Ներկայացրել է

01/06/2008

Սերժ Սարգսյանը երեկ կառավարությանն առընթեր Ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանության նորանշանակ պետ Ալիկ Սարգսյանին: Այլեւս նախկին նախարար Հայկ Հարությունյանին Ս. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել երկարատեւ ինը տարիների «բարեխիղճ աշխատանքի համար»: «Բոլորդ հասկանում եք, որ որեւէ պաշտոն, որեւէ պետական ծառայություն հավերժ չէ, եւ փոփոխություններն անհրաժեշտ են»,- ասել է Ս. Սարգսյանը: Ներկայացնելով նորանշանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, Ս. Սարգսյանն ասել է, թե ութ տարի առաջ նա այդ համակարգից տեղափոխվել է այլ աշխատանքի, որտեղ իրեն դրսեւորել է որպես լավ կազմակերպիչ, մարդ, ով կարող է լուծել իր առջեւ դրված խնդիրները: Ս. Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նոր ոստիկանապետը կկարողանա միավորել Ոստիկանության ջանքերը, որպեսզի Ոստիկանությունը լինի ավելի պրոֆեսիոնալ, այնտեղ աշխատողները լինեն սոցիալապես ավելի ապահով, եւ ոստիկաններն ու Ոստիկանությունն ամբողջապես կարողանան կատարել իրենց առաքելությունը: «Երկրի ղեկավարը Ոստիկանության բարձրագույն կազմին կոչ է արել նոր տեսանկյունից նայել իրենց պարտականություններին եւ նոր թափով ձեռնամուխ լինել համակարգի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը»,- ասված է ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Իսկ Ա. Սարգսյանը խոստացել է անել ամեն ինչ` յուրաքանչյուր ոստիկանի մարդկային արժանապատվությունն ու պրոֆեսիոնալ հեղինակությունը բարձր պահելու, ոստիկանական համակարգի աշխատակիցների իրավական եւ սոցիալական պաշտպանվածության խնդիրները լուծելու համար: «Նորանշանակ ոստիկանապետն իր գերխնդիրն է համարել Ոստիկանության անբասիր աշխատանքի արդյունքում նրա նկատմամբ մեր հասարակության, մեր ժողովրդի վստահության ու հավատի բարձրացումն ու ամրապնդումը»,- ասված է հաղորդագրության մեջ: