ԼՂՀ հակամարտության աշխարհաքաղաքական արժեքը

04/06/2008

1. Ինչպե՞ս է այժմ արտահայտվում «աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը» ղարաբաղյան հակամարտության շուրջ, եւ ի՞նչ նշանակություն ունի այդ հավասարակշռությունը կարգավորման գործընթացի համար։

2. Ի՞նչ գլխավոր եզրակացությունների կարելի է հանգել Կոսովոյի անկախության ճանաչումից հետո, կարո՞ղ է այդ ճանաչումը դառնալ բացառություն ընդունված միջազգային կանոններից։

3. Ձեր կարծիքով՝ միջազգային ո՞ր ինստիտուտները կարող են իրապես նպաստել հայ (ադրբեջանցի) ժողովրդի անվտանգությանը, եւ ո՞րն է հիմա միջազգային միջնորդության՝ հայկական եւ ադրբեջանական կողմերի համար լավագույն ձեւաչափը։

4. Աշխարհաքաղաքականության նշանակության վերաբերյալ կա երկու կարծիք. հակամարտ կողմերից ոչինչ կախված չէ, եւ կարգավորումը կլինի այն ժամանակ, երբ ձեռք կտա գերտերություններին, իսկ երկրորդ կարծիքն այն է, որ կարգավորումը կախված է միայն հակամարտության կողմերից, եւ կարգավորմանը խանգարող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներն ընդամենը հարմար արդարացումներ են կողմերի համար։ Ձեր կարծիքով՝ այս բացատրություններից ո՞րն է ավելի հիմնավորված։

5. Ի՞նչ ընդհանրություններ եւ տարբերություններ ունեն հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները (ղարաբաղյան, աբխազական, հարավօսական, չեչենական, մերձդնեստրյան)։

Այս հարցերն էինք ուղղել հայ եւ ադրբեջանցի փորձագետներին (յուրաքանչյուր կողմից` չորսական հարցվածի), նպատակ ունենալով ներկայացնել ԼՂՀ հակամարտության կարգավորման մեջ արտահայտվող աշխարհաքաղաքական շահերի ու խնդիրների մասին մեր երկրում եւ Ադրբեջանում եղած կարծիքները: Ստորեւ` եւս երկու փորձագետի պատասխաններն են:

«Ռեգիոն» կենտրոն

«Դիմադրությունը կարգավորմանը ներքին-խորքային է»

Մեր հարցերին պատասխանում է Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը


1. ԼՂ հակամարտությունը ԼՂ շուրջ գոյություն ունեցող հավասարակշռությունների հանրագումարն է։ Հաճախ ԶԼՄ-ներում խոսում են, թե մենք խաղալիքներ ենք մեծ տերությունների ձեռքերում։ Իսկ ես կարծում եմ, որ ընդհակառակը, եթե մենք խաղալիք լինեինք, ապա հակամարտությունը վաղուց լուծված կլիներ։ Կառուցվածքը հակառակ ուղղություն ունի. այդ մենք ենք (ՀՀ-ն, Ադրբեջանը, ԼՂՀ-ն) օգտագործում մեծ տերություններին։ Ոչ թե ՀՀ-ն է ռուսամետ, այլ ՌԴ-ն է հայամետ: Իհարկե, ուրիշ իրադրություններում էլ ՀՀ-ն կարող է լինել ռուսամետ։ Բայց այս իրադրությունում ՀՀ-ն օգտագործում է ՌԴ-ին եւ Ֆրանսիային ինչ-որ բան անելու համար, իսկ Ադրբեջանն օգտագործում է Թուրքիային եւ ԱՄՆ-ին։ Այդ նրանց չէ պետք Լաչինի միջանցքը, միջանցքը պետք է ՀՀ-ին եւ ԼՂ-ին։ Հայ-ադրբեջանական հակամարտության հավասարակշռության մեջ աշխարհաքաղաքական բաղադրիչն ունի շատ մեծ նշանակություն։ Եթե այն չլիներ, ապա ոչ ոք ոչ մի բանակցություն չէր վարի, ամեն ինչ այլ կլիներ. գրավել ենք, գծել ենք սահմանը, գնա, ինքդ փորձիր ետ գրավել։

2. Միջազգային իրավունքը չի արգելում եւ երբեք էլ չի արգելել ստեղծել պետություններ, որոնց ուրիշ պետությունները չեն ճանաչում։ Աշխարհում կան այդպիսի տասնյակ օրինակներ։ Իրավաբանական տեսանկյունից Ֆրանսիան, Բուրունդիան, Զիմբաբվեն նույնանման սուբյեկտներ են։ Բավական չէ, որ Կոսովոն ճանաչվել է 31, իսկ Իչկերիան՝ 4 պետության կողմից։ Իրավաբանորեն իրադրությունն այլ կլիներ, եթե Կոսովոն ճանաչեր ՄԱԿ-ը։ Այդ ժամանակ տեղի կունենար միջազգային ճանաչումը, եւ կարելի կլիներ այդ մասին հարցադրումներ անել։ Քանի դեռ այդ բանը չի կատարվել որպես իրավաբանական իրողություն, նշանակում է` ոչինչ չի պատահել։ Առաջ է եկել մի ինչ-որ քաղաքական մարմին (էնթիթետ), որն արժանացել է ուրիշ քաղաքական միավորների՝ արդեն ճանաչված պետությունների ճանաչմանը։ Արդյո՞ք դրանք կարեւոր պետություններ են, իրավաբանորեն ոչ մի նշանակություն չունի։ Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա, իհարկե, քաղաքական տեսանկյունից տեղի է ունեցել շատ կարեւոր բան այն իմաստով, որ Կոսովոն ճանաչել են այն պետությունները, որոնք քաղաքական իմաստով լուրջ դերակատարություն ունեն՝ ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ՝ առհասարակ ողջ աշխարհում։ Քաղաքական իմաստով այս գործընթացը սկզբունքորեն ավելի կարեւոր է։ Ուրեմն ո՞րն է Կոսովոյում պատահածի կարեւորությունը։ Դա քաղաքական ֆոնի փոփոխության եւս մեկ ցուցիչ է, ոչ ավելի։ Բոլորն էլ հրաշալի հասկանում են, որ դա նախադեպ է։ Ուրիշ բան, որ նախադեպը քաղաքականության մեջ չի աշխատում հետեւյալ կերպ. լուծեցին մեկը, եւ անմիջապես մնացած բոլորը նույն սկզբունքով շարք կանգնեցին։ Կոսովոյի եւ ԼՂ-ի նման իրավիճակների թիվը հասնում է հիսունի, եւ Ֆրանսիան, ճանաչելով Կոսովոյին, անմիջապես չի ճանաչի մեկ ուրիշին։

3. Կարգավորման գործում չի կարող լինել երկիր, որը լավը լինի միայն հայերի կամ միայն ադրբեջանցիների համար։ Ըստ այդմ՝ բանակցային գործընթացը վերածվում է մրցակցության դաշտի։ Բոլոր կողմերը ներսից դիմադրում են հակամարտության կարգավորման փորձերին, եւ այդ գործընթացի շրջանակում, օգտագործելով միջազգային հարթակները, մրցակցում են։ Օրինակ՝ ադրբեջանցիները ՄԱԿ-ում հայտարարում են, որ իրենց պետք է այս ձեւաչափը, այլ ոչ թե մյուսը, եւ նպատակը ոչ թե կարգավորումն է, այլ հաղթանակի հասնելը ուրիշ միջոցներով։ Հայերը հայտարարում են, թե դուրս կգան ԵԱՀԿ շրջանակում կարգավորման գործընթացից, եւ ոչ թե՝ զիջումներ անելու, այլ՝ չանելու համար, եւ այլն։ Դիմադրությունը հանգեցնում է նրան, որ մարդիկ՝ հայեր, ադրբեջանցիներ, թուրքեր, ռուսներ, ֆրանսիացիներ, աշխատում են միջազգային կազմակերպություններում ոչ նրա համար, որպեսզի կարգավորեն հակամարտությունը, այլ՝ որպեսզի շարունակեն մրցակցել այդ հարթակներում։ Իսկ դիմադրություն կա այն պատճառով, որ ղարաբաղյան հակամարտությունն ազգային պետությունների կառուցման գործընթացի մի մասն է։ Այն ոչ թե միայն հակամարտություն է, այլ ադրբեջանցի եւ հայ ազգերի քաղաքական ինքնորոշման գործընթացի մի մասը։ ԼՂ հակամարտության մեջ գլխավորն այն է, որ հակամարտությունը եւ հայերի, եւ ադրբեջանցիների համար քաղաքական ինքնության կենտրոնը, միջուկն է։

4. Ե՛վ մեկը, եւ՛ մյուսը։ Բայց խնդրի լուծման բանալին տարածաշրջանում է, ո՛չ Բաքվում, ո՛չ Ստեփանակերտում եւ ո՛չ էլ Երեւանում, այլ տարածաշրջանում։ Խնդիրները ներքին-խորքային բնույթ ունեն, մրցակցությունը նույնպես ներքին-խորքային է, եւ նույնիսկ տարածաշրջանի համար առկա սպառնալիքները գալիս են ոչ թե դրսից, այլ ներսից։ Բայց թերեւս կարգավորումն ավելի շատ կախված է հակամարտ կողմերից։

5. Դրանք տարբեր հակամարտություններ են: Չեչնիայի հակամարտությունն ավելի շատ ընդհանրություններ ունի Գվատեմալայի հակամարտության, քան ղարաբաղյանի հետ։ Կովկասյան հակամարտությունների ընդհանրությունն էթնիկ հիմքն է, որը չունի Մերձդնեստրյան հակամարտությունը։ Ի սկզբանե Մերձդնեստրյան հակամարտության հիմքում ընկած է եղել ոչ թե էթնիկ, այլ սոցիալական գործոնը։ Երեք հարավկովկասյան հակամարտություններին միավորում է եւ այն, որ հակամարտության արդյունքում առաջացան տարածքներ, որոնք ղեկավարվում են կառավարությունների կողմից։ Չեչնիայի դեպքում նման բան տեղի չունեցավ, քանի որ Իչկերիան, փաստորեն, ռազմական կազմակերպություն է, որին աջակցում է բնակչության մի մասը։ Չեչենները կարողացան գրավել տարածքի մի հատվածը, բայց ի վիճակի չեղան այնտեղ իրականացնել կենսունակ կառավարում։ Տարբեր է տարածքների նկատմամբ վերահսկողության չափը։ Ես կասեի, որ ամենամեծ վերահսկողությունն ունի Ղարաբաղը, ամենաքիչը՝ Հարավային Օսիան։ Հարավային Օսիան չունի տարածքային անընդհատություն, նրանք չեն իրականացրել էթնիկ զտումներ, չեն արտաքսել վրաց բնակչությանը, վրացական գյուղերը պահպանվել են։ Հարավային Օսիան շատ փոքր բնակչություն ունի, որը մասնատված է, եւ դա նույնպես ազդում է կառավարման վրա։ Առկա է ՌԴ-ի գործոնը, որը շատ խիստ է ազդում Հարավային Օսիայի քաղաքականության վրա։ Աբխազիան մի քիչ ավելի է նման ԼՂ-ին։ Բնակչությունն այստեղ ավելի ազգային է՝ այնքան էլ շատ չէ, բայց նաեւ քիչ էլ չէ, ինչպես Հարավային Օսիայում։ Նրանք չեն ղեկավարում ամբողջ տարածքը, բայց իրապես կառավարում են մի ինչ-որ մասը։ Ղարաբաղն ունի Հայաստանը։ Այս հանգամանքը շատ պերճախոս ձեւով է արտահայտել Աբխազիայի նախագահը։ Նա ասել է. «ԼՂՀ-ն ունի Հայաստանը, Մերձդնեստրն ունի Ռուսաստանը, Օսիան ունի Հարավ-հյուսիսային Օսիան, իսկ մենք ո՛չ հայր ունենք, ո՛չ մայր»։