազգային ժողովն է: «Վերջին խորհրդարանական ընտրությունները ոչ միայն ԺՀՄԻԳ-ը, այլեւ եվրոպական բոլոր կառույցները, դիտորդները որակեցին իբրեւ ժողովրդավարության առաջընթաց: Հետեւաբար ասել, թե իշխանությունը բռնազավթված է, դա գոնե եվրոպական կառույցների կոնտեքստում ապացուցված չէ»,- ասաց նա` ավելացնելով, որ վերջին նախագահական ընտրություններն էլ իդեալական չեն անցել, սակայն տեղի ունեցած խախտումները չեն ազդել արդյունքների վրա: «Այս ընտրություններն իրենց օրինականության տեսակետից նվազ խոցելի էին, ու երբեւէ հանրային կարծիքի նկատմամբ իշխանություններն այսպես ընդգծված ուշադրություն չէին ունեցել»,- ասաց նա:
Ի դեպ, Խոսրով Հարությունյանի կարծիքով` ներկայում քաղաքական վիճակը շատ ավելի դրական է, քանի որ 1996թ. իշխանությունների քայլերի արդյունքում, նրա խոսքով` ընդդիմությունն ընդհատակում էր, երկու տարի Ազգային ժողովը գործում էր առանց ընդդիմության: Մինչդեռ այսօր խորհրդարանում ընդդիմությունը ներկայացված է, կուսակցություններ չեն փակվում: Նրան ի պատասխան` Կ. Ռուբինյանը նշեց, որ վատի հետ համեմատություն անել պետք չէ:
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը` Խ. Հարությունյանը նշեց, որ ՀՀՇ-ն խորհրդարանի ընտրություններին չի մասնակցել, սակայն դրան հետեւած զարգացումների արդյունքում ձեռք բերելով քաղաքական նոր կշիռ` պահանջում է արտահերթ ընտրություններ: «Նման քաղաքական վարքագիծը վտանգավոր նախադեպեր է ստեղծում: Ավելին, խնդիրը նոր խորհրդարանական ընտրություններ անելու մեջ չի, կարեւոր է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններն այնպիսին լինեն, որ ԱԺ-ն երաշխավորված լինի իր քաղաքական որակներով: Այսօր ես գտնում եմ, որ արտահերթ ընտրություններ անցկացնելը ժամանակավրեպ է»,- ասաց նա` ավելացնելով, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ վերադառնալ քաղաքականություն, ճիշտ կաներ, եթե սկսեր խորհրդարանական ընտրություններից:
Ի պատասխան` Կ. Ռուբինյանն էլ նշեց, որ ներկայիս խորհրդարանը չի արտացոլում մեր հասարակության պահանջները: