Երեւանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում երեկ բացվեց եւ մինչեւ հունիսի 1-ը կգործի «Մանկության աշխարհ EXPO-2008» երկրորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Այն կազմակերպել է «LOGOS EXSPO» կենտրոնը՝ ՀՀ Էկոնոմիկայի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի աջակցությամբ: Եռօրյա ցուցահանդեսի նպատակը երեխաների համար նախատեսված ապրանքների տեսականիով հայաստանյան շուկայի հարստացումը, նաեւ երեխաներին անհրաժեշտ տարբեր ծառայությունների, էկոլոգիապես մաքուր սննդամթերքի ներկայացումն է: Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են «Հագուստ, կոշկեղեն, սպիտակեղեն, պարագաներ երեխաների եւ պատանիների համար», «Կահույք` տան, մանկապարտեզների եւ կրթօջախների համար», «Խաղալիքներ, կոնստրուկտորներ, ատրակցիոններ, ճոճանակներ», «Սնունդ նորածինների համար» եւ այլն: Ներկայացված է նաեւ «Ֆինանսական ծառայություններ երեխաներին» բաժինը: Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն նաեւ «Ժպտերեսիկ», «Փոքրիկ նկարիչ», «Փոքրիկ քանդակագործ» խորագրերով մրցույթներ, մանկական հագուստի ցուցադրություններ: