Բողոքի նոտա

04/06/2008

Վրաստանի Արտգործնախարարությունը երեկ բողոքի նոտա է հանձնել Վրաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին «աբխազական տարածաշրջան անօրինականորեն ՌԴ-ի երկաթուղային զորքերի գումարտակ մտցնելու» կապակցությամբ: Այդ մասին երեկ հայտնել է Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: Նա նշել է, որ Ռուսաստանն «աբխազական տարածաշրջան երկաթուղային զորքերի ստորաբաժանում է մտցրել առանց Վրաստանի իշխանությունների հետ համաձայնեցնելու»: Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգոլ Վաշաձեն անցած շաբաթ օրը հայտարարել է, որ Թբիլիսին «ՌԴ-ի այդ գործողությունները գնահատում է որպես ագրեսիվ քայլ՝ ուղղված Վրաստանի տարածքային ամբողջականության դեմ»: Իսկ մայիսի 31-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Մամուլի ծառայության եւ տեղեկատվության վարչությունը հաղորդել էր, որ, Աբխազիայի կառավարության դիմումի կապակցությամբ այդ հանրապետությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ՌԴ նախագահի որոշմանը համապատասխան, ներկայում կազմակերպվել է ճանապարհների եւ ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքը: