Հերթական անհեթեթության ներկայացումը

01/06/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեկ Երեւանի Քրեական դատարանում կայացավ մարտի 7-ին ձերբակալված Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ՀՀՇ կուսակցության տարածքային մասնաճյուղի ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի` Հրազդան քաղաքի նախընտրական շտաբի պետ Արամ Բարեղամյանի դատավարությունը:

Ինչպես եւ հետընտրական շրջանում գրեթե բոլոր ձերբալակվածների դատավարությունների ժամանակ, Ա. Բարեղամյանի պաշտպանական կողմի` խափանման միջոցը փոխելու միջնորդությունը եւս մերժվեց դատարանի կողմից: Ա. Բարեղամյանը մեղադրվում է Քր. օր-ի 225 հոդվածի առաջին մասով, 316 հոդվածի 2-րդ մասով եւ 112 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ըստ ՀՀ Հատուկ քննչական ծառայության մեղադրական եզրակացության` քրեական գործն առանձին վարույթ է անջատվել 2008-ի ապրիլի 21-ին` «մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու դեպքերի վերոնշյալ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործից»: Համաձայն մեղադրական եզրակացության` «գործով մեղադրյալ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Ա. Բարեղամյանը, նպատակ ունենալով աջակցել 2008-ի փետրվարի 19-ին կայացած` ՀՀ նախագահի հերթական ընտրություններում ըստ նախնական տվյալների պարտություն կրած նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա համախոհներին` ընտրությունների օրինականությունը միջազգային հանրության առաջ կասկածի տակ դնելու, ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակության լայն զանգվածներում անվստահություն սերմանելու, հասարակական դժգոհության եւ ընդվզումների պատրանք ստեղծելու գործում, ներգրավվելով օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումների կազմակերպմանը, 2008թ. փետրվարի 20-ից հավաքագրել, ֆինանսավորել, Երեւան է փոխադրել Հրազդանի եւ հարակից գյուղերի բազմաթիվ բնակիչների` ապահովելով նրանց մասնակցությունը վերը նշված միջոցառումներին»: Սակայն Ա. Բարեղամյանի կողմից` դատավարության ընթացքում ներկայացված բավականին հետաքրքիր փաստերը ոչ միայն հակասում էին մեղադրական եզրակացության մեջ արձանագրված «մեղադրանքներին», այլեւ հերթական անգամ ապացուցում էին այս եւ նմանատիպ գործերով քննչական մարմնի կատարած աշխատանքի, մեղմ ասած, անհեթեթությունը: Հիշեցնենք, որ այս գործով Ա. Բարեղամյանի դեմ ցուցմունք են տվել ինչպես Կոտայքի մարզի երկու բնակիչներ, այնպես էլ՝ ՀՀ Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, Ոստիկանության փոխգնդապետ Գարեգին Քամալյանը, որը հանդես է գալիս որպես տուժող կողմ: Ըստ նրա ցուցմունքի, մարտի 1-ի լուսաբացին, Մալաթիայի բաժնի պետի հրամանով անձնակազմը մեկնել է Ազատության հրապարակ` տեղում կատարվող «զննություններին օժանդակելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով»: Տուժող Քամալյանը, ըստ ցուցմունքի, մի քանի աշխատակիցների հետ փորձել է միտինգավորների համար հրապարակից դեպի Հյուսիսային պողոտա դուրս գալու ճանապարհ բացել, որի ընթացքում միջին տարիքի, երկար դեմքով, գանգուր մազերով անծանոթ երիտասարդը ձեռքի փայտով հարվածել է գլխի ճակատային մասին: Այնուհետեւ ավագ լեյտենանտ Միհրան Սիրունյանը Քամալյանին ուշքի է բերել, որից հետո նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Սակայն տուժողի եւ գործով վկա Մ. Սիրունյանի` դատարանում հնչեցրած վկայությունները բացարձակապես չէին համապատասխանում իրար, մասնավորապես այն հարցերում, թե Ազատության հրապարակի կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել Քամալյանի հետ կատարվածը, եւ հատկապես ո՞ր հատվածում է լեյտենանտ Սիրունյանը նրան օգնություն ցուցաբերել: Բացի այդ, Սիրունյանն ու Քամալյանը տուժողի գլխի հարվածի վերքի կոնկրետ տեղի հարցում առանձին-առանձին վկայություն տալիս ապակողմնորոշվեցին: Ի դեպ, առերեսման ժամանակ Գ. Քամալյանը հինգ հոգու շարքից իբրեւ թե ճանաչել է Ա. Բարեղամյանին: «Մութ էր, երբ փայտը բարձրացրեց, որ գլխիս խփի, ես նրա հայացքը տեսա` խուճուճ մազերով, չսափրված տղա էր»,- ասում էր նա: Պաշտպանական կողմը` հակադարձելով Քամալյանի նկարագրածին՝ դատարանին ներկայացրեց դեպքից մի քանի ժամ հետո կատարված լուսանկարներ, որտեղ Ա. Բարեղամյանը սափրված վիճակում էր: Այսինքն՝ իրականում նա մարտի 1-ին եղել է սափրված վիճակում: Ավելին` Ա. Բարեղամյանը դատարանին ներկայացրեց այն ձմեռային գլխարկը, որն այդ օրը կրել է, եւ, որի առկայությամբ հնարավոր չէ Բարեղամյանի մազերի գանգրությունը կամ հարդարանքը նկատել: Ի դեպ, այս փաստը, կարծես թե, դատավորի մոտ տարակուսանք առաջացրեց, իսկ լուսանկարների անսպասելի ապացույցը Քամալյանին շփոթեցրեց: Ա. Բարեղամյանը նաեւ մանրամասն նկարագրեց, թե իրեն ինչպես են «ջարդուփշուր արել սեւ համազգեստավորները», որից հետո հիվանդանոցում երկարատեւ բուժում է ստացել: Իսկ Մալաթիայի ոստիկանության փոխգնդապետն իր վկայություններով դատարանում ուղղակի սկսեց ծիծաղ առաջացնել, որովհետեւ իրավապահ մարմնի ներկայացուցչի շուրթերից հնչող հակասական մտքերը եւ լեյտենանտ Սիրունյանի վկայությունները նախաքննական եւ քննչական մարմինների փաստաթղթերում արձանագրած կեղծիքը քողարկելու անհաջող փորձերի էին նման: Մի կողմից՝ Քամալյանը պնդում էր, որ իրեն հարվածողը եղել է Ա. Բարեղամյանը, մյուս կողմից` նկարագրում էր միանգամայն այլ արտաքինով մարդու: Առավել եւս, երբ Ա. Բարեղամյանը դատարանին ծանրակշիռ ապացույցներ ներկայացրեց, ըստ որի՝ փոխգնդապետը ճանաչողության իմաստով շատ թույլ զգայարաններ ունի: Դատարանը լսեց նաեւ գործով վկա Ծաղկաձորի բնակիչ Գոռ Առաքելյանի վկայությունը, ով քննչական մարմնին ցուցմունք տալու ժամանակ ասել էր, թե Ազատության հրապարակում գիշերելու համար Ա. Բարեղամյանը իրեն 5000 դրամ է վճարել: Գ. Առաքելյանը երեկ վկայություն տվեց այն մասին, որ ինքը կեղծ ցուցմունքի տակ ստորագրել է վախի ազդեցության տակ, եւ իրականում նման բան չի եղել: Գործով վկան շատ երկար նկարագրեց, թե հայրենի իրավապահներն ինչ հայտնի մեթոդներով են մարդկանց ճնշում եւ ստիպում ստորագրել իրենց «թելադրության» տակ: Գ. Առաքելյանը դատարանին խնդրեց հիմք չընդունել նախկինում տված ցուցմունքը` հիմնավորելով, որ վախեցել, դրա համար էլ ստորագրել է: Ի դեպ, գործով վկա Գառնիկ Ալեքսանյանը չէր ներկայացել դատական նիստին, իսկ հաջորդ նիստը կկայանա հունիսի 10-ին: