«Եղել է քաղաքական պատվեր»,- ասում է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը

01/06/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– ՀՀ Գլխավոր դատախազությունն ու Արդարադատության նախարարությունը գրեթե միաժամանակ ներկայացրին իրենց առարկությունները ՀՀ Մարդու իրավունքների (ՄԻ) պաշտպանի «2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ» արտահերթ զեկույցի վերաբերյալ: Եվ դրանց հիմնական իմաստն այն էր, որ պաշտպանը գերազանցել է իր լիազորությունների շրջանակները եւ գնահատականներ ու ցուցումներ է տալիս: Դուք` որպես նախկին պաշտպան, համաձա՞յն եք այդ դիտարկումների հետ:

– Հայաստանում իշխանությունները, հատկապես՝ իրավապահ մարմինները, շատ ցավագին են ընդունում պաշտպանի ցանկացած նախադասություն: «ՄԻՊ-ի մասին» օրենքն ասում է, թե պաշտպանը կարող է առաջարկություններով հանդես գալ: «Առաջարկություն» խոսքը շատ ընդգրկուն է, եւ եթե որեւէ նախադասություն պարունակում է առաջարկություն, բայց չի սկսվում «առաջարկում եմ» բառով, ամենեւին չի նշանակում, որ նա հանդես է գալիս ցուցումով կամ պարտադրանքով: Հորդորելը կամ այլ եղանակով ներկայացնելը նույնպես կարող է այս դեպքում առաջարկություն համարվել: Չի կարելի բառերից կառչել: Պաշտպանի պաշտոնում ընտրվում է հասարակության մեջ բարձր հեղինակություն ունեցող եւ վստահություն վայելող մարդը: Նրա առերեւույթ սուբյեկտիվությունը պետք չէ բացասական ընկալել: Հակառակը, նա ոչ թե պետք է կառչի օրենքի տառից, այլ իր խոսքը պետք է բխեցնի օրենքի եւ իրավունքի ոգուց: Պաշտպանը պետք է միշտ առաջատարի դերում հանդես գա: Ինչպես որ իրավունքն ավելի մեծ հնարավորություններ է ենթադրում, իսկ օրենքը որոշ առումով հստակեցնում է իրավունքի սահմանները: Կարծում եմ` մեր իշխանությունների նման ցավագին ընկալումը գալիս է այն բանից, որ Հայաստանում ՄԻՊ-ի հաստատությունը դեռ երիտասարդ կառույց է: Եվ իշխանությունների մեջ, որպես կանոն, չկա այն խորքային ընկալումը, թե ի՞նչ է իրենից ներկայացնում պաշտպանը: Ես չգիտեմ թեկուզ ԱՊՀ որեւէ երկրում որեւէ մարմին, որ պաշտպանի զեկույցի դեմ հանդես գա այնպիսի ոճով, ինչպիսին մեր Դատախազության առարկությունն է: Որպես կանոն` զարգացած երկրներում, եւ ես միշտ բերում եմ իմ սիրելի օրինակը` Շվեդիայում, ՄԻՊ-ի զեկույցին վերաբերվում են այս մոտեցումով` տեսնես ի՞նչ է գրելու: Գրածն էլ սկսում են փնտրել իրենց մեջ, թե այդ ի՞նչ են արել, որ պաշտպանն այդպիսի բան է գրել: Ոչ այդքան զարգացած երկրներում եւս, որտեղ այդ ինստիտուտն ընդամենը 15 տարի առաջ են ստեղծել, էլի նման դեպքեր չգիտեմ: Անհամաձայնություններ եղել են, բայց որպես պատասխան նյութ, որը կոչվի առարկություն, չեմ լսել: Սովորաբար նման զեկույցից հետո հրավիրում են պաշտպանին, քննարկում են, լսում են նրա մոտեցումները եւ հետագայում հանդես են գալիս ինչ-որ որոշումով, որտեղ ցույց են տալիս, թե իրենց թերություններն ինչպես պետք է ուղղեն, կամ ինչ են քաղել զեկույցից (հարցազրույցից մի քանի ժամ անց պաշտոնապես հայտարարվեց, որ հունիսի 5-ին ՄԻՊ-ի զեկույցի վերաբերյալ լսումներ են անցկացվելու ԱԺ-ում, որտեղ որպես զեկուցողներ հանդես են գալու արդարադատության նախարարը եւ գլխավոր դատախազը.- Ա.Ա.):

– ՄԻՊ-ի ինստիտուտը Հայաստանում ներդրվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, եւ երկու պաշտպաններն էլ, այդ թվում` դուք, ընտրվել եք նրա օրոք, ըստ էության, նաեւ` նրա համաձայնությամբ: Սակայն որոշ ժամանակ անց Ռ.Քոչարյանին սկսեց դուր չգալ ձեր գործունեությունը, իսկ Արմեն Հարությունյանն արժանացավ նրա` «ամենաանհաջող կադր» որակմանը: Ինչո՞վ եք դա բացատրում:

– Այն, որ առաջին եւ գործող պաշտպանների հանդեպ երկրի նախագահն իրեն ճիշտ չի դրսեւորել, ապացուցում է, որ Հայաստանը մնում է ավտորիտար մտածելակերպի իշխանություններով պետություն: Ճիշտ է, նախագահն իմ հասցեին նման արտահայտություններ չի արել, ինչն արեց Ա.Հարությունյանի դեպքում, բայց ինձ էլ մի տարի չէր ընդունում: Իսկ Ա.Հարությունյանի հանդեպ Ռ.Քոչարյանի ասածը մերժելի էր, որովհետեւ պաշտպանը երկրորդ մակարդակի վրա գտնվող 4 անձերից մեկն է: ԱԺ նախագահ, վարչապետ, ՍԴ նախագահ, եւ չորրորդը ՄԻՊ-ն է: Եվ դրա մասին է խոսում մեր օրենսդրությունը` թե՛ աշխատավարձով, թե՛ լիազորություններով: Ես գտնում եմ, որ երկրի երկրորդ նախագահը չպետք է իրեն թույլ տար նման արտահայտություն անել: Դա նախագահին հարիր կեցվածք չէ: Անգամ, եթե մարդկային առումով համաձայն չէր պաշտպանի հետ, միեւնույն է` նախագահի պաշտոնը պահանջում է լինել ավելի զուսպ ու կոռեկտ: Գիտեք՝ ՄԻՊ-ին, թեկուզ ինձ կամ Ա.Հարությունյանին, միշտ հաճելի՞ է եղել պաշտոնյաների հետ շփվելը: Բացարձակ: Բայց պաշտոնը պարտադրում է: Դատավորներին մի՞շտ է հաճելի լինում այս կամ այն դատավարությունը վարելը: Բացարձակապես:

– Դատախազության «առարկություններից» բացի, երկրի նախագահի կողմից պաշտպանի նկատմամբ նման վերաբերմունքը նո՞ւյնպես նախադեպ չի ունեցել այլ երկրներում:

– Չկա, գիտեք: Ես գիտեմ, որ սուր դրսեւորումներ եղել են Ղրղըզստանում: Այնտեղ դժգոհություններ կային պաշտպանի նկատմամբ, բայց այսպիսի դրսեւորումներ չեմ հիշում:

– Փաստորեն մեր իշխանությունները ՄԻՊ-ի ինստիտուտի նկատմամբ ունեցած վերաբերմունքով էլ չեն կարող համեմատվել ավելի զարգացած երկրների հետ: Եվ ստիպված ենք բավարարվել Ղրղըզստանով:

– Գիտե՞ք՝ Ղրղըզստանը մարդու իրավունքների եւ ժողովրդավարության առումով առաջատար է Կենտրոնական Ասիայի երկրներում:

– Իսկ որպես ՄԻ նախկին պաշտպան՝ դուք ինչպե՞ս եք գնահատում Ա.Հարությունյանի արտահերթ զեկույցը:

– Այդ զեկույցը պահանջված էր, բայց ոճային առումով հավասարաչափ չէր: Զեկույցի առաջին հատվածն ավելի շուտ վերլուծական, հոգեբանական եւ տեղեկատվական բնույթ է կրում: Ես գտնում եմ, որ այդ մասը, դասական առումով, այնքան էլ մոտ չէ ՄԻՊ-ի զեկույցին: Ես համաձայն չեմ Դատախազության բնութագրման հետ, թե պաշտպանը հիմնվել է ԶԼՄ-ների հրապարակումների, սուբյեկտիվ` այստեղից-այնտեղից լսած տվյալների վրա: Գտնում եմ, որ թե՛ մարդու իրավունքների միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, թե՛ երկրի ՄԻ պաշտպանը ոչ միայն իրավունք ունեն, այլեւ պարտավոր են հիմնվել նաեւ չապացուցելի որոշ տվյալների վրա: Մեր երկրում մարդիկ ունեն վախի զգացում: Երբ ականատեսին հարցնում ենք` կարելի՞ է ձեր անուն-ազգանունը գրել, գործին ընթացք տալ, շատ անգամ այդ մարդը վախից հրաժարվում է: Այսինքն` մեր նման երկրներում, երբ մարդը դեռ նորմալ պաշտպանված չի զգում իրեն, որովհետեւ չունենք անկախ դատական համակարգ, ՄԻՊ-ը պարտավոր է նաեւ այդպիսի տեղեկատվությունը հիմք ընդունել, եւ դա բացարձակապես չի խոսում թուլության մասին: Պարզապես զեկույցի առաջին մասը քիչ է հիմնվում օրենքի տառի վրա, ավելի շատ վերլուծական է: Բայց դա, իհարկե, չի նշանակում, թե պաշտպանը զրկված է վերլուծականով հանդես գալու իրավունքից: Հիմա մեր իրավապահ կառույցներն ուզում են այդ զեկույցը դատել օրենքի տառով, շատ չոր, այնինչ պաշտպանը շատ ավելի ազատ է իր ոճի եւ ընտրության մեջ:

– ՀՀ Գլխավոր դատախազության արձագանքում նշված էին միայն պաշտպանի զեկույցի վերաբերյալ առարկությունները: Արդյոք զեկույցում չկա՞ր թեկուզ մի դիտողություն, որ Դատախազությանը կարող էր համոզիչ թվալ:

– Ես այդ վիճակը տարօրինակ եմ համարում: Տարիներ շարունակ շփվել եմ մեր Դատախազության աշխատակիցների հետ եւ, բոլոր բացասական երեւույթներով հանդերձ, միշտ ընդգծել եմ, որ այդ ոլորտում մենք ունենք շատ բարձր պատրաստված կադրեր: Այս դեպքում, կարծում եմ, եղել է քաղաքական պատվեր կամ պարտադրանք: Կամ էլ ես կարծում եմ, որ դա պետականության նկատմամբ սխալ ընկալումն է: Կարծես մենք գործում ենք տոտալիտար ընկալումների ներքո` ուժեղ է պետությունը, որտեղ իշխանությունը որպես մոնոլիտ է հանդես գալիս: Գլխավոր Դատախազությունը ոչ միայն իր սեփական գերատեսչական, այլեւ համագործակցած բոլոր գերատեսչությունների շահն է վեր դասում մարդկային իրավունքներից: Կարծում եմ` Դատախազությունը ոչ միայն իրեն է ցանկացել արդարացնել այդ բոլոր գործողությունների մեջ, այլեւ գալիս էր արդարացնելու նաեւ Ոստիկանության գործողությունները:

– Նույն Դատախազության ներկայացուցիչներն, իրենց հերթին, երկու օր առաջ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում քաղաքական պատվեր համարեցին Ա.Հարությունյանի զեկույցը:

– Եթե ՄԻՊ-ը պարտավոր է ավելի զգայուն լինել դեպի հասարակության պահանջարկը կամ պատվերը, ապա մեր իշխանությունները կարծում են, թե իրենք պետք է զգայուն լինեն միջգերատեսչական կամ գերատեսչական շահի հանդեպ: Նրանք մոռանում են, որ Սահմանադրությունն ասում է, որ մարդու իրավունքները գերակա են, եւ պետությունը, իշխանություններն են սահմանափակված մարդու իրավունքներով: Ցավոք, այս գեղեցիկ ու տեղին նախադասությունը մեր մոտ դեռ չի ընկալվում: Եվ դա պատահական չէ, մենք տարիներ շարունակ պետություն չենք ունեցել, ունենալու դեպքում էլ տոտալիտար պետության ներքո ենք ապրել, ուր պետական շահը միշտ առանձնացված է մարդու իրավունքներից: Նույնիսկ ամենազարգացած երկրներում զանգվածային բողոքի ակցիաների դեպքում, Ոստիկանության կամ առանձին ոստիկանների կողմից միշտ էլ ոչ համաչափ գործողություններ եղել են: Ի՞նչ է` մեզ մոտ տեղի չի՞ ունեցել, մեր բոլոր ոստիկանները շատ ավելի լա՞վ են պատրաստված եղել: Նկարներ կան, որ օրը ցերեկով ոստիկանի մահակն իջնում է ՄԱԿ-ի փորձագետի գլխին: Այդ դեպքը տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ: Նման դեպքերում հազվադեպ է լինում, որ կադրը որսաս, այս դեպքում ստացվել է: Բա դա՞ էլ տեղի չի ունեցել: Հիմա մենք չպե՞տք է իմանանք, թե ով է խփել այդ մարդու գլխին: Ինչո՞ւ այս դեպքերը չեն քննվում եւ դառնում համաչափ պատժելիության առարկա:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Գլխավոր դատախազությունն ու Արդարադատության նախարարությունը միաժամանակ հրապարակեցին իրենց առարկությունները:

– Ես կարծում եմ, որ դա միջգերատեսչական, նաեւ իշխանությունը որպես մոնոլիտ ներկայացնելու խնդիր է լուծում: Արդարադատության նախարարությունն ունի Դատախազությունից խիստ տարբերվող խնդիրներ: Նա պետք է Դատախազությունից ավելի մոտ կանգնած լինի մարդու իրավունքների պաշտպանությանը: Երբ ես էի ՄԻ պաշտպան, Արդարադատության նախարարության ոճը եղել է ոչնչացնող: Դա ինձ համար զարմանալի էր: Ես դրանից հետո, ինչպես տեսնում եք, չեմ ոչնչացել: Հակառակը՝ նյութերը վերցրել եմ, գնացել եւ ապացուցել եմ, թե այդ ոճն ինչքան վատ է անդրադառնում դրանով հանդես եկող մարմնի վրա: Դա վերին աստիճանի ապացուցելի ձեւով եմ ցույց տվել: Շատ անգամ, երբ իշխանությունները ներկայացնում են, թե հասարակությունը դեռ չի կայացել, նման խոսքերը ցույց են տալիս, որ իշխանություններն էլ չեն կայացել: