Անընդհատ վերադարձ

01/06/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Վերջին անգամ ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանի պաշտոնամուտի արարողությանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսած հասարակությունն ապրիլի 24-ին նրան երկար փնտրեց, սակայն այդպես էլ որեւէ կերպ չնկատեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մատույցներում: Նրան տեսնել չհաջողվեց նաեւ Մայիսի 9-ին, Հայրենական պատերազմում տարած հաղթանակի եւ Շուշիի ազատագրման տոների կապակցությամբ: Հետեւաբար, Մայիսի 28-ին, Սարդարապատի հերոսամարտի տոնակատարություններին ու շքերթին Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի ղեկավարների հարեւանությամբ` ավելի շատ տագնապ առաջացրեց, քան ընկալվեց որպես օրինաչափություն: Ռոբերտ Քոչարյանի հրապարակային ներկայությունը որոշ վերլուծաբաններ ընկալեցին որպես իրենց կանխատեսումների ապացույց, այն է` Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ հայաստանյան իրականություն եւ իր մասին հիշողությունները թարմ պահելու նպատակով` պատրաստվում է պատեհ առիթներով երեւալ հասարակական վայրերում:

Հասկանալի է, որ վերադարձի համար, որ ֆորմատով էլ այն լինի, բավարար չէ միայն Ռ. Քոչարյանի ցանկությունը: Նման ցանկություններն ամրագրվում են նախեւառաջ հասարակական պահանջով, ինչը, կարելի է պնդել, չկա: Վերադարձի մյուս կարեւոր գործոնը կառավարման համակարգում, կուսակցությունների շրջանում վստահելի հենարան ունենալն է: Նկատենք, որ Հայաստանում հենարանն իշխանությունների համար միշտ էլ լուրջ խնդիր է եղել` բացառությամբ, թերեւս, ՀՀՇ-ի իշխանության համար, այն էլ՝ մինչեւ 1997-98 թթ.: Տեր-Պետրոսյանից հետո այն կարգավիճակով, որով նախագահ դարձավ Քոչարյանը, վերջինիս թույլ չտվեց ունենալ իսկական, վստահելի, գաղափարական հենարան: Հետեւաբար, նրան, զուտ մեխանիկորեն, սկսեց սատարել չինովնիկությունը, օլիգարխները` ելնելով անձնական շահագրգռությունից, բանակը` որպես գլխավոր հրամանատարին ստորադաս միավորում: Կուսակցություններից մի քանիսը` ՀՅԴ, «Օրինաց երկիր», Հանրապետական (այն ժամանակ «Բարգավաճ Հայաստանն» անգամ որպես նախագիծ էլ չկար) սկսեցին իրենց ծառայություններն առաջարկել Քոչարյանին` նախագահական ընտրություններին աչք փակելով աղաղակող կեղծիքների դեմ, ընտրություններից հետո էլ քնարական տեքստերով վավերացնելով նրա պաշտոնամուտի օրինականությունը: Սակայն դա անվճար սիրալիրություն չէր եւ ենթադրում էր պատասխան` արդեն խորհրդարանական ընտրություններին:

Նույն պատմությունը` ներքաղաքական այլ իրավիճակում, կրկնվեց նաեւ Ռ. Քոչարյանի «վերընտրման» արարողությունից հետո: Նույն կուսակցությունները, նույնատիպ վճարովի ծառայությունները:

Եթե մեկ-երկու կուսակցություն կամ քաղաքական գործիչների նույն պլեադան պատրաստ են շարունակել աջակցել Քոչարյանին, կամ, որ ավելի ճիշտ է, չաջակցել Սերժ Սարգսյանին, ապա հասարակական պաշտպանություն Քոչարյանը չկարողացավ գտնել: Իր իշխանության երկար ու ձիգ տարիներին նա այդպես էլ չհասցրեց սիրել ժողովրդին: Եվ այսօր զրույցները նրա վերադարձի մասին ունե՛ն որոշակի հիմք: Չմոռանանք` վերադարձի հնարավորություններից մեկն էլ այն մեծ ու ճարպոտ բիծն է, որը հեռանալուց առաջ Սերժ Սարգսյանի վրա բարեհաջող թողեց Ռ. Քոչարյանը:

Այն, որ Սերժ Սարգսյանի ցանկությունը` օլիգարխներին հեռու պահել իշխանությունից, առայժմ չի իրականանում, ակնհայտ է: Օլիգարխներին իշխանության մեջ ունեցած դերակատարությունից զրկելը պետք է փոխարինվի այլ, համարժեք արտոնությամբ: Պակասին մեր օլիգարխները պարզապես համաձայն չեն լինի: Հետեւաբար, նրանց հնարավոր կլինի օգտագործել` խաղալով նրանց փառասիրության եւ պատմության անիվի պտտմանը մասնակցելու նրանց հավակնությունների վրա: Այս իմաստով, Քոչարյանի վերադարձի համար ԲՀԿ-ի տարբերակը կարող է եւ աշխատել: Սակայն կա մի խնդիր: Այդ կուսակցության նոմենկլատուրան, հազարավոր շարքային կուսակցականներ անդամագրվել են ԲՀԿ-ին, հանգիստ կարելի է պնդել, բացառապես սեփական շահագրգռությունից, որի մեջ մտնում է Գագիկ Ծառուկյանի անձի հանդեպ ունեցած երկյուղը, երախտագիտությունը նրան` առատաձեռնության համար, նրա կուսակիցը համարվելու փաստը տարբեր հարցերում որպես ինդուլգենցիա օգտագործելու հնարավորությունը, վախը կամ հարգանքի ոչ արժանի ցածր այլ էմոցիաներ: Կտա՞ Քոչարյանի ընկերակցությունը նույն հնարավորությունները, կամ ունի՞ Քոչարյանը Գ.Ծառուկյանի հեղինակության գոնե կեսը: Դժվար: Հետեւաբար, ԲՀԿ անդամները երբեք պակաս գնով չեն ծառայի Քոչարյանին:

Մյուս կողմից, նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այնքան գեղեցիկ մտավ իր գործի մեջ, առայժմ որեւէ տեսանելի արդյունքի չի հասել եւ միջին հայաստանցուն բարդ ընկալելի նախադասություններով չի կարողանա պահել հասարակության վստահության այն պաշարը, որը կարողացել է կուտակել կարճ ժամանակում` այդպիսով հեշտացնելով Ռ. Քոչարյանի վերադարձի հնարավորությունը: Սակայն, ամենակարեւորն, այստեղ, Ս. Սարգսյանի որոշումն է: Սակայն իր ցանկություններն իրականացնելու համար Ս. Սարգսյանին եւս անհրաժեշտ է հասարակական աջակցությունը` որպես հենարան: Որպեսզ սկիզբ՝ դրան կարելի է հասնել կալանքից ազատելով ընդդիմության ներկայացուցիչներին, քաղաքական եւ հասարակական գործիչների նկատմամբ հայտարարված հետախուզումը կասեցնելով: Սակայն այս գնով հասարակության աջակցությունը շահելու անհրաժեշտությունը Սերժ Սարգսյանն առայժմ, կարծես, չի զգում: Իզուր: