Իրավունքն՝ անսահման, պատասխանատվությունը՝ զրո

01/06/2008 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Մարդկային գրված եւ չգրված օրենքներով, յուրաքանչյուր անձ, անկախ ռասայական, ազգային եւ կրոնական պատկանելությունից, սոցիալական կարգավիճակից, սեռից եւ տարիքից՝ ունի իրավունքներ եւ պարտականություններ:

Պարզապես, կախված իրենց զբաղեցրած դիրքից (հասարակության եւ պետության մեջ, ընտանիքում, աշխատանքում եւ այլուր), այդ իրավունքների եւ պարտականությունների շրջանակը լինում է տարբեր: Քաղաքակիրթ աշխարհում, սովորաբար, անձի իրավունքն ու պարտականությունն ուղիղ համեմատական են լինում: Այսինքն` ինչքան մեծ են իրավունքները, այնքան մեծ է պատասխանատվությունը: Վերջին 20 տարիների Հայաստանում այս հարաբերակցությունը հակադարձ համեմատական է: Մեծ իրավասություններով օժտված ՀՀ քաղաքացիների պարտականությունների չափը գրեթե ձգտում է զրոյի: Ինչպես ժողովուրդն է ասում` «Մեջ ուտել, ղրաղ ման գալը» դարձել է ազգային հատկանիշ:

Մարտի 1-ից հետո անցել է գրեթե երեք ամիս, սակայն ՀՀ քաղաքացիները դեռ չունեն պատասխան. «Իսկ ո՞վ էր մեղավոր այդ դեպքերի համար: Ավելի ճիշտ՝ ո՞վ է պատասխանատու»: Այս թեման հիշեցի ոչ այն պատճառով, որ կա 10 զոհ, 100-ից ավելի կալանավորված անձինք (որոնց մեծ մասը՝ քաղաքական դրդապատճառներով) եւ ոչ մեկը, ով պատասխանատվություն է կրում այդ դեպքերի համար: Թեեւ դա էլ քիչ չէ խնդիրը բարձրացնելու համար: Պարզապես Հայաստանում, կարծես, «խասյաթ» է դարձել լինել իրավունքի տերը, բայց ոչ մի դեպքում ոչ մի բանի համար պատասխանատվություն չկրել: Մի քանի օր առաջ Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակի տոնակատարության միջոցառման փորձերի ժամանակ մահացավ 14 տարեկան պարուհի Լուսինե Մարկոսյանը: Ո՞վ է պատասխան տալու այդ անմեղ երեխայի մահվան համար: Թե՞ կրկին անգամ մեղքը գցելու են բնության` քամու վրա: Բայց չէ՞ որ քամին շուռ է տվել այն բեմը, որի տեղադրման համար մարդիկ են պատասխանատու: Կամ ո՞վ է պատասխան տալու «Վերջին զանգի» օրը կատարված ավտովթարների համար:

Այն պահից ի վեր, երբ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Մաքսային պետական կոմիտե, բոլորը միաբերան նշում են, որ արդեն մեկ ամիս է, ինչ Մաքսայինում կաշառակերությունը վերացել է: Այսինքն` բոլորը, այդ թվում եւ՝ շատ բարձրաստիճան այրեր ընդունում են այն փաստը, որ մինչեւ այդ այցը Մաքսային կոմիտեի աշխատակիցները, մեղմ ասած, կաշառք են վերցրել: Այդ դեպքում ցույց տվեք գոնե մեկ մարդու, ով պատասխանատու է վերոնշյալ հանցագործության համար: Ո՞վ է պատասխան տալու «պաչկաներով» անգրագետ շրջանավարտներ կամ, որն ավելի վատ է, բանից անտեղյակ մասնագետներ «արտադրելու համար»: Ո՞վ է պատասխանատվություն կրում կամ կրելու հեռուստաեթերի «բռակի» հետեւանքով ազգը դեգրադացիայի ենթարկելու համար: Եվ այս համընդհանուր անպատասխանատվության մթնոլորտի միակ պատասխանատուն մեր քաղաքական ուժերն են, որոնք իրականում մեր ազգի ամենաանպատասխանատու ներկայացուցիչներն են: Երեկ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ կառավարությունում ներկայացված ՀՅԴ երեք անդամները` Լեւոն Մկրտչյանը, Աղվան Վարդանյանը եւ Դավիթ Լոքյանը, դուրս են գալիս կառավարության կազմից: Հավատացեք, նախարարը «լամպոչկա» չէ, որ վառվելու դեպքում՝ փոխես: Թերեւս այս փոփոխությունն ունի երկու նպատակ` ներքին եւ արտաքին: Ներքինն այն է, որ ՀՅԴ բազմաթիվ անդամներ դժգոհություն են հայտնում այն հանգամանքից, որ արդեն երկար ժամանակ է՝ կառավարությունում ՀՅԴ-ն ներկայացված է հենց այս երեք նախարարների տեսքով: Եվ` «Ինչո՞ւ մենք ուտելու ձեւերը չգիտենք» հարցն արդեն վաղուց էր թեւածում ՀՅԴ «էլիտայի» շարքերում: Իսկ արտաքին նպատակն ավելի խորքային է: Կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն որոշել է հերթական «պադստավկան» անել նոր կառավարությանը, նախապես նշելով, որ Վահան Հովհաննիսյանը նախագահական ընտրություններին ավելի շատ ձայն էր հավաքել: Թեեւ զարմանալ առանձնապես չարժե, քանզի ՀՅԴ ողջ պատմությունն անպատասխանատու քայլերի շարան է: Իսկ այն, որ դաշնակցականները միշտ էլ պատասխանատու են եղել միայն զենքի վրա երդվածների, այլ ոչ թե ազգի կամ պետության առջեւ, երեկ հաստատեց Հրանտ Մարգարյանը` նշելով, որ «Բյուրոյի անդամ լինելն ավելի պատվաբեր է, քան նախարար աշխատելը»: Հայ Հեղափոխական Դաշնակցությունից հետ չի մնում ոչ հայ եւ ոչ էլ հեղափոխական «Օրինաց երկիրը», որը, բառիս բուն իմաստով` կրակն է գցել Մհեր Շահգելդյանին` նրան նշանակելով «պաժառի մինիստր»: Դե, իսկ «հավայի կնոպկա սեղմող» նախարարի պարագայում` ի՞նչ պատասխանատվության զգացումի մասին կարող է խոսք լինել: Իսկ որտե՞ղ են ԱԽՔ-ի համար երկար ժամանակ «ռեյտինգային» թեմա հանդիսացող ավանդները: Ինչպես կասեին հումորի սիրահարները. իսկ «ավանդները մնացին փշալարից կախված»:

Այնպես որ` քանի դեռ մեր իշխանավորներն ունեն իրավունք եւ միա՛յն իրավունք, փշալարերից կախված կմնան ոչ միայն ավանդները: Դա վերաբերում է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի (եւ ոչ միայն նրա) անսահման իրավունքներին եւ «պլինտուսի մակարդակի» պատասխանատվությանը: