Միասնական քննությունները մեկնարկեցին

04/06/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երեկ հանրապետությունում մեկնարկեցին ավարտական եւ միասնական քննությունները: Երկրորդ տարին անընդմեջ` հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից շրջանավարտները տվեցին միասնական-ավարտական քննություն: Քննությունը մեկնարկեց ժամը 10:00-ին եւ տեւեց երեք ժամ: Իսկ արդեն 15:00-ին Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կայքում տեղադրվեցին թեստերի ճիշտ պատասխանները:

Երեւանի Ալ.Շիրվանզադեի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցում միասնական կարգով քննություն հանձնող 200 երեխաներից երեքը բացակայում էին: Նրանցից մեկն արդեն ներկայացրել էր բժշկական փաստաթուղթ` քննությունից հարգելի պատճառով բացակայելու մասին: Այս քննական կենտրոնում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) լիազոր ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց, որ միասնական քննությունը հրաշալի գաղափար է եւ մնում է միայն, որ յուրաքանչյուր կազմակերպիչ քննասենյակում շատ ուշադիր լինի: Իսկ միասնական քննությունները, Ա. Բախշյանի կարծիքով` հասարակության վստահությունը շահելու ճանապարհ է: Քննական կենտրոնի ղեկավար Լիլյա Բալասանյանն էլ նշեց, որ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում քննության կազմակերպիչներից ոչ մեկը հայոց լեզվի մասնագետ չէ. նրանք ռուսաց լեզվի, ֆիզկուլտուրայի ուսուցիչներ են, դասվարներ: Նա հավաստիացրեց, որ հայոց լեզվի քննության ժամանակ ավելի հեշտ կլինի, քանի որ նախորդ տարի արդեն այս առարկայից միասնական քննություն հանձնվել է: «Փորձը կա, երեխաները հոգեպես պատրաստվել են ու գիտեն` ինչ է իրենց սպասվում: Կրթության նախարարությունն անում է ամենը, որ բոլոր երեխաները կարողանան իրենց գիտելիքի որակն ապացուցել»,- ասաց նա:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանի խոսքերով` միասնական ավարտական քննություն ամենամեծ թվով աշակերտներ հանձնում են հենց «հայոց լեզու, գրականություն» առարկայից` մոտ 15.000 հոգի: Ինչ վերաբերում է բողոքարկմանը, Մ. Մկրտչյանի խոսքերով` աշակերտներն իրավունք ունեն բողոքարկել այն դեպքում, երբ խնդիրը թեստերին է վերաբերում, կամ, եթե քննության ընթացքում կարգ է խախտվել: «Լինելու է բողոքարկող դիմումները քննարկող հատուկ հանձնաժողով, եւ եթե պարզվի, որ ինչ-որ թեստի ինչ-որ համարում սխալ է եղել, անկախ նրանից` աշակերտը տուժել է, թե ոչ, կվերականգնվի ճիշտը»,- ասաց Մ. Մկրտչյանը:

Ի դեպ, բողոքարկման համար շրջանավարտն իր դիմումը կարող է ներկայացնել տվյալ քննական կենտրոն մինչեւ հունիսի 6-ը` ժամը 18։00-ն: Իսկ քննություններից հարգելի պատճառներով բացակայած աշակերտները քննություն կհանձնեն հուլիսի առաջին տասնօրյակում լրացուցիչ կերպով նշանակված օրը:

Ի տարբերություն նախորդ տարվա` այս տարի քննասենյակներում տեղադրվել էր բջջային հեռախոսների խլացուցիչ համակարգ: «Ես այստեղից փորձել եմ հեռախոսով կապվել, չի ստացվել»,- հավաստիացրեց Մանուկ Մկրտչյանը:

Նրա խոսքերով` քննասենյակում ներկա կազմակերպիչները մի քանի անգամ լուրջ վերապատրաստման դասընթացներ են անցել, ու ի տարբերություն նախորդ տարվա` այս տարի կազմակերպիչները տեղեկանքներ են ստացել ու քննություն են հանձնել: «Հետաքրքիր փոփոխություն կա` քննական կենտրոնների տնօրենները տվյալ դպրոցի տնօրենը չի, դա էլ շատ կարեւոր է, բոլորը ԳԹԿ-ի ներկայացուցիչներ են: Այս ամենը քննությունների որակը պիտի բարձրացնի»,- ասաց Մ. Մկրտչյանը: Այս քննական կենտրոն այցելած Կրթության եւ գիտության ներկայիս նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ բոլոր կենտրոններում քննական գործընթացը նկարահանվում է, եւ ծնողները հնարավորություն ունեն տեսնելու իրենց երեխայի աշխատելու պրոցեսը: Նրա խոսքով` անցած տարի լարվածություն էր ստեղծում այն, որ ավարտական քննությունների արդյունքները ստուգվում էին Գնահատման եւ թեստավորման կենտրոնում: Այս տարի ուսուցիչներն իրենք կստուգեն շրջանավարտի պատասխանի ձեւաթուղթը եւ կնշանակեն գնահատականը: «Սա ավարտական քննություն անցկացնելու թեստային համակարգին անցնելու լավագույն ձեւն է դպրոցում, երեխայի կարգապահությունը, ինքնուրույն աշխատանքն ու գիտելիքների ստուգումն իրականացնելու լավագույն միջոցը, քանի որ գնահատվում է նրա ուսման ամբողջ գործունեությունը»,- ասաց Լ. Մկրտչյանը:

Ի դեպ, Լ. Մկրտչյանը չի գտնում, որ իր հրաժարականը կազդի քննությունների ընթացքի վրա: «Եթե հաջող անցնեն քննությունները, իսկ ես հուսով եմ ու վստահ, որ հաջող կանցնեն, սա նաեւ ցույց կտա, որ քաղ.ծառայության համակարգն աշխատում է, ու կոնկրետ նախարարից այնքան էլ մեծ բան կախված չի: Քիչ-քիչ մի մշակույթ պիտի մտնի Հայաստանում, որ նախարարը պիտի լինի հայեցողական պաշտոն: Գլխավորը, որ համակարգը չտուժի: Մեզ մոտ նախարարների փոփոխությունները խնդիրներ են բերում այն պատճառով, որ դեռեւս կայացած չէ համակարգը, եւ յուրաքանչյուրը սկսում է իր ձեռագրով աշխատել, ինչը ցնցումներ է բերում: Մենք ամենաշատն ենք պատրաստ, որովհետեւ 2008-15թթ. ծրագիրն ունենք, այն ժամանակացույցի է վերածված ու հինգ տարվա համար ֆինանսավորում կա»,- ասաց նա: Լրագրողների հարցին ի պատասխան, որ ԿԳ նախարարի պաշտոնում շատ է շրջանառվում Սպարտակ Սեյրանյանի անունը, Լ. Մկրտչյանը նշեց, որ նա իր ընկերն է, եւ ինքը ուրախ կլինի, եթե Ս. Սեյրանյանը դառնա նախարար, քանի որ նա «հայրենասեր է, նվիրված իր գործին ու հայրենիքին»: