«Սկզբունքային անհամաձայնություններ ունեմ կուսակցության կողմից վերջին մեկ տարվա ընթացքում վարվող քաղաքականության վերաբերյալ»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է օրերս ՀՅԴ-ից հեռացված Ռուբեն Հակոբյանը: «Դա վերաբերում է եւ՛ նախագահական ընտրություններին մասնակցության ձեւին եւ բովանդակությանը, եւ՛ նախագահական ընտրություններից հետո ծավալվող գործունեությանը: Դեմ եմ անսկզբունքայնությանը: Որեւէ քաղաքական կուսակցության անսկզբունքայնությունն ինձ համար անհասկանալի է»,- հայտարարել է Ռ. Հակոբյանը: Հարցին, թե` կոալիցիային միանալն անսկզբունքայնությո՞ւն է, Ռ. Հակոբյանը պատասխանել է. «Ինձ համար չափից դուրս անհասկանալի էր, որ ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ հանձնվեց Լեւոն Տեր-Պետրոսյանին: Եթե մենք խոսում ենք իսկապես պետության դինամիկ, ռիթմիկ զարգացման համար, քաղաքական դաշտի կայունության համար՝ պետք է ապահովել այդ դաշտում ընդդիմադիր կեցվածքի, ընդդիմադիր ճշգրիտ պահվածքի կուսակցություններ: Այսօր այն հարաբերությունը, որ կա Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իշխանությունների միջեւ, դա քաղաքական պայքար չէ, դա կռիվ է, եւ ինչ-որ տեղ` որեւէ օրենք չճանաչող կռիվ է»:
Նա անընդունելի է համարում այնպիսի մոտեցումը, ըստ որի` «եթե կոալիցիայում չես, նշանակում է` Տեր-Պետրոսյանի հետ ես»։ «Նույնը մեկ այլ ֆորմատով՝ հետեւյալն է, որ հայ ժողովուրդը բաժանված է երկու հատվածի` մեկն իշխանության հետ է, մյուսը` Լեւոն Տեր-Պետրոսյանի: Շատ ընդգծված էգոիստական մոտեցում է, որն, անկեղծ ասած` ձեռնտու է երկու կողմին»,- նկատել է նախկին ՀՅԴ-ականը:
Այն, որ երկու այդպիսի բեւեռ կա, ըստ Ռուբեն Հակոբյանի` չի նշանակում, որ ամբողջ հասարակությունը միացված է դրանցից որեւէ մեկին։ «Ես հաստատապես կարող եմ ասել, որ ոչ պակաս` եւ՛ քանակով, եւ՛, առավել եւս, որակով, կա զգալի մի հատված մեր հասարակության մեջ, որը հենց գտնվում է այս երկու բեւեռների արանքում: Ի վերջո, այդ հասարակությունը կկազմակերպվի, եւ ինքը հանունի, ոչ թե ընդդեմի իր խոսքը կասի այս պետության, մեր պետականության կայացման համար»,- ասել է նա` հավելելով, թե իր համար առաջնահերթությունն ազատ, արդար ընտրություններն են: Այդ պարագայում, ըստ նրա` նաեւ ընդունելի կլինի ցանկացած արդյունք: «Եթե նույնիսկ միջին կարողության որեւէ անհատ ընտրվի, վստահ եմ, որ նա շատ ավելի պետք կգա մեր պետությանը, ավելի շատ օգուտ կբերի, քան կեղծիքով կարգված թեկուզ հանճարեղ ունակություններով որեւէ մեկը»,- ասել է նա: