Լորենս Դարել (1912-1990)

04/06/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Մուրակամիների, Էկոների եւ Կոելյոների «անվերջանալի ֆայլերի» տարափի տակ երբեմն ռուսերեն տպագրվում են հեղինակներ, որոնք մնում են տարօրինակորեն անհայտ եւ անծանոթ: Դրանցից մեկն է Լորենս Ջորջ Դարելը` 20-րդ դարի լավագույն արձակագիրներից մեկը, ով իռլանդական ծագում ունի եւ ծնվել է Հնդկաստանում`1912 թվականի փետրվարի 27-ին` Ձկների համաստեղության ներքո։ Կլոդին Բրելեի հետ իր հարցազրույցներից մեկում Դարելն ասում էր. «Համարվում է, որ Ձկները իրենք իրենց չեն ճանաչում: Սակայն ես սիրում եմ բազմապիսի չափազանցություններ: Ենթադրենք, երբ ես ձեզ ասեմ, որ ծնվել եմ Հնդկաստանում, դա ֆանտազիա կթվա»: Կ. Բրելեի հարցին. «Դուք հպարտանո՞ւմ եք այն բանով, որ իռլանդացի եք», Դարելը պատասխանել էր. «Այո: Իռլանդական գրական ավանդույթի պատճառով: Անգլիայում համարյա բոլոր լավ գրողները իռլանդացի են»: Եվ այստեղ արդեն ոչ մի չափազանցություն չկա, քանի որ անգլո-սաքսոնյան գրականությունից եթե հանենք իռլանդացիներին, ասենք` Լորենս Սթերնին, Ջոնաթան Սվիֆտին, Լորդ Դանսենիին, Ուիլյամ Բլեյքին, Օսկար Ուայլդին, Յեթսին, Ջոյսին եւ Բեքեթին, շատ տխուր պատմություն կստացվի: Այս փաղանգի մեջ (որը կարելի էր ընդլայնել` Սքոթ Էրիուգենայից մինչեւ Շեյմաս Հինի) իր աննման տեղն է գրավում նաեւ դիվանագետ, ուսուցիչ, բրիտանական մամլո ատաշե, անիմալիստ Ջերալդ Դարելի ավագ եղբայր Լորենս Դարելը, ով համաշխարհային հռչակի հասավ «Ալեքսանդրյան կվարտետից» հետո, որը վերջերս լույս ընծայեց «Սիմպոզիում» հրատարակչությունը:

«Ալեքսանդրյան կվարտետի» առաջին վեպը` «Ժյուստինը» (1957թ.) անգլիագիր քննադատներին բաժանեց երկու ճամբարի` մի մասը հեղինակի համար նախորոշել էր նոր Մարսել Պրուստի փառքը, իսկ մյուս մասը նրան համարում էր գրական խաբեբա: Քառերգության երկրորդ վեպը` «Բալտազարը» (1958թ.) միայն կրակի վրա յուղ լցրեց, ընթերցողների մեջ քայքայելով այն տպավորությունը, թե նրանք «Ժյուստինից» ինչ-որ բան հասկացել են: Այնուհետեւ հաջորդեցին «Մաունթոլիվը» (1958թ.) եւ «Կլեան» (1960թ.): Չորս վեպերի ընդհանուր ենթավերնագիրը` «Ժամանակակից սիրո հետազոտումը», ուրվագծում է հիմնական թեմաները, որ անցնում են «Ալեքսանդրյան կվարտետի» միջով` սերն ու իմացությունը: «Ժյուստինը» եւ «Բալտազարը» սերտորեն կապված են միմյանց սյուժետային զուգընթացությամբ` դա երկու հերոսների «վարքն է»` նոր Կլեոպատրայի եւ նոր կույր իմաստուն Տիրեսիասի, զգացմունքի եւ բանականության էվոլյուցիայի երկու փուլերը:

Հենրի Միլլերին հղած իր նամակներից մեկում Լ. Դարելը գրում էր. «Կյանքն իմ ասես մասերի հատած որդ լինի. մինչեւ 11 տարեկանը` փառահեղ անուրջներ` ճերմակ, ճերմակ, Հիմալայից ճերմակ` ննջասենյակի պատուհանից: Հանդարտ սեւազգեստ ճիզվիտները աղոթում են մեր Աստվածամորը, իսկ դրսում, սահմանամերձ ճանապարհներով, ոտքերն անշնորհք տեղփոխ անելով քայլում են չինացիները, իսկ տիբեթցիները հենց հողի վրա թղթախաղով են զբաղված. լեռների միջեւ կապույտ կիրճեր են: Տեր իմ, ինչ երազանք է, լեռնանցքները Լհասայի ճանապարհին` սառցակապուտակ, սուրբ արգելված քաղաքին մոտենալու ընթացքում` հետզհետե հալչող: Ինձ թվում է, Տիբեթն ինձ համար նույնն է, ինչ Ձեզ համար` Չինաստանը»:

Անգլիա վերադառնալուց հետո շարունակվեցին անդադար դեգերումները: 1935 թվականին Լ. Դարելն ընտանիքով հայտնվեց Կորֆու կղզում, որտեղ ծանոթացավ հույն բանաստեղծներ Գեորգոս Կացիմբալիսի, Գեորգոս Սեֆերիսի հետ, ինչպես նաեւ ընկերացավ Կոստան Զարյանի հետ, որը դարձավ իր վեպերից մեկի գլխավոր հերոսներից, եւ ինքը՝ Լորենս Դարելն էլ հայտնվեց Կ. Զարյանի «Կղզին» խոհագրություն-վիպակի էջերում: 1991 թվականին «Գրական թերթում» արեւմտահայերեն տպագրվեց Լ. Դարելի «Կոստան Զարյան. երիցս աքսորյալը» գրությունը: Մինչեւ այսօր հայերեն հայտնված միակ տեքստը:

