Էլի անբավարար

01/06/2008

«Մարդու իրավունքների ապահովման բնագավառում Հայաստանի կառավարության գործունեությունը մնում է անբավարար»,- նման գնահատական է պարունակվում ԱՄՆ Պետքարտուղարության` ազատության եւ ժողովրդավարության խորացման մասին 2008թ. զեկույցում, որը հրապարակվել է երեկ: «2008թ. փետրվարին անցկացված նախագահական ընտրությունները էականորեն խախտված էին»,- ընդգծել է ԱՄՆ Պետքարտուղարությունը` մատնանշելով, մասնավորապես, կառավարության թեկնածուի շահեկան դիրքը, քվեատուփերի լցոնման, ընտրակաշառքի, բազմակի քվեարկության, ընտրողների ահաբեկման, ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր անդամների եւ ընդդիմության վստահված անձանց դեմ բռնությունների դեպքերը եւ ընտրողների կասկածելիորեն բարձր ակտիվությունը: «Մարտի 1-ին կառավարությունն արտակարգ դրություն մտցրեց եւ ուժ կիրառեց` ցրելու համար ցուցարարների մեծ զանգվածը, սահմանափակելով մամուլի ազատությունն ու հավաքներ անցկացնելու իրավունքը, ձերբակալելով բազմաթիվ ցուցարարների: Ցուցարարների եւ իրավապահների միջեւ բախումների արդյունքում զոհվեց առնվազն 10 մարդ: Արտակարգ դրությունը վերացվեց մարտի 20-ին, սակայն քաղաքացիական ազատությունների սահմանափակումները մնում են ուժի մեջ` շնորհիվ հավաքների մասին նոր խիստ օրենքի, ընդդիմադիր մամուլի նկատմամբ ճնշումների եւ կառավարության ընդդիմախոսների շարունակվող ձերբակալությունների եւ ահաբեկումների»,- ասված է Պետքարտուղարության զեկույցում: «Քաղաքացիներն ի վիճակի չեն ազատորեն փոխել իրենց կառավարությունը, ծեծի են ենթարկվում նախնական կալանքի տակ գտնվողները, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Ոստիկանությունը գործում են անպատժելիորեն, իշխանությունները կամայական ձերբակալություններ եւ կալանավորումներ են իրականացնում, դատարանները մնում են գործադիր ճյուղի քաղաքական ճնշումների ազդեցության տակ, ազատազրկման վայրերում անառողջ պայմաններ են, թեեւ դրանք դանդաղորեն բարելավվում են, իշխանությունները սահմանափակումներ են մտցրել քաղաքացիների մասնավոր կյանքում, մամուլի եւ հավաքների ազատության նկատմամբ: Լրագրողները շարունակում են ինքնագրաքննություն կատարել, կառավարությունը եւ օրենքները սահմանափակում են կրոնի ազատությունը»,- ասված է զեկույցում: Անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման հետ կապված վերջին իրադարձություններին, Պետքարտուղարությունն արձանագրել է. «Ուժեղ, համախմբված ջանքերով, ԱՄՆ-ը եւ ոչ կառավարական կազմակերպություններն իրենց դերն ունեցան ««Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը եթերում պահելու գործում»: