Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` Արմավիրի մարզի բնակիչներ Հովհաննես Սիմոնյանը, Կարեն Մարտիրոսյանը, Գրիգոր Հաբաշյանը եւ Խաչիկ Ստեփանյանը, մասնակցելով Ազատության հրապարակում «օրենքով սահմանված կարգի խախտմամբ» անցկացված հանրահավաքներին, փետրվարի 23-29-ն ընկած ժամանակահատվածում հանրահավաքի մասնակիցներից ձեռք են բերել կանաբիս խմբին պատկանող թմրամիջոց եւ տեղում գործածել` առանց բժշկի թույլտվության: Ըստ հաղորդագրության` նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ «Հ. Սիմոնյանը հանրահավաքներին մասնակցել է նյութական շահագրգռվածությունից ելնելով՝ հանրահավաքի կազմակերպիչներից մեկից ստացած 25.000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց, իսկ մյուս` վերը նշված անձինք դրանց մասնակցել են առանց վարձատրության»: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` նրանց դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օրենսգրքի 271-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ եւ քր.գործն ուղարկվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան: Թմրամիջոց իրացնողներին հայտնաբերելու ուղղությամբ տարվող նախաքննությունը շարունակվում է: