Բանակը՝ որպես խնդիր

01/06/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Ցանկացած խնդիր սկսվում է հարցից: Կարեւորը ճիշտ հարցադրումն է, եւ խնդիրը լուծելու ցանկությունը. մենք պետությո՞ւն ենք ուզում, թե՞ բանակ. բանա՞կն է պետության միավոր, թե՞ հակառակը…

Ուժեղ եւ կայուն պետություն ունենալու համար ուժեղ բանակն ընդամենը միավոր է՝ պետական ռեսուրսների մնացած բոլոր միավորների շարքում: Ուժեղ եւ կայուն պետություն ունենալու համար անհրաժեշտ է, որ պետական ռեսուրսների բոլոր միավորները համաչափ ուժեղ եւ հավասարակշռված լինեն, չհամալրվեն մեկը մյուսի հաշվին։

Բուհական ցանկացած կրթություն ստացած մասնագետ արդեն իսկ բանակի պահեստային կադր է, բանակի թիկունքը: Նա է ստեղծում այն պետությունը, որի պաշտպանությանը կոչված է բանակը: Այսինքն՝ նրանք իրենց տեղում փոխադարձաբար լրացնում են միմյանց, եւ անհեթեթություն է մեկը մյուսի մեջ մտցնելը: Բանակը պետության պաշտպանական ռեսուրսն է, որին գումարվում են կրթական, մշակութային, տնտեսական եւ այլ ռեսուրսներ։

Բանակի խնդիրն այնքան բարդ ու դժվարըմբռնելի չէ, ինչպես թվում կամ ներկայացվում է, եւ ինչքան էլ համար մեկ պահանջ լինի, լուծումը շատ պարզ է, եթե լուծվի օրինական դաշտում եւ օրենքը հարգելու ցանկությամբ, եւ, ինչպես Ցիցերոնն էր ասում. «Օրենքները պետք է արմատախիլ անեն արատները եւ արմատավորեն առաքինություն»։ Բանակի եւ ոչ միայն բանակի կայացմանը խանգարում են ոչ թե ռեսուրսների սղությունը, ոչ թե գիտելիքների պակասը, այլ այն արատները, որ իշխում են թե՛ ռեսուրսների, թե՛ օրենքների վրա։ Ըստ էության, ցանկությունից բացի, մենք ուրիշ խնդիր չունենք: Մեր համար մեկ հարցը սա է. ցանկություն ունե՞նք արմատախիլ անել արատները եւ արմատավորել առաքինություն, կարո՞ղ ենք ապրել եւ գոհանալ օրենքներով, նրա բերած բարիքներով, որն ինչքան էլ քիչ թվա, ամենակայուն եւ անխոցելի ձեռքբերումն է։ Այստեղ խստությունն ու դաժանությունը չեն օգնի։ «Օրենքի ծայրահեղ խստությունը ծայրահեղ անարդարություն է»,- ասում էր նույն Ցիցերոնը։ Օրենքը ոչ այնքան պատժի, որքան կարգավորող միջոց է, եւ այդ կարգավորման դաշտն այնքան հստակ ու արդարացի պետք է լինի, որ առավելագույնս կրճատի պատժի անհրաժեշտությունը, չվտանգելով արմատավորել անպատժելիության մթնոլորտ։

Որպեսզի օրենքի առջեւ բոլորը հնարավորինս հավասար լինեն, անհրաժեշտ է նկատի առնել հասարակության շերտավորումը եւ այն պահանջները, որ անխուսափելիորեն թելադրում է կյանքը։ Այն, որ մարդիկ բանակից փախչում են, ունի լուրջ հիմնավորում. բանակից փախչում են ոչ թե վախկոտները կամ զենքից վախեցողները (թեեւ դա էլ չի բացառվում), այլ բուն պատճառը բանակում տիրող անարդարությունն ու բարքերն են, որ հասարակության նեգատիվ պատկերի խտացված արտահայտությունն են (ինչո՞ւ հայ երիտասարդը չի խուսափում ծառայել օտարերկրյա բանակում, օրինակ՝ Իսրայելի, որը պերմանենտ պատերազմների մեջ է), այնուհետեւ՝

1. Ինչո՞ւ է հայ երիտասարդը հայրենի բանակից վերադառնում առողջական լուրջ խնդիրներով։
2. Ինչո՞ւ է ունենում հոգեբանական խնդիրներ։
3. Ինչո՞ւ իր տեղը չի գտնում հասարակության մեջ։
4. Ինչո՞ւ հայ երիտասարդը հայրենի բանակից չի վերադառնում (չնայած խաղաղ պայմաններին)։
5. Ինչո՞ւ է բանակայինն ինքնասպան լինում։
6. Ինչո՞ւ որեւէ մեկը չի պատժվում բանակում տիրող հանցավոր մթնոլորտի համար։
7. Ինչո՞ւ որեւէ մեկը պաշտոնանկ չի արվում (այլ ընդամենը՝ նույն պաշտոնով, կամ գուցե ավելի բարձր, մի մարզից մյուսն է տեղափոխվում)։

Լսել եմ, որ բանտերում երբեմն գիրք են կարդում, արհեստ են սովորում, ինչ-որ իրեր են սարքում (եւ բավականին հմուտ), բայց չեմ լսել, որ բանակում գրադարան լինի, որ բանակայինն ազատ ժամ ունենա թեկուզ ինքնակրթությամբ զբաղվելու համար, թերթ կամ ամսագիր կարդա, օգտվի համակարգչից, ինչ-որ բան պատրաստի (այդ երկու տարին նույնպես կյանք է, եւ մարդը չպետք է մեկուսացված լինի իր հետաքրքրություններից): Բանակը ոչ միայն կոփման, այլեւ կրթական-դաստիարակչական օջախ պետք է լինի (չմոռանանք, որ 18 տարեկանը, թեեւ չափահաս, սակայն դեռ այնքան կազմակերպված չէ դիմանալու եւ դիմակայելու համար, այն էլ՝ մեր հասարակությունում): Բանակում պետք է հոգեբաններ եւ բարձրակարգ մանկավարժներ լինեն. այն հատուկ հոգատարության կարիք ունի։

Օրենքը պետք է կարգավորի զորակոչության խնդիրը՝ հաշվի առնելով կյանքի թելադրանքը. ինչ էլ լինի, բանակից փախչողներ միշտ էլ կլինեն (դա նաեւ մարդու բնույթի հարց է, որի դեմ չարժե սուր ճոճելով պայքարել), այլ դա պետք է օգտագործել հօգուտ մարդու անհատականության իրավունքի եւ միաժամանակ՝ հօգուտ բանակի։ Նա, ով օրենքով ազատված չէ ծառայությունից եւ, այնուամենայնիվ, ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում ծառայել, պետք է պարտավորություն ունենա իր լուման ներդնել այդ ծառայությանը, եւ փոխանակ կաշառք տալու այս կամ այն չինովնիկին (կամ հայրենիքից փախչելու, կամ աղանդավոր դառնալու եւ այլն)՝ բանակից ազատվելու համար, հնարավորություն ունենա պետության հետ պայմանագիր կնքել եւ օրինական ճանապարհով հարկ մուծել բանակին, որը, կարծում եմ, պետք է լինի ողջախոհության սահմաններում (ասենք, երկու տարվա ընթացքում կամ միանվագ վճարի այն ծախսը, որը պետությունը նախատեսել է մեկ բանակայինի համար: Այսինքն՝ այն ծախսը, որ պետությունը կաներ նրա համար, եթե նա ծառայեր բանակում)։ Սա կլինի նաեւ բարոյական պարտավորություն նրանց առջեւ, ովքեր ծառայում են բանակում, ու եթե այդ հարկերը չփոշիանան ինչ-որ չինովնիկի գրպանում, բանակը զգալիորեն կշահի։ Սա նաեւ բանակի մասնագիտացմանն անցնելու նախադրյալներից մեկն է։

Մյուս կարեւոր նախադրյալն էլ մասնագիտացված ռազմահայրենասիրական դպրոց-վարժարաններն են, ինչի սկիզբն արդեն դրված է, եւ հուսանք, թե նման վարժարանների ստեղծումը հանրապետության տարբեր մարզերում, պաշտպանության նախարարի ոչ թե առիթի պատեհությամբ հնչեցրած խոսք էր, այլ լուրջ իրագործվող ծրագիր, քանզի մեր իրականության մեջ արմատավորվող ուժ ցուցադրելու հակումն անհրաժեշտ է սանձահարել եւ բերել նպատակայնության ոլորտ, ինչը, այսպես ասենք՝ ոչ ուսումնատենչ շատ երեխաների կկտրի փողոցից, պարապությունից ու ձանձրույթից եւ նրանց մեջ պիտանիության զգացում կառաջացնի, մնում է, որ այն մատչելի լինի ցանկացողների համար (եւ ծրագրում ընդգրկվեն հասարակության ուշադրությունից դուրս գտնվող երեխաները)։

Եվ, փառք Աստծո, ունենք նաեւ բուհական միավոր, որը կհամալրվի վերոհիշյալ վարժարանների կադրերով, եւ հուսանք, որ նրանք այնքան պատրաստված ու գիտակից կլինեն, որ կտիրապետեն զենք գործածելու արվեստին եւ հրացանի փողը ոչ թե ներս, այլ դեպի դուրս կուղղեն…