Նոր փոփոխություններ ԵԽ ԽՎ-ի համար

01/06/2008

Կոալիցիայի անդամ 4 կուսակցությունները շրջանառության մեջ են դրել ԱԺ կանոնակարգ-օրենքում նոր փոփոխությունների նախագիծ, որն ուղղված է խորհրդարանական ընդդիմության դերակատարության մեծացմանը:

Ըստ օրինագծի, մասնավորապես կառավարության հետ հարց ու պատասխանի օրերին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ստանում են կառավարությանը հարցերով դիմելու առաջնահերթության իրավունք, մեկ այլ կետով ընդդիմադիր խմբակցությանը հնարավորություն է տրվում հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ քառօրյայի ժամանակ քննարկման դնել իր կողմից արտահերթ համարվող մեկ հարց: Նախագծում պարզաբանված է նաեւ «ընդդիմություն» հասկացությունը: «Խմբակցությունը համարվում է ընդդիմադիր, եթե մինչեւ նորակազմ կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալը խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը հանդես է գալիս ընդդիմադիր լինելու մասին հայտարարությամբ, եւ նորակազմ կառավարության կազմում նրա կուսակցության անդամն ընդգրկված չի լինում: Եթե Կառավարության կազմում ընդգրկվում է ընդդիմադիր խմբակցությունը ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցության անդամ, ապա խմբակցությունը դադարում է համարվել ընդդիմադիր»: Այս օրինագծին դեմ արտահայտվողները գտնում են, որ նշված փոփոխություններով հնարավոր է ընդդիմությանը նույն այս օրինագծով տրվող իրավունքներից հեշտությամբ զրկել: Օրինակ, եթե ԱԺ-ում ներկայացված լինի որեւէ ընդդիմադիր դաշինք, ապա դաշինքի անդամ որեւէ կուսակցության որեւէ անդամի անգամ ոչ նշանակալի պաշտոն տալով, իշխանությունները կարող են ընդդիմությանը զրկել այդպիսին կոչվելու հնարավորությունից եւ համապատասխան արտոնություններից: Իսկ ընդդիմությունն այս օրինագծով ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների կամ տեղակալների պաշտոններում ընտրվելու հնարավորություն է ստանում: Այսինքն` վերը նշված տարբերակով, կարելի է սկզբում ընդդիմությանը թողնել, որ ներկայացուցիչներ ունենա ԱԺ հանձնաժողովների ղեկավարության կազմում, հետո՝ նրա ներկայացուցիչներից մեկին գործադիրում պաշտոն տալ եւ «ետ վերցնել», ասենք, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի` շատ ավելի ազդեցիկ պաշտոնը: Այս օրինագծով նախատեսված մյուս կարեւոր փոփոխությունը վերաբերում է արտահերթ հարց առաջարկելու եւ քննարկում կազմակերպելու իրավունքին: Սակայն այս հարցում եւս երկակի մեկնաբանությունների հնարավորություն կա. օրինագիծը սահմանում է այն հարցերի շրջանակը, որոնք արտահերթ քննարկման ենթակա չեն. «Ընդդիմադիր խմբակցությունն արտահերթ չի կարող համարել Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու եւ հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերը»,- նշված է ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում: Ի դեպ, եթե օրենքն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու հրապարակման հաջորդ օրվանից հետո 10-օրյա ժամկետում, ապա վերջին դրույթը՝ արտահերթ հարցի քննարկում առաջարկելու եւ կազմակերպելու վերաբերյալ, ուժի մեջ կմտնի միայն հաջորդ գումարման խորհրդարանի ընտրություններից հետո: Բացի նշված փոփոխություններից, այս օրինագծով ԱԺ մշտական հանձնաժողովի եզրակացությանը դեմ քվեարկած հանձնաժողովի որոշակի թվով անդամներ իրենց կարծիքը հարակից զեկուցմամբ ԱԺ-ում ներկայացնելու հնարավորություն են ստանում: Իսկ կառավարությանը հարցերով դիմելիս ընդդիմադիր պատգամավորները ստանում են առաջնահերթության իրավունք: Օրինագիծը շրջանառության մեջ դրվել է, սակայն ԱԺ նստաշրջանի օրակարգում դեռ չի ներառվել: Նախագծի տակ ստորագրել են ՀՀԿ-ից՝ Դավիթ Հարությունյանը, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ-ից` Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը: «Այնտեղ արդեն ավելի երաշխավորված, հստակ մեխանիզմներ են սահմանվում խորհրդարանական ընդդիմության առավել արդյունավետ գործունեության համար, մասնավորապես` որ խորհրդարանական ընդդիմությունն ունենալու է կառավարության հետ հարց ու պատասխանի, հայտարարությունների ժամանակ, այսպես ասած, առաջնություն, նաեւ մշտական հանձնաժողովների ղեկավար կազմի ձեւավորման նոր մեխանիզմ է առաջադրում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ըստ որի՝ այս նախագիծը կօգնի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1609 բանաձեւի պահանջների կատարմանը: «Բնականաբար, այդ ամենն արվում է թե՛ ԵԽ ԽՎ բանաձեւին ընդառաջ, թե՛ մինչ այդ բանաձեւն արդեն կոալիցիոն հուշագրում արձանագրված համաձայնությունների շրջանակում, այն է` խորհրդարանական ընդդիմության համար ստեղծել գործունեության առավել երաշխավորված մեխանիզմներ»,- նշել է Ն. Զոհրաբյանը: