ՕԵԿ երիտասարդական կառույցի ղեկավար Արմեն Հարությունյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե ՀՀ-ում ձեւավորված հետընտրական իրավիճակի լուծման միակ միջոցն իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունն է: Նա գտնում է, որ նման հնարավորություն ընձեռում է նաեւ ՀՀ նախագահի կողմից ստեղծվելիք Հանրային խորհուրդը: «Ցավոք, ընդդիմությունը մինչ այժմ հրաժարվել է գնալ երկխոսության՝ ոչ մի կերպ չպատասխանելով նախագահ Սերժ Սարգսյանի երկխոսության կոչերին, առաջ բերելով որոշակի նախապայմաններ, որոնց առկայությամբ հնարավոր չէ երկխոսությունը»,- ասել է նա: «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ատենապետ Նարեկ Գալստյանը, սակայն` չհամաձայնելով նրա հետ, ընդգծել է, որ այդ նախապայմանները ոչ միայն իրենցն է, այլեւ ԵԽ-ինը: Վերջինիս խոսքերով, ստեղծված իրավիճակի մեղավորներից է նաեւ ՕԵԿ-ը, որը նախընտրական շրջանում լինելով որպես ընդդիմություն` «փախցրեց» իրական ընդդիմության ձայները, հետո գնաց համագործակցության իշխանությունների հետ: Ի պատասխան՝ Ա. Հարությունյանն ասել է, թե ետընտրական շրջանում իրենք չէին կարող գնալ համագործակցության մի քաղաքական ուժի հետ, որը խոսում է «շանտաժի լեզվով»: Իսկ իշխանության մեջ, ըստ նրա` ՕԵԿ-ն ընդգրկվել է իր նախընտրական խոստումներն իրականացնելու նպատակով: «Մեր նախընտրական ծրագրի 90 տոկոսն ընդգրկվել է կառավարության ծրագրի մեջ, որոնց իրագործման համար էլ ընդգրկվել ենք կոալիցիայի մեջ»,- ասել է նա: