«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հրապարակված 2007 թվականի զեկույցում փաստելով, որ նախորդ տարի Հայաստանում սահմանափակվել է խոսքի եւ հավաքների ազատությունը` ներկայացրել է կոնկրետ փաստեր: «2007 թ. հոկտեմբերին թերթերի խմբագիրներ Նիկոլ Փաշինյանը եւ Շողեր Մաթեւոսյանը ձերբակալվեցին նախկին նախագահ, ընդդիմադիր Lեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների երթին մասնակցելուց հետո: Դեկտեմբերի 13-ին «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրատան մոտ պայթյուն եղավ: Նույն ամսին Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության դեմ հետապնդումներ սկսվեցին իշխանությունների կողմից, երբ այդ հեռուստաընկերությունը հեռարձակեց Տեր-Պետրոսյանի ելույթները` չնայած դա չանելու զգուշացումներին»,- նշված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում: «Amnesty International»-ը հիշատակել է նաեւ «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի նկատմամբ դատական հետապնդումները` նշելով, որ դրանք սկսվել են, երբ Շամշյանը հաղորդել է Նուբարաշենի համայնքապետի շրջապատի կողմից հարձակման ենթարկվելու մասին: Իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է նաեւ 2007թ. մայիսին Ոստիկանության շենքում Lեւոն Գուլյանի մահվան դեպքին եւ արձանագրել, որ տուժածի հարազատները չեն ընդունում իշխանությունների վարկածը, ըստ որի` նա մահացել է պատուհանից փախչելու փորձ կատարելիս: Կրոնի եւ համոզմունքների ազատության մասով «Amnesty International»-ը, մասնավորապես, փաստում է. «Եհովայի վկաների» նկատմամբ ֆիզիկական հարձակումները չեն հետաքննվում, իսկ իրենց համոզմունքների համար զինծառայությունից հրաժարվողները շարունակում են բանտարկվել, քանի որ իշխանությունները չեն մտցնում իրական քաղաքացիական այլընտրանք զինծառայությանը»: