ԵԽ մամուլի ծառայության փոխանցմամբ` ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը մայիսի 26-27-ը Կիեւում կայացած նիստում ողջունել է Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը` ԵԽ ԽՎ 1609 բանաձեւի պահանջները կատարելու ուղղությամբ: Սակայն միաժամանակ ընդգծել է նաեւ, որ այդ քայլերը դեռեւս բավարար չեն` բանաձեւում նշված պահանջների կատարումն ապահովելու համար: Մասնավորապես ԵԽ ԽՎ-ն հույս է հայտնել, որ առաջին ընթերցմամբ ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը մինչեւ ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանը կընդունվի նաեւ երկրորդ ընթերցմամբ: «Հանձնաժողովը ողջունում է ընդդիմության կարգավիճակի եւ իրավունքների ընդլայնմանն ուղղված քայլերի ձեռնարկումը»,- ասված է ԵԽ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հանձնաժողովը նաեւ մտահոգություն է հայտնել, որ առաջընթաց չկա մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննության առումով: Այդ նպատակով ստեղծվելիք խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ֆորմատը, ըստ հանձնաժողովի` չի երաշխավորի անհրաժեշտ անկախություն եւ արժանահավատություն, եթե ապահովված չլինի արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային փորձագետների մասնակցությունը: Ի դեպ, ըստ հաղորդագրության` եթե հունիսի 16-17-ին Հայաստան կատարելիք այցի ընթացքում համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն անբավարար համարեն կատարված քայլերը, ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանում կարող է անցկացվել հարցի հրատապ քննարկում: