ԼԵւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է

01/06/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանում Հանրային խորհրդի ձեւավորման գաղափարը եղել է դեռեւս 2 տարի առաջ, երբ մշակվում էր Ազգային անվտանգության հայեցակարգը: Երեկ նման հայտարարություն արեց նախագահի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Վերջինիս խոսքերով` ինքը նման հայտարարություն անում է այն պատճառով, որ վերջերս տարբեր քաղաքական գործիչներ քննարկում են, թե Հանրային խորհրդի ստեղծման գաղափարն ո՞վ է առաջինը շրջանառության մեջ դրել: Ու թեեւ շատերը փորձում են Հանրային խորհրդի ստեղծման խնդիրը կապել այսօր Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակի հետ, սակայն Գ. Իսագուլյանը հավաստիացնում է, որ այն օրակարգային հարց էր, ու անկախ ներքաղաքական իրավիճակից` Հանրային խորհրդի ձեւավորման հարցը, միեւնույն է, քննարկվելու էր: «Չնայած գուցե ներքաղաքական իրավիճակը մեզ կթելադրի կամ կհուշի, որ անհրաժեշտ է Հանրային խորհրդում հնարավորինս ընդգրկել քաղաքական-հասարակական այն ուժերին եւ անհատ գործիչներին, ովքեր այլ ամբիոն չունեն»,- ասաց նա: Գ. Իսագուլյանի խոսքերով` իրենք ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը, եւ չնայած շատերի մոտ տպավորություն կար, որ հանրային խորհուրդներ գործում են միայն հետխորհրդային հանրապետություններում, սակայն այս կարգի կառույցներ կան ամենազարգացած երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, Գերմանիայում: Հանրային խորհրդի հետ կապված, Գ. Իսագուլյանի հավաստմամբ` մինչ օրս ստացել են 359 առաջարկություն` ամենատարբեր կազմակերպությունների ու անհատների կողմից: Հանրային խորհրդում ամենատարբեր ուժերի ներգրավելու գործով, ըստ Գ. Իսագուլյանի` ինքն անձամբ է զբաղվում: «Անձամբ զանգահարել եմ բոլորին` այն քաղաքական կազմակերպություններին, որոնք մասնակցել են վերջին խորհրդարանական ընտրություններին, բայց չեն հաղթահարել հինգ տոկոսը ու ԱԺ-ում ներկայացուցչություն չունեն, նախագահի նախկին թեկնածուներին, ինչպես նաեւ այն հ/կ-ների ներկայացուցիչներին, որոնք ավելի շատ ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս: Առայժմ պաշտոնական մերժում ստացել ենք միմիայն Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից»,- ասաց նա` ավելացնելով, որ Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն իրենց մերժումը պատճառաբանել է նրանով, որ քանի դեռ Հայաստանի կողմից կատարված չեն ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջները, իրենք ձեռնպահ են մնում որեւէ բանի մասնակցություն ունենալուց: «Ես նրան ասացի, որ մենք նաեւ ՄԱԿ-ի անդամ ենք, որը վերջերս Լեռնային Ղարաբաղի մասին բանաձեւ է ընդունել: Ինչու դա չեք բերում իբրեւ փաստ իշխանությունների հետ երկխոսության համար: Եվ եթե դուք իսկապես պատրաստ եք Եվրախորհրդի կամ որեւէ ատյանի բանաձեւերը Հայաստանի համար որպես պարտադիր կատարման փաստաթղթեր ներկայացնել, ճիշտ կլիներ, որ այդ բոլոր բանաձեւերը դնեիք երկխոսության հիմքում: Կարծում եմ` այստեղ շահարկվում է ԵԽ ԽՎ բանաձեւը»,- ասաց նա: Գ. Իսագուլյանի խոսքերով` շատ լավ կլիներ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ներգրավվեին Հանրային խորհրդին: Նրա հավաստմամբ` անգամ, երբ իրեն հարցրել են, թե հնարավոր կլինե՞ր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ղեկավարեր Հանրային խորհուրդը, ինքը պատասխանել է, որ որեւէ խոչընդոտ չկա: «Մտավախություններ կային, որ գուցե այս խորհրդի ստեղծումը եւս մեկ ձեւական մարմին է, որն ինչ-որ մարդկանց հրահանգներն է կատարելու: Մենք պարզ ասացինք, որ այն մեխանիզմը, որը կմշակենք միասին, կբացառի այդ երեւույթը: Եվ ասել, թե իբրեւ սա կատարվում է` ինչ-որ մեկի հետ երկխոսություն ծավալելու համար, թյուր կարծիք է: Հանրային խորհրդի ստեղծումն օրակարգային խնդիր էր, որ պետք է կատարվեր»,- ասաց նա` ավելացնելով, որ Հանրային խորհրդի աշխատանքներին մասնակցելու իրենց համաձայնությունը տվել են նախագահի նախկին թեկնածուներից Արամ Հարությունյանը եւ Արտաշես Գեղամյանը: Ի դեպ, Գ. Իսագուլյանի խոսքերով` Հանրային խորհրդի աշխատանքներին ներգրավվելու են նաեւ լրագրողները: Իսկ Հանրային խորհուրդը, ամենայն հավանականությամբ, կձեւավորվի սեպտեմբերին:

Դաշնակցության երեք նախարարներ վերջերս հրաժարական տվեցին: Արդյոք զարմանալի չէ՞ր նրանց հրաժարականը: Այս հարցին ի պատասխան` Գ. Իսագուլյանը նշեց, որ ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս չի եկել: «Երեք գործող նախարարներն ընտրվել են Բյուրոյի անդամ, ու իրենք վայր են դնում իրենց նախարարական լիազորությունները, որպեսզի աշխատեն Բյուրոյի կազմում: Նրանց փոխարեն ՀՅԴ-ն կառաջարկի նոր թեկնածուներ, եւ այստեղ որեւէ արտառոց բան չկա: Դաշնակցության Բյուրոն գործուն մարմին է, եւ Բյուրոյի ամեն անդամ կոնկրետ պարտավորություններ է ունենում: Կարծում եմ, նրանք գտել են, որ երկու աշխատանքները համատեղելը բավականին ծանր կլինի, ու նման որոշում են կայացրել»,- նշեց նա: