Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դեռեւս չի արձագանքել իր` «2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցի առիթով ՀՀ Գլխավոր դատախազության առարկություններին: Ինչպես «Ա1+»-ին հայտնել է պաշտպանի աշխատակազմի ղեկավար, Արդարադատության նախկին նախարար Վահե Ստեփանյանը՝ ներկայումս Արմեն Հարությունյանը Հայաստանում չէ եւ վերադառնալուց անպայման կանդրադառնա վերոհիշյալ հայտարարություններին: «Մենք պատրաստում ենք մեր պատասխանը Դատախազության եւ Արդարադատության նախարարության առարկություններին: Եթե գտնենք կետեր, որտեղ մենք սխալ ենք, միանշանակ նրանց հետ կհամաձայնենք: Բայց եթե գտնենք, եւ առաջին հայացքից այդպես է, որ մենք չենք կարող համաձայնել նրանց առարկությունների հետ, մենք մեր դիտարկումները կտանք»,- ասել է պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը: Ըստ Վահե Ստեփանյանի, այս հարցն իրենց համար սկզբունքային է: «Եթե կան հարցեր, որոնց դեպքում պետք է լինեին հարցերի պատասխաններ, ոչ թե դրանց շուրջ առարկություններ, երեւի ճիշտ կլիներ, որ նրանք պատասխաններ տային, ոչ թե առարկություն անեին, թե ինչու եք մեզ հարցեր տվել»: Հիշեցնենք, որ Դատախազությունն օրեր առաջ զեկույցի վերաբերյալ իր ծավալուն առարկություններում մասնավորապես նշել էր. «Զեկույցն ակնհայտորեն ծանրաբեռնված է դատողություններով, որոնք չեն վերաբերում Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթներին եւ որեւէ առնչություն չունեն մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների հետ: Խոսքը զեկույցի այն հատվածների մասին է, որոնք դատողություններ են բովանդակում ՀՀ Նախագահի նախկին թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի սուր քննադատության «անթույլատրելիության», զանգվածային անկարգությունները, օբյեկտիվորեն ձեւավորված պահանջարկի արդյունք ներկայացնելու, իշխանությունների կողմից ընդդիմությանը քննադատելու համար ընտրված «ոչ հնարամիտ տակտիկայի», իշխանությունների սխալ ու անհեռատես քարոզարշավային մարտավարության մասին եւ այլն: Զեկույցն առանձնանում է փաստերի ակնհայտ միակողմանի, մակերեսային ու կամայական գնահատականներով, օրենսդրության սխալ ու անիրավաչափ մեկնաբանություններով»: