Կոշտ գնահատականներ

01/06/2008

Երեկ ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է ազատության եւ ժողովրդավարության խորացման մասին 2008թ. տարեկան զեկույցը, որում բավական կոշտ գնահատականներ են տրված ՀՀ-ում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ: Մասնավորապես ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին եւ դրանից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ՝ մարտի 1-ի իրադարձություններին: «Մարտի 1-ին կառավարությունն արտակարգ դրություն մտցրեց եւ ուժ կիրառեց` ցրելու համար ցուցարարների մեծ զանգվածը, սահմանափակելով մամուլի ազատությունն ու հավաքներ անցկացնելու իրավունքը, ձերբակալելով բազմաթիվ ցուցարարների: Ցուցարարների եւ իրավապահների միջեւ բախումների արդյունքում զոհվեց առնվազն 10 մարդ: Արտակարգ դրությունը վերացվեց մարտի 20-ին, սակայն քաղաքացիական ազատությունների սահմանափակումները մնում են ուժի մեջ` շնորհիվ հավաքների մասին նոր խիստ օրենքի, ընդդիմադիր մամուլի նկատմամբ ճնշումների եւ կառավարության ընդդիմախոսների շարունակվող ձերբակալությունների եւ ահաբեկումների»,- ասված է զեկույցում:

Ի դեպ, երեկ հրապարակվել է նաեւ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցը, որտեղ արձանագրված է, որ 2007թ. ՀՀ-ում սահմանափակված է եղել հավաքների եւ խոսքի ազատությունը: «Ստացվել են հավաստի տեղեկություններ ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը սահմանափակելու մասին: Ընդդիմադիր կուսակցությունները հաղորդել են մայիսին անցկացված ԱԺ ընտրությունների ժամանակ օրինական ցույցերը խոչընդոտելու նպատակով վարչական բյուրոկրատիայի կողմից չարաշահումների մասին: Մայիսին եւ հոկտեմբերին Ոստիկանությունն ուժ է կիրառել ընդդիմադիր կուսակցությունների խաղաղ ցույցերը ցրելու համար»,- ասված է զեկույցում: