«Միքայել Թարիվերդիեւի ճակատագրի 17 ակնթարթները» համերգային ծրագրերը մայիսի 31-հուլիսի 3-ը կներկայացվեն Երեւանում ու Շուշիում։
Կոմպոզիտորի այրին՝ Վերա Թարիվերդիեւան ասաց, որ համերգի անվանումը ծագել է երկու հայտնի ֆիլմերի` «Գարնան 17 ակնթարթ» եւ «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմերի վերնագրերի խառնուրդից։ Այդ ֆիլմերը Թարիվերդիեւի կյանքում ամենահայտնիներն են։ Նրա երաժշտությունը հնչում է ավելի քան 130 կինոֆիլմերում ու նուրբ քնարականության շնորհիվ սիրելի է դարձել միլիոնավոր հանդիսատեսի համար։ Ֆիլմերն են Թարիվերդիեւին հայտնի դարձրել, թեեւ կոմպոզիտորը բազմաթիվ այլ երաժշտական ստեղծագործությունների հեղինակ է։ Իր հարցազրույցներից մեկում նա ասել է, որ ֆիլմերի համար երաժշտություն գրել համաձայնել է այն պատճառով, որ այդ գործը վարձատրվում է։ Թարիվերդիեւի ավելի ծավալուն գործերը հազվադեպ էին կատարվում։ Նա երաժշտություն է գրել երգեհոնի համար (Կալինինգրադ քաղաքում նրա անունը կրող երգեհոնահարների ամենամյա միջազգային մրցույթ է անցկացվում), բալետներ, ռոմանսներ ու օպերաներ է գրել, հատուկ ալտահար Յուրի Բաշմետի համար գրել է կոնցերտ ալտի համար, որը, սակայն, երբեք չի կատարվել։ Իսկ Մոսկվայի Մեծ թատրոնի պատվերով գրված «Աղջիկն ու մահը» բալետը պրեմիերայից մի քանի օր առաջ «փակվել» է, քանի որ թատրոնի գեղխորհուրդն այն չի հավանել։
Հունիսի 1-ին Երեւանի Օպերայի ու բալետի թատրոնում տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն երգիչներ Իոսիֆ Կոբզոնը, Թամարա Գվերցիտելին, Աննա Մայիլյանը, Շուշան Պետրոսյանը, «Մերիդիան» եռյակը եւ Հայաստանի Երիտասարդական ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Իսկ հունիսի 2-ին Կամերային երաժշտության տանը կհնչեն Թարիվերդիեւի՝ երգեհոնի համար գրված ստեղծագործությունները։ Հունիսի 3-ին համերգ կկազմակերպվի Շուշիում, այն քաղաքում, որտեղ ծնվել է կոմպոզիտորի հայրը՝ Լեոն Թարիվերդիեւը։
Միքայել Թարիվերդիեւը հայ էր, որը Վրաստանում էր ծնվել, ապրել ու ստեղծագործել էր Ռուսաստանում։ Նա կատակով գրել է իր «Ես պարզապես ապրում եմ գրքում», որ երբեք ոչ մի տեղ չի աշխատել եւ նույնիսկ աշխատանքային գրքույկ չի ունեցել, իսկ իր ամենասիրելի վայրը իր տան բազմոցն է համարել։ Նա Արամ Խաչատրյանի աշակերտն է եղել, իսկ իր առաջին ստեղծագործությունների՝ ռոմանսների կատարողը եղել է փայլուն կամերային երգչուհի Զառա Դոլուխանովան։ Նրա «Հո՞ երթաս» ու «Կոմս Կալիոստրո» օպերաները բեմադրվել են Մոսկվայի Կամերային թատրոնում։ Թարիվերդիեւը միշտ ցանկացել է ակադեմիական օպերայի որակը համադրել էստրադայի հասանելի լինելու հատկության հետ։
Թարիվերդիեւը զարմանալի ջերմ ու բարի երաժշտական մոգ է։ Նրա այրին պատմում է, որ Թարիվերդիեւի երաժշտությունը հաճախ նրա երազում էր հայտնվում, այդպես է եղել «Չեռնոբիլ» սիմֆոնիայի դեպքում։ Նրա մեղեդիները միանգամից կռահվում են, քանի որ կոմպոզիտորի ձեռագիրը շատ փիլիսոփայական ու երգեցիկ է։ Թարիվերդիեւն իր ողջ էությամբ ստեղծագործող էր, որի հմայքն ու ուժը, սակայն, Խորհրդային Միությունում գրկաբաց չընդունվեցին։ Նա բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել իր կյանքում եւ ներքուստ շատ պահանջկոտ մարդ է եղել ու միշտ հետեւել է իր սեփական՝ երաժշտություն լսելու ունակ մարդու տրամաբանությանը։ Թարիվերդիեւի ստեղծագործությունները դեռ սպասում են իրենց բացահայտմանը։ Այսօր Մոսկվայի տանը կբացվի կոմպոզիտորի կողմից արված լուսանկարների ցուցահանդեսը, որը «Ես որսում էի ակնթարթները» խորագիրն ունի։ Կոմպոզիտորը շատ է սիրել բնություն լուսանկարել՝ խոստովանելով, որ իր ամենալավ նկարները նրանք են, որոնք «պարող ու նկարող խցիկով» են արվում։
Հայկական արմատներ ունեցող կոմպոզիտորի ստեղծագործությունները Հայաստանում այդքան մեծ ծավալով կներկայացվեն առաջին անգամ։