Ստացվեց այնպես, որ «Հրազդան» տոնավաճառում վարձակալ են Հայաստանի
ամենաըմբոստ վաճառականները: Նրանք երկար տարիներ պայքարեցին եւ չթողեցին,
որ տոնավաճառներում տեղադրեն հսկիչ-դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ): Հիմա էլ
սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը վարձավճարի չափը 400 դոլարից դարձրել է 500։
Նորից դժգոհեցին ու կազմակերպեցին ցույցեր: Բայց այս անգամ դժվար թե
արդյունքի հասնեն, որովհետեւ պարոն Աղաբաբյանը հաստատակամ է իր «չափի»
մեջ: «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում ասել էր, թե «Նրանց
գործադուլը ոչ մի հետեւանք չի կարող ունենալ»:
Եթե ՀԴՄ-ներ չտեղադրելու դեպքում տուժում է պետբյուջեն, ապա վարձավճարները
բարձրացնելու դեպքում շահում է «Հրազդան» տոնավաճառի տերը: Փորձը ցույց է
տալիս, որ Հայաստանում մասնավորն իր պայքարում միշտ ավելի ուժեղ է գտնվել,
քան պետությունը, մանավանդ, որ պետական որոշումները տապալելիս մասնավորի
կամ որոշ ուժերի մատը միշտ խառն է լինում: ՀԴՄ-ների դեպքում անհայտ ուժերի
մասին ակնարկվում էր, վարձավճարների բարձրացման դեմ պայքարի հետեւում էլ
պարոն Աղաբաբյանն ինչ-որ մութ ուժեր է տեսնում:
Ինչեւէ, հրազդանցիները մինչեւ մայիսի 23-ը հանգիստ աշխատելու ժամանակ ունեն, իսկ հետո որոշել են ցույց անել:
«Մենք առանց այդ էլ թանկ ենք վճարում,- դժգոհում էր վարձակալներից մեկը:-
Մաքսայինին ավելի-ավելի ենք տալիս, անձրեւը վերեւից է գալիս, ջուրը տակից
է հոսում, բոլորս հիվանդ ենք, ժամանակ էլ չունենք, որ գնանք բուժվենք: Այս
պայմաններում աշխատում ենք, որ ապրե՞նք, թե՞ սաղ իրենց տանք»:
Ի դեպ, ցուցարար վարձակալներին ընդունել էր ոչ թե Աշոտ Աղաբաբյանը, այլ ԱԺ
պատգամավոր Գալուստ Սահակյանը: Ի՞նչ կապ ունի պարոն Սահակյանն այդ
տոնավաճառի հետ: Միգուցե աներձագի գործե՞րն էր թեթեւացնում, թե՞
տոնավաճառի ու Հանրապետական կուսակցության շահերը նույնն են:
Մենք մի առիթով ներկայացրել ենք «Հրազդան» տոնավաճառի
հնարավորությունները, հիշեցնենք. գործում են մոտ 530 առեւտրային
տաղավարներ՝ ամսական միջինը 400 դոլար վարձավճարով: Հանգստյան օրերին կից
աշխատում է հավելյալ տոնավաճառը՝ մոտ 100 սեղանիկով եւ 8 օրվա համար 120
դոլար վարձավճարով: Մոտավոր հաշվարկներով՝ «Հրազդան» տոնավաճառում ամեն
ամիս վարձավճարներից հավաքվում է 350.000 դոլար: Մի հետաքրքիր դիտարկում
եւս. պարոն Աղաբաբյանն իր հարցազրույցում ասել էր, թե 2004թ. վճարել է 305
մլն դրամի հարկ: Եթե այդ գումարը բաժանենք 4-ի, կստացվի եռամսյակը՝ մոտ 76
մլն դրամ: Քանի որ տոնավաճառներն աշխատում են հաստատագրված վճարի ռեժիմով,
ու դա չի փոփոխվել վերջին ժամանակներում, ուրեմն եռամսյակային այս թիվը
կմնա նույնը, մանավանդ, որ «Հրազդան» տոնավաճառի վարձակալների թիվը մեծ
փոփոխությունների չի ենթարկվել: Վերջերս Հարկային պետական ծառայությունը
հրապարակեց 300 խոշոր հարկատուների ցանկը: Եթե «Հրազդանն» իրոք
եռամսյակում 70-76 մլն դրամ հարկ է վճարում, ապա այդ ցուցակում պետք է
զբաղեցներ 39, 40 կամ, ծայրահեղ դեպքում, 50-րդ պատվավոր տեղը: Մինչդեռ
այդ տոնավաճառի անունը 300 խոշոր հարկատուների շարքում ընդհանրապես չկա:
300-րդ հարկատուն վճարել է մոտ 9 մլն դրամ հարկ: Այսինքն, «Հրազդանը»
2005թ. առաջին եռամսյակում այդքան է՞լ չի վճարել: Իսկ այդ ցուցակում
տոնավաճառներից միայն երեքը կային՝ «Փեթակը», «Սուրմալուն» եւ «Տաշիրը»:
Զարմանալի է՝ «Տաշիրը» դեռ 1 տարի է աշխատում ու արդեն 72-րդ հարկատուն է՝
մոտ 36 մլն դրամ հարկով, իսկ «Հրազդանը», «Հայաստան» հանրախանութը կամ
Մալաթիայի տոնավաճառը, որոնք տասը տարուց ավելի է, ինչ գործում են ու
ծավալներով ավելի մեծ են, դեռ մանր ձեռներեց են: Ավելին, ՀՊԾ տվյալներով՝
Երեւանում գործող բոլոր տոնավաճառները (դրանք թվով 68-ն են) միասին առաջին
եռամսյակում վճարել են 398,9 մլն դրամ հարկ, ամսական ստացվում է մոտ 133
մլն դրամ, ավելի քիչ, քան միայն «Հրազդանն» ամսական վարձավճար է հավաքում:
Ի դեպ, այդ 133 մլն դրամն անցած տարի տատանվում էր 160-190 մլն դրամի
սահմաններում: Այս խճճված թվաբանությունը պետք է որ հետաքրքրի Հարկային
ծառայություններին, մանավանդ՝ այն, թե «Հրազդանն» այդքան հարկ վճարելով
ինչո՞ւ չի հայտնվել խոշոր հարկատուների ցուցակում: Նույն ծառայության
մասնագետների կարծիքով՝ Հայաստանի առեւտրաշրջանառության 40-50%-ն
իրականացվում է տոնավաճառներում ու այդ ոլորտում կա 50-60% ստվեր, որոշ
գնահատմամբ՝ նույնիսկ 70%: Հարկային ծառայությունն այս ստվերից դուրս
գալու համար գտավ մի ելք՝ ՀԴՄ-ներ տեղադրել, իսկ հարկման ձեւը կամ չափը
փոխելու մասին չմտածեց հավանաբար այն պատճառով, որ սեփականատերերը չտուժեն: