Մեդալի հույսեր կա՞ն

04/06/2008

Պեկինի ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն 23 մարզիկներ 7 մարզաձեւերում: «Հայաստանի մարզիկների համար ավարտվել են օլիմպիական վարկանիշային մրցաշարերը: Ուղեգիր են նվաճել 6 ծանրորդներ, 4 բռնցքամարտիկներ, հունահռոմեական ոճի 6 ըմբիշներ, ազատ ոճի 3 ըմբիշներ, 2 ձյուդոիստ, 1 հրաձիգ եւ 1 նիզականետորդ: Թեթեւ ատլետիկա եւ լող մարզաձեւերից եւս 2 մարզիկներ կմեկնեն Պեկին, եթե Միջազգային օլիմպիական կոմիտեն սպիտակ քարտ հատկացնի նրանց»,- «Ազատությանն» ասել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Յուրի Ալեքսանյանը: Թվով 29-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական դրոշը, ավանդույթի համաձայն, կտանի եւ հայկական պատվիրակությանը կառաջնորդի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը:

Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, պատրաստ են դրոշները, խորհրդանիշերը, օլիմպիական զգեստները: «Արդեն պատրաստ են մեր օլիմպիական խորհրդանիշ առյուծը, դրոշները` անձրեւային եւ ոչ անձրեւային պայմանների համար, ինչպես նաեւ՝ մեր մարզիկների երեք տեսակի զգեստները` մրցութային, մարզական եւ շքերթային: Պեկինում կգործի նաեւ օլիմպիական տուն, հավանաբար` մեր դեսպանատանը»,- ասել է նախարարի մամլո քարտուղարը: Հայաստանի պատվիրակությունը Պեկին կմեկնի խաղերի մեկնարկից օրեր առաջ` երկու հերթախմբով: Պատվիրակության մասնակցության համար պետբյուջեից հատկացվել է 89 մլն դրամ: Սակայն, Յուրի Ալեքսանյանի խոսքով, օլիմպիական խաղերին մասնակցության բոլոր ծախսերը հատուցվելու են Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից:

Նախորդ Օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի օրհներգը չհնչեց. Աթենքում կայացած ամառային խաղերից Հայաստանը ներկայացնող 18 մարզիկները վերադարձան ձեռնունայն: Դեռ հայտնի չէ, կհնչի՞ արդյոք Հայաստանի Հանրապետության օրհներգն այս օլիմպիական մայրաքաղաքում, թե՞ ոչ: Սակայն, ինքը` նախարարի մամլո խոսնակը, մեդալի հույսերը կապում է հիմնականում երեք մարզաձեւերի հետ` ծանրամարտ, բռնցքամարտ եւ ըմբշամարտ: «Մեկ աշխարհ, մեկ երազանք»` այս խորագրի ներքո Չինաստանի մայրաքաղաքում օգոստոսի 8-24-ը կանցկացվեն ամառային Օլիմպիական խաղերը: