ՀՅ Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովը վերահաստատում է, որ կուսակցությունը հավատարիմ է ազգային գաղափարախոսությանը, հեղափոխական ավանդներին, ընկերվարական համոզումներին եւ իր ծրագրային նպատակներին:
ՀՅԴ գործունեության առանցքը հայ ազգի լինելիության ապահովումն է, որի բաղկացուցիչներն են` հայ անկախ պետականությունը` իր անվտանգության, քաղաքական, ընկերային-տնտեսական, հոգեւոր-մշակութային ստորոգելիներով, եւ բովանդակ հայության կարողականությունը:
Մեկնելով վերոնշյալից` ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը գտնում է, որ`
– Հայաստանի Հանրապետությունը դիմագրավում է կայացման եւ ժողովրդավարացման դժվարին փուլ:
– Արցախի հիմնահարցը սպասում է արդարացի լուծման, որին անհրաժեշտ է հասնել բանակցությունների միջոցով, նաեւ` Ադրբեջանի ծրագրերի չեզոքացման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը արագացնելու ճանապարհով:
– Վրաստանի կազմում Ջավախքը զուրկ է ինքնակառավարման հնարավորությունից:
– Արեւմտահայաստանում, Թուրքիայի այլ տարածքներում Ցեղասպանությունից փրկված հայության բեկորները շարունակում են մնալ իրավունքներից զրկված:
– Սփյուռքը Հայաստանից վերջին տարիներին տեղի ունեցած արտագաղթի հետեւանքով նոր մարտահրավերներ է դիմագրավում:
Հայության ներկա կացության այս գնահատման հիման վրա ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը կուսակցության գործունեության նորագույն հանգրվանը սահմանում է հետեւյալ տրամաբանությամբ:
Վերջին խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին ներկայանալով իր ցանկով եւ սեփական թեկնածուով` ՀՅ Դաշնակցությունը հաստատագրել է, որ անկախ, ինքնուրույն, միայն սեփական որոշումներով առաջնորդվող կուսակցություն է:
Հատկապես նախագահական ընտրություններից հետո ՀՅ Դաշնակցությունը բնական կերպով կարող էր որդեգրել խորհրդարանական առողջ ընդդիմության կեցվածք: Սակայն հետընտրական շրջանի իրադարձությունների հետեւանքով անկախ պետականությանը սպառնացող ներքին ու արտաքին վտանգները կուսակցությանը դրեցին երկրի կայունությունը եւ ինքնիշխանությունը պահպանելու առաջնահերթության եւ պատասխանատվության առջեւ:
Այդ պատասխանատվության գիտակցությամբ ՀՅ Դաշնակցությունն ընդառաջեց կոալիցիայի հրավերին` գտնելով, որ ստորագրված համաձայնագրի քաղաքական առաջնահերթությունների իրագործումը երկիրը զարգացման որակական նոր աստիճանի բարձրացնելու հնարավորություն է ստեղծում:
Առ այդ` ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը հայտարարում է, որ կուսակցությունը` Երկրի եւ Սփյուռքի իր շարքերով, հետեւելու եւ վերահսկելու է քաղաքական կոալիցիայի համաձայնագրի սկզբունքային դրույթների բծախնդիր գործադրությունը: Կոալիցիայի կողմից այդ դրույթների հանձնառությունից հրաժարվելու կամ քաղաքական կամք չդրսեւորելու դեպքում ՀՅ Դաշնակցությունը իր ազգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական առաջադրանքները կարող է հետապնդել նաեւ կոալիցիայից դուրս` առանց վտանգելու երկրի անվտանգությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարության, գաղափարական ու քաղաքական իր սկզբունքներին:
ՀՅԴ-ն գտնում է, որ քաղաքական կոալիցիան գործնական քայլերով առողջ ընդդիմության ձեւավորման դաշտ պետք է երաշխավորի, որպեսզի որեւէ իշխանությունից դժգոհ հասարակությունն իր պահանջները օրինական միջոցներով արտահայտելու հնարավորություն ունենա:
ՀՅ Դաշնակցության 30-րդ Ընդհանուր ժողովը նաեւ վերահաստատում է Սփյուռքի ռազմավարական կարեւորությունը Հայաստանի Հանրապետության, հայության անվտանգության ու զարգացման համար եւ հայտարարում, որ կուսակցությունը մնում է հանձնառու նրա կազմակերպման, հզորացման, հայրենիքի հետ համարկման հրամայականներին:
Այս հետեւությամբ էլ ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը կոչ է ուղղում սփյուռքահայությանը` ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Հայաստանի քաղաքացիություն ընդունելով` սփյուռքահայությունը կամրապնդի իր ազգային ինքնությունը, կշեշտի հանձնառությունը` հատկապես հայրենիքի զարգացմանը բերելիք ներդրումի առումով:
Հայրենիքի զարգացման գործում այս ներգրավմամբ կխրախուսվի հայրենադարձությունը եւ հայրենիքից արտագաղթը նվազեցնելու հիմքեր կստեղծվեն:
Կենսունակ, կազմակերպված, Հայրենիքի հետ մեկ ամբողջություն կազմող Սփյուռքը այսօր, առավել քան երբեք, անհրաժեշտ է` դիմագրավելու Թուրքիայի նախաձեռնությամբ, Ադրբեջանի ակտիվ մասնակցությամբ ընթացող հակահայ արշավի նոր հանգրվանը:
Կարեւոր է հատկապես վերջին տարիներին առաջընթաց արձանագրած` Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման, արդար հատուցման պայքարի շարունակումը` որպես ուրացման թուրքական պետական քաղաքականության փորձերի չեզոքացման երաշխիք:
ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը հաստատում է կուսակցության վճռական կամքը` անմնացորդ նվիրումով ծառայելու հայ անկախ պետականության հզորացմանը, հայության կազմակերպ միասնականության ապահովմանը, որի նպատակն է տարածաշրջանում` ազդեցիկ պետության, աշխարհում` հայության հաշվառելի գործոնի վերածվելը:
Ծաղկաձոր, 26 մայիսի 2008