1952 թվականին Լ. Դարելը տեղափոխվեց Կիպրոս, որպեսզի իրեն լիովին նվիրաբերի գրականությանը: Այդ տարիներին նա ապրուստի փող էր վաստակում՝ անգլերեն դասավանդելով: Այդ տարիներին էլ նա գրեց իր «Դառը կիտրոններ» գիրքը, որտեղ տեղ են գտել 1957 թվականին Կիպրոսում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, եւ որը 2007 թվականին ռուսերեն հրատարակել է «Բ.Ս.Գ. Պրեսս» հրատարակչությունը իր Sac de Voyage շարքով: «Դառը կիտրոններ» վեպը ճամփորդական արձակի հիասքանչ նմուշ է: Վեպի գլխավոր հերոսը Կիպրոսն է: Ցայտուն տիպաժները, զվարճալի սյուժեները, հիասքանչ բնանկարները, եւ այդ ամենին շաղախված՝ Դարելին բնորոշ անկրկնելի նրբերանգներն ու բացարձակապես առանձնահատուկ տեսունակությունը` անասելի հաճույք են պատճառում: Իսկ 2006 թվականին նույն հրատարակչությունը լույս էր ընծայել «Խորհրդածություններ Ծովային Վեներայի մասին» ճամփորդական վեպը, որի հերոսն էր Միջերկրածովքի Ռոդոս կղզին:

2004-ից սկսած նույն հրատարակչությունը սկսեց տպագրել «Ավինյոնյան կվինտետ» վիպաշարը, որի առաջին գիրքն է` «Մեսյեն կամ խավարի իշխանը»: Այս անգամ Դարելը մեզ տեղափոխում է Ֆրանսիայի հարավ, եգիպտական անապատ, Վենետիկ: Խորհրդավոր իրադարձությունը` հերոսներից մեկի մահը, եւ այն ամենը, ինչը նախորդել էր դրան, վեպի պերսոնաժները` բժիշկը, պատմաբանն ու գրողը, տարբեր կերպ են մեկնաբանում:

2005-ին տպագրվեց վիպաշարի երկրորդ վեպը` «Լիվիան, կամ ողջ-ողջ թաղվածը»: Իր վառ եւ գեղանկարչական պատումի մեջ օգտագործելով «Ալեքսանդրյան կվարտետի» հնարքներն ու մոտիվները, հեղինակն ընթերցողի արդեն ծանոթ հերոսներին հանդիպեցնում է Պրովանսում եւ եվրոպական մայրաքաղաքներում: Հարաբերությունների եւ պատմությունների գաղտնիքներն արտասովոր կերպով շաղկապվում են: Նույն թվականին լույս տեսավ նաեւ շարքի երրորդ վեպը` «Կոնստանս, կամ մենավոր ուղիները», որտեղ Դարելը պատմում է իր պերսոնաժների հետագա ճակատագրերը, որ կրում են ֆաշիզմի բերած բոլոր զրկանքներն ու տանջանքները: Շատ հստակ եւ արտասովոր վարպետությամբ ցուցադրված է Երրորդ Ռեյխի «ռազմական մեքենայի» հրեշավոր մեխանիզմը: 2007-ին լույս տեսավ վիպաշարի չորրորդ գիրքը` «Սեբաստիան, կամ Անհաղթահարելի կրքեր»: Կոնստանսը փորձում է մոռանալ իր եգիպտացի սիրեկանին: Ինքը՝ Սեբաստիանը եւս հուսահատության մեջ է: Սերն առ Կոնստանսը ստիպում է նրան վերանայել կյանքի բոլոր արժեքները: Որպեսզի պահպանի հավատարմությունը գնոստիկների միաբանությանը, նա ուղեւորվում է Ալեքսանդրիա: Նույն թվականին տպագրվեց նաեւ վիպաշարի եզրափակիչ հինգերորդ վեպը` «Quinx, կամ Բզկտողի պատմածը»: Այստեղ Դարելն ավարտին է հասցնում իր հերոսների ճակատագրերի պատմությունը: Հակառակ բոլոր հուսաբեկություններին եւ երբեմն միստիկական գաղտնիքներով սքողված ողբերգություններին, նրանք ջանում են գտնել հոգեկան հավասարակշռությունը եւ կյանքի կորսված իմաստը: Շատ հարցերի պատասխանները թաքնված են գնչուհու՝ երբեմն բավական անսովոր, մարգարեություններում:

Լորենս Դարելի մասին մտորելիս հիշեցի կինոռեժիսոր Օրսոն Ուելսի հետ կապված մի պատմություն, որով էլ ուզում եմ եզրափակել այս նյութը: Անձրեւոտ մի օր, գավառական քաղաքներից մեկում Օրսոն Ուելսը պետք է դասախոսություն կարդար, եւ երբ մտավ աննշմար քաղաքի ինչ-որ շինության մեծ դահլիճը, ապա հազիվ 20-25 հոգի էին հավաքվել: Զննելով դահլիճն ու մարդկանց՝ Օ. Ուելսն ասաց. «Ես գրում եմ վեպեր, պիեսներ, բանաստեղծություններ, կինոսցենարներ, ռադիոբեմադրություններ եմ անում եւ ֆիլմեր նկարում, ինչպես նաեւ նկարահանվել եմ մի շարք կինոնկարներում: Նվագում եմ դաշնամուր, ջութակ, սրինգգ եւ այլն, եւ այլն»: Հետո մի անգամ եւս հայացքով չափեց դահլիճն ու հավաքվածներին ու ասաց. «Ահա տեսնո՞ւմ եք, թե ինչ շատ եմ ես, եւ ինչ քիչ եք դուք»: