Այնպես է ստացվել, որ գարնանը հայերը շատ տոներ ունեն: Երկու հատ կանանց
տոն, «Նիկոլի թվից» եկած Մայիսի 1-ը, Մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման օրը,
Մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը, Մայիսի 28-ը՝ Առաջին Հանրապետության օրը (քիչ
էր մնում գրեի՝ ապարանցիների օրը), Ապրիլի 1-ը՝ ծիծաղի օրը եւ վերջապես
մարտի 1-ը, անկախությունից ի վեր մեր համազգային «ազատության» տոնը. այդ
օրը մեր ազգը ազատվում է վառարաններից եւ ջեռուցման ավելի ժամանակակից
միջոցներից:
Մի քանի ամիս առաջ ես արդեն գրել էի, որ մենք միշտ հետ ենք նայում, բայց
այն ժամանակ չէի էլ պատկերացնում, որ անգամ հետ նայելիս մենք հակված ենք
ավելի շատ ընտրել պատմության ոչ թե ուրախ, այլ տխուր էջերը: Վերջին 1-2
ամիսները ցույց տվեցին, որ Ցեղասպանության 90-ամյակը թե՛ պետական
կառույցները, թե՛ ողջ ժողովուրդը նշեցին մեծ շուքով, իսկ Շուշիի
ազատագրման եւ Հաղթանակի օրերը փաստորեն անցան աննկատ: Խոսքն ամենեւին էլ
այն մասին չէ, որ մենք չնշենք կամ մոռանանք 90 տարի առաջ Թուրքիայի կողմից
կատարված ոճրագործությունները: Սակայն եթե այդպես կազմակերպված կարելի է
նշել այդ օրը, ինչո՞ւ չի կարելի նույն ձեւով նշել այն իրադարձությունը,
երբ մեր ազգը վերջին հազարամյակում առաջին անգամ ազատագրել է իր պատմական
Հայրենիքից մի հատված: Ինչո՞ւ մինչեւ այսօր Երեւանում չկա մի հուշարձան,
որի մոտ լրատվամիջոցների եւ քաղաքական ուժերի կոչերով կգնա ոչ թե 1,5, այլ
3,5 միլիոն հայ: Երեւի հենց դա է պատճառը, որ մեր ժողովուրդը «Սուրբ
Վալենտինի» օրը, որն, ի դեպ, ամենեւին էլ հայկական տոն չէ, ավելի ճոխ է
նշում, քան մեր հաղթանակները:
Մի երկու օր առաջ բոլորս ականատես եղանք, թե ինչպես ռուսները տոնեցին
հաղթանակի 60-ամյակը: Ամեն անգամ ռուսական հեռուստաալիքներով նմանատիպ
տոնակատարություններ դիտելիս ես հասկանում եմ, թե ինչու է Ռուսաստանը
գերտերություն: Ակամայից հիշեցի Հայաստանում Քրիստոնեությունը որպես
պետական կրոն ընդունելու 1700-ամյակի միջոցառումները (ուշադրություն
դարձրեք «միջոցառումներ» բառին, քանզի այն, ինչ կատարվեց, ոչ թե
տոնակատարություն էր, այլ ընդամենը միջոցառում), որոնք հիշեցնում էին
60-ական թվականներին Հայաստանի գյուղերի «կլուբներում» կազմակերպված
հանդիպումներ եւ հուշ-երեկոներ: Հենց դրա համար էլ մենք, ի տարբերություն
գերտերությունների, միշտ կսպասենք այն հարմար պահին, թե պատմության որ
փուլում որ գերտերությունը մեզ տիրություն կանի եւ իր տոները մեզ կթելադրի
(ինչքան էլ որ տարատեսակ ազգային, ապազգային, լիբերալ եւ նորաթուխ ու
միաժամանակ անհասկանալի կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչներ իրենց
ճղեն, որ այդպես չէ):
Բայց ավելի լավ է, խոսենք ուրախ թեմաներից: Զորօրինակ, արդեն քանի տարի է՝
Մայիսի 1-ին մեր ամենապրոլետար օլիգարխը եւ ամենաօլիգարխիկ պրոլետարը՝
Հրանտ Վարդանյանը, «Համալիրում» շնորհավորում է հանրապետության
աշխատավորների միջազգային տոնը: Այդքանով այս տոնը, որն ընդամենը մի քանի
տարի առաջ «ամենակարեւոր» տոներից մեկն էր, ավարտվում էր: Սակայն այս
տարին սովորական տարի չէ, այս տարին տեղական ինքնակառավարման մարմինների
ընտրությունների տարի է: Եվ թաղապետերն ու մանր-մունր քաղաքապետերը, իրար
հերթ չտալով, շնորհավորում են աշխատավորների ու վետերանների տոնը: Դա դեռ
չի նշանակում, թե մեզ մոտ սկսում են լավ նշել այդ օրերը, ուղղակի ներքին
օղակների պատասխանատու պաշտոնյաները գովազդային նպատակներով այս անգամ
օգտագործում են այդ խեղճ մարդկանց, ովքեր իրոք օգնության եւ աջակցության
կարիք ունեն:
Իսկ Ապրիլի 1-ը դարձել է տարատեսակ անիմաստ եւ ռաբիս հումորիստների
«գռդոնի» օր: Ով առաջինը կասի, որ այդպես չէ, միեւնույն է, քար չի կարող
շպրտել ինձ վրա, որովհետեւ քարի մեջ «արյուն» կա:
Սակայն, եթե մենք այն ազգն ենք, որ 88-ի երկրաշարժից հետո գյումրեցին
կատակում էր, եթե բոլշեւիկյան 70-ամյա իշխանության դաժան տարիներին մենք
Զատիկ եւ Սուրբ Ծնունդ էինք նշում, եթե 90-ականների սկզբին մենք Ամանորը
նշում էինք նույնքան ճոխ, ինչպես միշտ, ես համոզված եմ, որ մենք
կարողանալու ենք ճիշտ նշել մեր բոլոր տոները: