ԱԺ Եվրաինտեգրման հարցերի ու Իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում երեկ որոշում է կայացվել հունիսի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցի հարցով լսումներ անցկացնելու մասին: Հիմնական զեկուցողներն են լինելու մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ովքեր վերջին օրերին «հետաքրքիր զուգադիպությամբ» գրեթե միաժամանակ բացասական կարծիք են հայտնել օմբուդսմենի զեկույցի վերաբերյալ` անգամ հայտարարելով, թե մարդու իրավունքների պաշտպանը գերազանցել է իր լիազորությունները: Հիշեցնենք, որ Արմեն Հարությունյանն իր զեկույցում ընդամենը իշխանականից տարբերվող եւ իրականությանը համապատասխանող փաստեր ներկայացնելով` անդրադարձել էր ընտրությունների ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին եւ հետընտրական շրջանի, այդ թվում` մարտի 1-ի, դեպքերին: Զեկույցում նա հիմնականում անուղղակիորեն նշել էր, որ մարտի 1-ի արյունալի դեպքերի համար պատասխանատու են նաեւ իշխանությունները: Այսպիսով, հունիսի 5-ին կայանալիք ԱԺ լսումները, ըստ էության, ոչ այլ ինչ են, եթե ոչ օմբուդսմենի զեկույցում ներկայացված «իշխանությունների» (կամ որ նույնն է` Ռոբերտ Քոչարյանի) պատասխանը Արմեն Հարությունյանին: Ընդ որում, նույնքան «հետաքրքիր զուգադիպությամբ»՝ վերջինիս պատասխանողները ավանդաբար համարվել են Ռ. Քոչարյանի «մարդիկ»: