«Կոշտ» երեխաների պաշտպանություն

04/06/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության օրն էր: Այդ առիթով մայրաքաղաքի տարբեր հատվածներում տոնակատարություններ եւ խնջույքներ էին կազմակերպվել: Հունիսի 1-ին տեղի ունեցող իրադարձությունները պատրանք են ստեղծում, թե Հայաստանի կառավարությունը հիմնվելով ՀՀ Սահմանադրության եւ «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վրա՝ անում է առավելագույնը մեր երկրում ապրող երեխաներին պաշտպանելու համար: Ազատության հրապարակի ասֆալտին ինքնարտահայտվելու իրավունք տալը, «Հաղթանակ» զբոսայգում եւ Կենդանաբանական այգում բաց դռների օր հայտարարելը մեր երկրում երեխաների հանդեպ իրավունքների պաշտպանության յուրովի դրսեւորում է: Մինչդեռ այլ հարց է, թե հունիսի 1-ից առաջ ու հետո որքանով են պաշտպանված մեր երկրում ապրող երեխաները: 41-ամյա Նարինե Ավագյանը հինգ երեխաների մայր է, շուտով լույս աշխարհ կբերի վեցերորդ երեխային: Թերեւս ամենապաշտպանվածը վեցերորդն է, որովհետեւ չծնված երեխան դեռ քաղցած չի մնացել, ցրտի մեջ չի ապրել ու քույրերի, եղբոր նման մանկությունը դառնությամբ անցկացնելու զգացումը չի «համտեսել»: Լեւոնը, Մարինեն, Լիլիթը, Մելինեն ու Անին հունիսի 1-ին չեն այցելել Ազատության հրապարակ, չեն գնացել նաեւ «Հաղթանակ» զբոսայգի, Կենդանաբանական այգի եւ ամենեւին էլ տոնախմբության «հավես» չեն ունեցել: Այս հինգ մանկահասակ երեխաներն այնքան հասուն չեն՝ հասկանալու համար, որ գոյություն ունի ՀՀ օրենք երեխաների պաշտպանության մասին, որի դրույթներով պետությունը պարտավոր է պաշտպանել իրենց: Օրենք, որի իրագործման քողի տակ Հայաստան են մուտք գործում գրանտներ ու տարատեսակ օգնություններ: Այս հինգ երեխաները նաեւ այնքան հասուն չեն՝ հասկանալու համար, որ իրենց պաշտպանելու առաքելությամբ Հայաստանում ստեղծվել են հարյուրավոր բարեգործական կազմակերպություններ: Մեր երկրում երեխաների պաշտպանության գաղափարը խեղաթյուրված է, որովհետեւ քաղցած երեխաների ֆոնին ինչ-որ մարդիկ տոնախմբություն են անում «կուշտ» երեխաների համար: Հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության օրը, որեւէ հաստատության, կազմակերպության կամ պետական կառույցի մտքով չանցավ մի երկու կոնֆետ գնել ու այցելել, օրինակ` աղքատ մի թաղամաս, որտեղ, ինչպես ամեն մի միջոցառում, այնպես էլ Հունիսի 1-ը տեղ չի հասնում: Օրինակ` որեւէ մեկի մտքով չանցավ հարյուրավոր քաղցած, ծայրահեղ աղքատ ընտանիքներից մեկի, ասենք` բազմազավակ Նարինեի տուն տոն տանել ու երեխաներին ուրախացնել: Եվրոպական երկրներում արվեստագետները, աստղերը նման առիթները բաց չեն թողնում երեխաների համար բարեգործական ակցիաներ, այցելություններ կազմակերպելու համար: Հունիսի 1-ին աշխարհահռչակ Մադոննան կմեկներ Աֆրիկայի ամենախուլ ու աղքատ տարածքը, սեւամորթ ու տկար երեխային կգրկեր, կհամբուրեր` այդպիսով աշխարհին կոչ անելով լինել գթասիրտ ու կիսել կյանքի «դյութանքն» աղքատների հետ:

Աֆրիկյան ամենախուլ, ամենաաղքատ թաղամասերից չտարբերվող «Տէցի կռուգի» խուլ վայրում գտնվող նախկին Գեղարվեստի ուսումնարանի շենքում, որը ներկայումս քանդման ենթակա է` ապրում է Նարինեն իր հինգ երեխաների եւ ամուսնու հետ: Ինչպես առհասարակ, այնպես էլ հունիսի 1-ին այս երեխաներն իրենց տոնն անցկացրին քաղցի, չքավորության ու տխրության մեջ: Ուսումնարանի շենքում ջուր եւ կոմունալ պայմաններ չկան, ու մարդիկ մի տեսակ վայրի, գնչուական կենսակերպով են ապրում: Նարինեն ասում է, որ ամուսնանալուց հետո վարձով են ապրել, բնակարան չեն ունեցել ու չկարողանալով այլեւս վարձավճար մուծել` հանգրվանել են 4-րդ կարգի վթարային այս շինության մեջ: Ամուսինը ստաբիլ աշխատանք չունի, շինարարության վրա բանվորություն է անում: Միակ հիմնական եկամուտը 46.000 դրամ ընտանեկան նպաստն է: Ասում է` «Օր ա լինում, ուտելու բան չի լինում, օր ա լինում` լինում ա: Սովորել ենք դժվարություններին, երեխեքն էլ են համակերպվել, որ մի օր կլինի, մի օր էլ` ոչ»: Երեխաներից երկուսը Կորեայի ձորի գիշերօթիկ դպրոցում են սովորում, որը ներկայումս գործում է որպես խնամքի կենտրոն: Լիլիթն ու Մելինեն անհամեմատ պաշտպանված են, որովհետեւ շաբաթվա հինգ օրերին նորմալ սնվում եւ խնամվում են, իսկ շաբաթ-կիրակին տանն են անցկացնում: Լիլիթին հարցնում եմ` «Լա՞վ ես քեզ զգում դպրոցում»: Պատասխանում է` «Դե՛, լավ եմ, բայց տանն ավելի լավ ա: Ուզում եմ տանը լինել, մամայիս հետ, քույրիկներիս, ախպորս հետ: Կարոտում եմ իրանց: Մեր տունը լավ ա»: Որպես բազմազավակ ընտանիք՝ Նարինեն, բացի ընտանեկան նպաստից, որեւէ այլ օգնություն կամ աջակցություն չի ստանում: Նախընտրական շրջանում պատգամավորի կամ համայնքապետի թեկնածուները երեւում են այս տարածքում՝ ինչ-որ բաներ խոստանալու համար: Խորհրդարանական ընտրություններից առաջ ուսումնարանի բակում մի աղբյուր են կառուցել, որպեսզի մարդիկ դույլերով ջուրը տեղափոխեն տուն: Ընտրվելուց հետո մոռացել են նախընտրական ծրագրերում ամրագրած բազմազավակ ընտանիքների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու խոստումների մասին: Բոլորն են մոռացել չորսից ավելի երեխա ունեցող ընտանիքների վերաբերյալ նախընտրական բուկլետներում նկարագրած իրենց ֆանտաստիկ ծրագրերի մասին: «ՕԵԿ» նախագահ Արթուր Բաղդասարյանի «բազմազավակ ընտանիքներին» խոստացվող աջակցության մասին ձեւակերպմանը վարժված շուրթերն այլեւս չեն արտաբերում այդ մոգական խոսքերը, որովհետեւ Արթուր Բաղդասարյանն այլեւս Ազգային անվտանգություն է պաշտպանելու, երեւի, ճիշտ այնպես, ինչպես բազմազավակ ընտանիքներին «պաշտպանեց»:

Լիլիթին հարցնում եմ` «Ինչի՞ մասին ես երազում»: Պատասխանում է` «Կանֆետի»: Մելինեին հարցնում եմ` «Ինչի՞ մասին ես երազում»: Պատասխանում է` «Կանֆետի»: Մարինեին հարցնում եմ` «Ինչի՞ մասին ես երազում», պատասխանում է` «Կանֆետի»: Անիին եմ հարցնում` «Ինչի՞ մասին ես երազում»: Ասում է` «Կակայի»: