Մոռացված հերոսներ

22/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Դպրոցը որ ավարտեցի, գնացի Թբիլիսի՝ ռազմահրետանային ուսումնարան
սովորելու,- պատմում է Հայրենական պատերազմի վետերան Մելիք Աբրահամյանը:
-Ամռան արձակուրդին եկա նստեցի գնացք ու եկա Բաքու՝ տուն: Երբ Բաքվում
իջա՝ ժողովուրդը մի տեսակ ինձ տխուր թվաց, չհասկացա, թե ինչու: Հասա մեր
տուն՝ մերոնք էլ էին խառնված: Ընկերներս եկան՝ թե պատերազմ է, Գերմանիան
հարձակվել է: Չհավատացի, մտածեցի, թե ինձ են ձեռ առնում: Մեկ էլ ժամը 5-ին
վիստուպայետ Մոլոտով: Նոր հավատացի: 41 թվի հունիսի 22-ն էր: Դե, էլ ինչ
արձակուրդ, հետ եկա Թբիլիսի ուսումնարան, այնտեղից էլ՝ ֆրոնտ, ու մինչեւ
վերջ»:
Մելիք Աբրահամյանը Բաքվից փախել է 1990 թվականին, ապրում է Արցախի 4-րդ
նրբանցքի 10 ա շենքում, Գեղարվեստի ինստիտուտի նախկին հանրակացարանում,
որն այժմ պատկանում է Միգրացիայի ու փախստականների վարչությանը: Բաքվից
Հայաստան կարողացել է բերել մարտի դաշտում ստացած 28 մեդալներից մի
քանիսը, մեկն էլ պատերազմի 60-ամյակի առիթով Երեւանում ստացավ: 10.000
դրամ էլ են տվել, խնջույքի էլ հրավիրել են: Գինովցած Մելիք պապը հիշում էր
իր հերոսությունների մասին: Իր ապրած 84 տարիներից մնացել են այդ
հիշողությունները, մի քանի խունացած նկարներ ու մեդալները: Կինը մահացել է
Բաքվում, տղան զոհվել է Արցախյան պատերազմում:
«Լավ է, շուտ էր մեռել, տղայի մահը չտեսավ»,- ասում է նա:
Չնայած կյանքը շատ տառապանքներ է պատճառել նրան, բայց 84-ամյա Մելիք պապը
բավական առույգ է, մանավանդ, երբ սկսում է պատերազմից պատմել:
«Հենց առաջին մարտի ժամանակ մի գերմանացու սպանեցի, վերցրի նրա «Շմայսեր»
ավտոմատն ու մինչեւ պատերամի վերջը մնաց մոտս,- հիշում է Մելիք պապը:
-Դաժան կռիվ էր, երեքուկես տարի մարտի դաշտում եմ եղել, գիշերները հանած 3
տարի անընդհատ կրակել եմ… Մասնակցել եմ Բեռլինի գրավմանը: Մարշալ
Ժուկովն իմ աշխատանքից գոհ էր. թփթփացրեց ուսիս ու ասաց՝ մալադեց, արմյան,
մալադեց: Կապիտան եմ եղել: Էն ժամանակ դժվար էր զվանի ստանալը, հիմա է, որ
տեսար, մեկ էլ դարձան գնդապետ ու գեներալ»։
«Երբ ամուսինս մահացավ, 500 դրամ տվեցի հարեւանիս ու ասացի՝ գնա, հայտնի
բոլորին, որ ձեր հերոսը մահացել է, օգնեք թաղենք,- պատմում է Հայրենական
պատերազմի հերոս, Փառքի երրորդ աստիճանի շքանշանակիր Շահեն Սարգսյանի այրի
80-ամյա տիկին Սոնյան: -Ազգային ժողով, վայենկամատ, Քոչարյանին, ուր ասես՝
չդիմեցինք: Չօգնեցին, մի կերպ Լուսակերտում թաղեցինք: Մորգում էլ մինչեւ
քսան հազար դրամ չվերցրին, չթողեցին, որ տուն բերենք: Հաշվի չառան, որ
անտուն, հաշմանդամ թոշակառու է եղել: Հերոսը հերոս է մնում, որ հաշմանդամ
է ու փախստական է, պրծա՞վ, էլ հերոս չի՞»:
Տիկին Սոնյան ու իր ամուսինը 1988թ. են Բաքվից փախել ու ապրում էին նույն
հանրակացարանում: Ամուսնու մահից հետո ապրում է հիսուներկուամյա հաշմանդամ
որդու հետ: Սամվելը վիրավորվել է Արցախյան պատերազմում, տուն չունենալու
պատճառով նա էլ ապրում է ծերերի համար առանձնացրած այդ յուրօրինակ
հանրակացարանում:
«Ականջի թաղանթը պայթել է, չի կարողանում լսի,- բողոքում է մայրը: -Գոնե
մի ապարատ չեն տալիս, որ կարողանա լսի: Արկադի Ղուկասյանին 4 նամակ եմ
գրել, որ Ղարաբաղում մի տեղ տա գնա աշխատի, ապրի: Ոչ մի պատասխան չի տվել:
Ի՞նչ անեմ»:
Տոնական այս օրերին տիկին Սոնյան սպասում էր, որ իրենց էլ կհիշեն, չէ՞ որ
ինքը հերոսի այրի է: Սակայն ո՛չ Միգրացիայի վարչությունից, ո՛չ
թաղապետարանից ու ոչ մի տեղից հիշող չեղավ:
Մինչեւ հիմա ամուսնու մեդալները նա պինդ պահում է սնդուկում ու չի զլանում ամեն հարցնողին պատմել, թե որը ինչի համար է ստացել:
«Դրսում պռազդնիկ ա, է, մենք էս չորս պատի մեջ նստած, չենք էլ կարողանում
դուրս գալ,- դառնացած խոսում է ծեր կինը: -Ոչ փող ունենք, ոչ էլ կարանք մի
տեղ գնանք: Ոչ մեկը մեզ չի հիշում»:
Արեւհատ Մինասյանը 1942-1943թթ. պաշտպանել է Բաքվի օդային տարածքը, շուտ է
զորացրվել, որովհետեւ մայրը մահացել է ու երեք անչափահաս քույրերը մնացել
էին առանց խնամակալի: Պատերազմից հետո Ադրբեջանի Նուխի քաղաքում աշխատել է
թեթեւ արդյունաբերության ոլորտում: Չի ամուսնացել: 1988թ. փախել է ու հիմա
ապրում է ծեր փախտականների հանրակացարանում: Քույրերը մահացել են, ու ինքը
ոչ մի հարազատ չունի: Այս տարի նա հույս ուներ, որ բոլոր վետերանների հետ
միասին իրեն էլ կհիշեն: Բայց դժվար թե նման դեպքերում պետական մարմինների
ուշադրությունը ձգվի ու հասնի «Տէցի կռուգ», հանրակացարանն այդ տարածքում
է գտնվում: 10.000-ական դրամ պարգեւից նրան բաժին չի հասել: Տիկին
Արեւհատը դրան չէր սպասում, նա ընդամենն ուզում էր իր զինակիցների հետ
միասին նորից վերապրել հաղթանակի բերկրանքը: Պատկան մարմինների հերթական
անուշադրությունը նրա մեջ խորացրեց այն ապրումները, որ իր նման ծեր
փախստականներին մինչեւ մեռնելը հավաքել են այդ շենքում: