Հուշամեդալ` Կոքսին

01/06/2008

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Կոքսին, որը հերթական այցով գտնվում է Ստեփանակերտում: ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ` Ք. Կոքսը, շնորհավորելով ԱԺ նոր շենքի կապակցությամբ, նկատել է. «Արցախը կարծես սնկերի դաշտ լինի. յուրաքանչյուր նոր այցով նորանոր շենքեր են կառուցվում»: Աշոտ Ղուլյանը, բարձր գնահատելով բարոնուհու դերն Արցախի համար ամենածանր օրերին, բազմամյա, մարդասիրական, բեղմնավոր ու անձնվեր գործունեության համար Քերոլայն Կոքսին է հանձնել ղարաբաղյան շարժման 20-ամյակին նվիրված հուշամեդալ: «Ես անչափ կարեւորում եմ այս մեդալը եւ սրտիս մոտ կփայփայեմ այն»,- ասել է բարոնուհին: Ի դեպ, այս անգամ բարոնուհի Ք. Կոքսն Արցախ է ժամանել ընտանիքի անդամների հետ: Նրա թոռները հավաստիացրել են, որ Արցախի հետ կապը չի խզվի, եւ իրենք էլ ծրագրեր ունեն այդ կապն ավելի ամրապնդելու համար: