«Ժառանգությունը» զորակցում է

01/06/2008

Երեկ տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում, ըստ կուսակցության տարածած հաղորդագրության, ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու ու նրա արտաքսումը կանխելու հետ կապված խնդիրներ, ինչպես նաեւ՝ ՏԻՄ առաջիկա ընտրություններին «Ժառանգության» մասնակցության ձեւաչափը հստակեցնելու հետ կապված հարցեր: «Ժառանգությունն» իր զորակցությունն է հայտնել Ժ.Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով ՀՀ նախագահին դիմած` «Ժառանգության» պատգամավորների նախաձեռնությանը եւ առաջարկել է նույն դիմումով պահանջել ազատ արձակել Վարդան Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին, Արարատ Զուրաբյանին, Ալեքսանդր Արզումանյանին եւ դադարեցնել ընդդիմադիր գործիչների հանդեպ քաղաքական հետապնդումները: Ինչ վերաբերում է աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին, ապա խորհրդի անդամները հիմնականում կողմ են արտահայտվել դրանցում կուսակցության գործուն ներգրավմանը` ինչպես սեփական թեկնածուներով, այնպես էլ՝ այլընտրանքային թեկնածուների զորակցությամբ: Հիշեցնենք, որ Երեւանի 3 համայնքներում մայիսի 18-ին կայացած ընտրություններին ընդդիմությունը չմասնակցեց` դա հիմնավորելով նրանով, որ չի ցանկանում ՏԻՄ ընտրություններին մասնակցելով՝ լեգիտիմացնել ապօրինի իշխանություններին: Եվ դժվար չէ կանխատեսել, որ «Ժառանգության» հնարավոր մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին իշխանությունները կօգտագործեն հենց այդ տրամաբանությամբ` ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին լսարանին ներկայացնելով, որ առնվազն ԱԺ-ի արմատական ընդդիմությունը ճանաչում է նախագահական ընտրությունների լեգիտիմությունը: